Գիլանցի գրատարածք

«Աբսոլյուտ»

Advertisements

«ԱԲՍՈԼՅՈւՏ»

Նազելի մորաքրոջ հոգեհացը մի տեսակ խնջույքի, հպարտության ցույցի վերածվեց։ Այդպիսի նամուսի, սրբակենցաղ վարքի տեր կնոջ հիշատակը պիտի հարգվեր միայն լավագույն՝ «Աբսոլյուտ» օղիով և միայն՝ հոտընկայս, խորին ակնածանքով, քանի որ հոգեհացի սեղանի մոտ հայտնված եզակիները՝ նրա հարազատ-բարեկամները, հարևաններն ու մտերիմ հաստափոր-հաստավիզ ծանոթները, դեռ շատ «հացուպանիր» պիտի ուտեին նրան հասնելու համար։ Հիմա նրանք հարմար առիթով  հարմար տեղում էին և ջանք ու եռանդ չէին խնայում… Բայց Նազելու կերած «հացուպանրից» չէր, որ ճաշակում էին, այդպիսի «հացուպանիր» մարսելու համար հարկավոր էր Նազելի լինել, որին ջահել ժամանակ սիրահարվում էին գրեթե բոլորը, այդ թվում՝ եղբայրների ընկերները, որոնցից մի քանիսը նույն եղբայրներից ծեծ կերան («….արա, դու մեր տուն մաքուր մտքով չես մտել…»), ու նրանք Նազելուց հույսներն իսպառ կտրած՝ ուրիշ կողակիցներ գտան։ Ձեռի հետ Նազելին էլ էր ծեծ ուտում, քանի որ ըստ եղբայրների՝ «տոն էր տվել»…
Նազելուն մնում էր սպասել երջանիկ այն պահին, երբ լիովին օտար մեկը կսիրահարվեր իրեն, բայց դա գրեթե բացառված էր, քանի որ տանից դուրս էր գալիս այնպիսի փեշավոր և շալվարավոր «կանվոյի» ուղեկցությամբ, որ Նազելուն ուղղված ցանկացած հայացք մինչև հասցեատիրոջը հասնելը մի քանի անգամ «սկան» էր արվում ու «ֆիլտրվում» էր։ Մի քանի այդպիսի հայացքների տերերի հետ Նազելին էլ սրբակենցաղության իր բաժին դասերն առավ թե՛ մորից ու մորքուր-հորքուրներից, թե՛ եղբայրներից…
Սիրահարվող ու սիրածների հետ առանց հարազատների համաձայնության փախչող հարևան «պոռնիկ-դուսընկածների» արգահատելի վարքը անընդհատ հարևան–բարեկամի քննարկման նյութն էր, ու որպես կանոն վերջանում էր մեծ եղբոր մի եզրակացությամբ. «Քառասուն օր ա, ախպեր, կչլեն՝ հետ կբերեն»։ Ու միշտ մի տեսակ ախորժակով ու սպասումով էր ասում…
Հետո…
Հետո սեփական զավակների տեղ նամուսը բարուրած Նազելի մորաքույրը իմանում էր, որ մինչ ինքը եղբորորդիների գոզահոտ շորուփալասն էր լվանում, մինչ նրանց դասերն էր սովորեցնում ու բանակից եկած նրանց նամակներին էր պատասխանում, հարևան «պոռնիկ-դուսընկած» աղջիկներն արդեն թոռնատեր են դառել, ու սպասում էր, թե երբ է էդ «քառասուն օրն» անցնելու, ու գալու այն օրերը, որոնց այդքան ախորժակով սպասում էր մեծ եղբայրը, որին քաղաքից երեք ամսով փախցնելով՝ հազիվ պրծացրին, քանի որ կապվել էր ընկերոջ կնոջ հետ։ Բայց եղբայրը հո մեղք չուներ, նա թասիբ նամուս հասկացող մարդ էր, ինքը չլիներ՝ ընկերոջ կինը մեկ ուրիշի էր գտնելու՝ «պոռնիկը՝ պոռնիկ ա, քառասուն օր ա…»։
Նամուս-թասիբի հարցերում մեծ եղբորից պակաս նախանձախնդիր չէր նաև կրտսեր եղբայրը, որ ուտող-խմող-գիտնական մարդ էր՝ դասախոս։ Նրան նախանձողները շատ-շատ էին, «կոլեգաները» ինստիտուտում չէին սիրում, չէին շփվում, միայն՝ բարև-բարլուս։ Դրա համար էլ սկսեցին զրպարտել, թե ուսանողուհիներին բան-ման է առաջարկում՝ քննություն դնելու դիմաց։ Կասկածներն ի վերջո փարատվեցին։  Ընտանեկան կռիվներից մեկի ժամանակ զարմուհին դա բացեիբաց ասաց։ Դա այն օրն էր, երբ պատիվ-նամուսի հողի վրա տունը կռիվ ընկավ. ամուսնանալու երկրորդ օրը զարմուհուն հետ ուղարկեցին հորանց. էլի նամուսի գծով… Էստեղ էր, որ ամեն ինչ պարզվեց. զարմուհին ինքն էլ նման կերպ քննություններ էր ստացել հորեղբոր «կոլեգաներից»։ Դե արի ու հավատա։ Չէ, հավատալու բան չէր, հորեղբորը ջգրելու համար էր ասված… Բայց հորեղբայրը խեղճացավ, ասաց՝ «նամուսովները չէին համաձայնվում… ընդամենը մի երկուսն են եղել…»… Չէ՛, էդ ամոթը տանից հանելու չէր, էդ խոսակցությունների թարգը տալ էր պետք, թե չէ տան պատերից դուրս կգար. նամուսի հարց կար, հասարակություն կար… Դեռ լավ է, որ էդ երեք օրվա խնամիների հետ պայամանվորվել էին ոչ թե հարսանիք անել (անելիս պիտի նամուսով արվեր, ճոխ՝ լիմուզինով, եկեղեցով, լավագույն ռեստորանում, որ ամբողջ կյանքում հիշեն…), այլ ջահելներին ճամփորդության ուղարկել։
Հետ բերելուց մի քանի շաբաթ անց լուրեր տարածեցին, թե զարմուհին մեկնում է արտասահման՝ Հայտնի Համալսարանում ուսանելու… Որոշ ժամանակ անց մեծ եղբայրն ասաց, որ ժամանկն է, ու լուրեր տարածեցին, թե այնտեղ նրան սիրահարվել է շատ հարուստ մի արտասահմանցի։ Ամուսնացել է։
Չէ՛, իսկապես, մեծ ծախսերի ու ջանքերի գնով ուղարկել էին։ Աշխատում է, ինչ-որ տեղ բան-ման է լվանում… Իսկապես ամուսնացել էր։ Բայց փախստական մի հայաստանցու հետ: Էնտեղ ձեռի հետ բան-ման թռցնելով ապրում է, որպես Հայաստանում հալածված փոքրամասնության կարկառուն ներկայացուցիչ՝ ոչ այն է քաղաքական, ոչ այն է սեռական… Բայց այդ մասին միայն ընտանիքը գիտի… Նամուս կա, թասիբ կա, ի՞նչ կասեն…
Հետո…
Հետո Նազելի մորաքրոջ թաղումը վերածվեց խնջույքի, սրբակենցաղության յուրատեսակ ցույցի։ Ոչ՝ վիշտ, ոչ՝ ափսոսանք… Չկար այն տղամարդը, որի սիրտը պիտի կտոր-կտոր լիներ՝ հիշելով նրա ջերմությունը, չկար այն զավակը, որ հետագա ամբողջ կյանքում պիտի մրմռար՝ երազելով, որ մոր չլինելիք թոռնուհին բնավորությամբ տատին նմանվի… Չկար այն մարմինը, որի մեջ պիտի վերաբնակվեին Նազելու պարկեշտությունն ու սերը…
Նազելի մորաքրոջ անկրկնելի նամուսը վեջնականապես լքում էր ընտանիքը, քաղաքը, երկիրը, քանի որ ժառանգորդները խեղդվել էին ոչ այն է Նազելու այրակարոտ սավանի ծալքերում, ոչ այն է եղբորորդիների գոզահոտ շորերում… Նազելի մորաքրոջ նամուսը սեղանի վրայի շշերին փակցված թղթերն էին, որոնց վրա գրված էր «Աբսոլյուտ»։ Դատարկվելուց ու սեղանից վերցվելուց հետո դրանք արագ անհետանալու էին, որ հանկարծ կեղծված լինելու գաղտնիքը չբացվի։

Advertisements