Գիլանցի գրատարածք

ՑՈւԼԻ ԵՐԳԸ

Advertisements

Ես իմ ողջ կյանքում միայն բանել եմ,
Տիրոջս կամքը լուռ կատարել եմ,
Ողջ չարքաշ կյանքում — գարշահոտ գոմում ՝
Իմ իսկ կեղտի մեջ ծղոտ եմ ծամում։

Հիմա ասում են ազատ ես, գնա՛,
Գլուխդ պահիր, ո՜նց կուզես մնա…
Ո՞նց թե ազատ եմ, գլուխ չեմ հանում,
Ազատ կյանքն ի՞նչ է, չեմ էլ հասկանում.

Որ ազատ եղա՝ ինձ ո՞վ կլծի,
Որ ազատ եղա՝ ինձ ո՞վ կծեծի…

Չէ՜, իմ ինչին է ազատ ապրելը…
Գերադասում եմ ծղոտ ծամելը,
Գարշահոտ գոմում մի կերպ քնելն
Ու տխուր-տրտում հոգոց հանելը։

Թող որ ինձ կթեն՝ թեկուզ և  ցուլ եմ,
Նույնիսկ կծնեմ՝ թեև  ամուլ եմ,
Լու՛ծ դրեք մեջքիս՝ ես դեռ ամուր եմ…
Մենակ իմանամ, որ դեռ տեր ունեմ…

Չէ՜, չեմ լսելու ազատամիտին,
Կաշիս սովոր է դալար ճիպոտին…
Օրհնված լինեն տիրոջ ձեռքերը
Եվ այդ ձեռքերից ծնված վերքերը։

20.09. 1991 թ.

Advertisements