Գիլանցի գրատարածք

Ընտրություն

Advertisements

Դեռ շատ երիտասարդ  էր, նոր էր ավարտել, բայց նրան արդեն իսկ համարում էին լավագույն մասնագետներից մեկը։ Տեսակով էլ էր տարբեր։ Էստեղ-էնտեղից իմանում էր, որ կոլեգաները «վերցնում են», բայց ինքը դա չէր անի, ինքն էլ չունևոր ընտանիքից էր սերում, գիտեր, ոնց է ռամիկ մարդուն փողը տրվում…
Տեսակի կռիվ էր, իր տեսակին պիտի վտարեին հիվանդանոցից, որ մնացածները հանգիստ շունչ քաշեին, որ վտանգի զգացողություն չունենային, ախր սպիտակ ագռավի պես մենակ ինքն էր, որ «ո՛չ ուտում էր, ո՛չ ուտվում»…
Պարզ չէ, թէ ինչպես իրեն շատ սիրող «կոլեգաները» դասավորեցին, բայց վիրահատության ժամանակ շրջվել ու հանկարծ տեսել էր, որ ոչ «կոլեգաներն» են կողքին, ոչ էլ անհրաժեշտ քանակությամբ վիրաբուժական գործիքներ ու պարագաներ կան։ Վիրահատական սեղանին հիվանդը մահացավ…

Նոր քաղաքում նրան սիրեցին շատ ավելի, քան հարազատ քաղաքում. փոքր քաղաք էր, լուրերն արագ էին տարածվում, համ էլ էդ կարգի վիրաբույժ էստեղ երբեք չէր եղել…
Մի անգամ վիրահատությունից հետո, հիվանդանոցի բակում, իր մեքենան՝ հին «կոպեկը»՝ 01 «Ժիգուլին», լվացած գտավ։ Բաքը բենզինով լիցքն էր։ Հիվանդատերն ասաց. «Այ դոկտոր ջան, այ քյո մատաղ, ախր գոնե մի պուճուր «շնորհակալություն» էլ չես վեր ունըմ, բա մենք էլ մարդ ենք չէ՞, գոնե էսպես»…
Մեքենան երբեք չէր կողպում, բանալիները միշտ մեքենայի վրա էին, «գարաժում» լիքը «խլամ» էր կուտակվել, ողջ քաղաքը ճանաչում էր «դոկտորի» մեքենան… Շուկայում  փող չէին վերցնում, կինը ոչ մուրաբա էր փակում, ոչ կոմպոտ, երբ գար՝ տանը հիվանդատեր հյուրեր ուներ… Առանձնատնով զբաղվելու ժամանակ չէր մնում, բայց ոնց որ թե կինը դժգոհ չէր։ Մի օր էլ տուն եկավ ու զարմացավ. բակում քար էր թափված, չորս շարք բարձրացած պատի վրա՝ իրեն լայն ժպտացող վարպետն էր. «Քեզ իմ թոռի կյանքով եմ պարտական, մի սենյակն ի՞նչ է, որ չպատենք, «դոկտոր» ջան»…
Ամառանոցային քաղաք էր, կռիվներ հաճախ էին պատահում, բայց նրա «էշին չոշ ասողը» շատ խիստ փոշմանում էր…. Նա քաղաքի «դոկտորն» էր, նրա թիկունքին ողջ քաղաքն էր՝ «ճշտի» տղերիքից մինչև ոստիկանապետ…
Իսկ մեքենան… Ավանդույթի նման մի բան էր դարձել. տանում էին լվանում, լիցքավորում, ու բերում կանգնացնում հիվանդանոցի բակում։ Մի անգամ լրիվ անեկդոտանման ստացվեց. մեքենան տեսել էին մի ուրիշ քաղաքում, սովորության նման` բանալիները չհանած… Տարել էին լվացել, լիցքավորել և ուղարկել հարազատ քաղաքի հիվանդանոցի բակ, իսկ իրենք տաքսու մեջ նստած սպասել էին բժշկին, որ սկզբում ռեստորան տանեն ու նոր միայն՝ հարազատ քաղաք…
Ընկերոջս նա է վիրահատել։ Անսահման գորովանքով է հիշում, ասում է. «Միակ բանը, որ վերցրեց՝ այն ժամանակ «դեֆիցիտ» համարվող կինոխցիկն էր. դեպքեր կային, որ հիվանդին վիրահատելուց առաջ և հետո պիտի տեսագրեր… Գիտնական բժիշկ էր»… Ու գորովանքից զատ ցավի ելևէջներ էլ լսեցի…

Հիմա նա ուրիշ՝ շատ թանկարժեք մեքենա է առել, քանի որ հինը՝ «կոպեկը»՝ 01 «Ժիգուլին», երկու անգամ այրել են, մի անգամ պայթեցնելու փորձ արել։ Բավական փող ծախսեց, որ առանձնատան շուրջ քարե բարձր պարիսպ կապի, մետաղյա դարբասներ դրեց, որ տանն ու տնեցիներին վնասելու փորձերը չկրկնվեն։ Մի քանի անգամ ծեծ է կերել, շատ դաժան ծեծ, բայց ալարկոտ, ոչինչ չանող, դժկամ ոստիկաններից բացի՝ թիկունքին ուրիշ կանգնող չեղավ, էն էլ հո իրոք «թիկունքին կանգնել» չէր՝ պարտականություն…
Ինքը լավ գիտեր, թե ոնց է ռամիկին փողը տրվում, մանավանդ գործակարոտ, օլիգարխիկ ճահճում թաղված երկրում, բայց…
Հիվանդատերն աղքատ մարդ էր, «պահանջվող» գումարը չէր կարողացել ժամանակին հավաքել։ Վիրահատության սպասող հիվանդը մահացել էր…

Advertisements