Հարևան երկիր հյուր գնացած ընկերս զանգեց, ասաց, որ շատ կարևոր բան է բերել։ Խոսքն ինչ-որ փաստաթղթի էր վերաբերում, ինչ որ կարևոր դեպքի նկարագրության, որ մեզ հասել է որպես առակ՝ դաժան ու բռնակալ թագավորի համար աղոթող պառավի մասին։ Երբ վերջապես ստացա այս պատումը, երկար ժամանակ չէի ցանկանում աչքերիս հավատալ։ Նորից ու նորից վերընթերցում, համադրում էի փաստերը, դեպքերը, ժամանակաշրջանը… Ամեն ինչ համընկնում էր…
Պատմությունը կցված էր կարճլիկ մի զեկույցի, որը կներկայացնեմ որպես վերջաբան։
Բնօրինակի լեզուն բավական բարդ ու բարբառային էր, ուստի՝ ուղղակի վերաշարադրում եմ առավել մատչելի դարձնելու համար։

Էս պատմությունը ես գիտեմ, քանի որ ջորով ջաղացից տուն գալիս տեսա երկու ընկերներիս, որոնց մեռած էի համարում։ Նրանց պիտի որ թագավորը կախած լիներ։ Ախր ժամանակին ես էլ նրանց խմբից էի, նրանց պես ըմբոստ…
Հետո միտք արեցի, հիշեցի, թե ում երբ են սպանել, ով ինչ էր ասում, ու հետո ինչ սկսեց ասել… Հասկացա, որ ում էլ պատմեմ՝ ինձ խենթի տեղ կդնի… Եկա մեր գրաճանաչ աբեղայի մոտ, ամեն ինչ պատմեցի, որ գրի առնի։ Գրեց պատմությունս, ու քանի որ թագավորի գրագրության հետ գործ ունեցած մարդ էր՝ մի քանի բան էլ ինքը հիշեց, ավելացրեց։ Մութ բաներ կային, որ լուսավորվեցին, ամեն ինչ պարզ եղավ։ Մեկ-մեկու լրացնելով ստացանք էս պատմությունը։
Թուղթը կպահեմ ծոցումս։ Որդիներիս օսյաթ եմ անելու, որ հորից-որդի փոխանցեն էս թուղթը, մինչև ամեն ինչ ջրի երես դուրս գա։

Ու եթե կարդում ես էս թուղթը, ուրեմն իմացիր, որ մեր հարևան երկիրը մեզ գրավեց: Հարևան թագավորը շատ դաժան մարդ էր, մեր ժողովրդի մի մասին քշեց գերության, իսկ մնացածների վրա անտանելի հարկեր դրեց։
Բայց մեր ժողովուրդը խիստ ազատասեր էր, թագավորը չգիտեր՝ ոնց հնազանդեցներ։ Ըմբոստները մե՛կ պարեկախբերի, մե՛կ հարկահանների, մե՛կ էլ իշխանների կամ հենց թագավորի վրա էին հարձակվում… Թագավորը չգիտեր ինչ անի, ըմբոստությունը ոնց վերացնի։ Սովորականից շատ ավելի մեծ պահակազորով էր դուրս գալիս, բայց մահափորձերը չէին դադարում։ Դրանցից մեկին զոհ գնաց թագավորի հայրը, որ մերոնց հանդեպ ավելի մեղմ վերաբերմունք ուներ, քան ինքը՝ թագավորը, չնայած հայրն էլ մի բան չէր…
Արքան կանչել էր խորհրդականներին, որ միտք անեն ու մի հնար գտնեն։ Բազմաթիվ առաջարկներ են եղել (աբեղան հիշեց), բայց առաջարկված բոլոր միջոցները թագավորն արդեն փորձել էր ու դրանք չէին օգնել։ Այդ ժամանակ մի խորհրդական ասել է.
– Թագավորն ապրած կենա, հարկավոր է դրանց ըմբոստության գաղտնիքը գտնել, իսկ այդ գաղտնիքը իրենց հերոսների մասին պատմող լեգենդներն ու պատմություններն են, որոնք նորանոր ըմբոստներ են ծնում։ Հարկավոր է արգելել իրենց լեզվով խոսելը, գրել-կարդալը, հարկավոր է այրել իրենց լեզվով բոլոր մատյանները…
Հաջորդ օրն արքայական հրովարտակ գրվեց, թե՝ փողոցում մեր լեզվով խոսողի լեզուն կտրելու են, մեր լեզվով գրողի ձեռքը կտրելու են, որ երեկոյան մեծ խարույկի մեջ մեր գրքերն այրելու են, ու եթե մեկի տանը մեր լեզվով գիրք գտնեն՝ ընտանիքի անդամներին սպանելու են…
Բայց մեկ է, ոչ մի բան չօգնեց. գրքերը գաղտնի տարածվում էին, տանը շշուկով խոսում էին ու լեգենդներ պատմում հների ու նորերի մասին, իսկ մահափորձերն ավելի հաճախ ու ավելի հնարամիտ էին դառնում։
Թագավորը նորից հավաքեց իր խորհրդականներին.
– Հ՛ը, բա հիմի՞ ինչ անենք…
– Թագավորն ապրած կենա,- ասել էր նույն խորհրդականը,- ես գիտեմ։ Երեկ երեկոյան գիրք պահելու և քո դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով մի երիտասարդ է ձերբակալվել։ Ասում են ըմբոստների գլխավորներից է։ Նրան այսօր դատելու ենք ու պիտի կախաղան հանենք։ Այդ տղայի մայրը շատ հայտնի հեքիմ է, շատ հարգված կին, բայց նա մայր է… Նրա օգնությամբ ամեն ինչ կանենք, նրան բերել տուր…

Պառավին տարել էին արքայի մոտ։ Արքան ասել էր.
– Պառավ, եթե ուզում ես որդուդ փրկել, մնացած ամբողջ կյանքդ պիտի աղոթես, որ ես երկար կյանք ունենամ։
– Չի լինի,- ասել էր պառավը,- քեզ միշտ անիծել եմ ու հիմա էլ անիծում եմ։ Նույնիսկ որդուս փրկելու համար չեմ կարող ինձ ստիպել, որ քեզ համար աղոթեմ, նա ի՛մ տղան է, որ իմացավ քեզ համար աղոթելու գնով եմ իրեն փրկել՝ նախ ինձ կսպանի, հետո՝ իրեն, եթե քեզ չկարողացավ։
– Էդ մասին արդեն մտածել ենք, տղայիդ ընդմիշտ կվտարենք քաղաքից, կեղծ փախուստ կկազմակերպենք։ Ականջին էլ լուր կհասցնենք, որ քեզ ստրկության ենք վաճառել։ Կգնա քեզ փնտրելու։ Ողջ կմնաք, ինքն էլ, դու էլ…
– Չի՛ լինի,- ասաց պառավը,- համ էլ դրանից քեզ ի՞նչ օգուտ, քեզ համար որ աղոթեցի՝ պատիվս գետնով կտամ, իմ ժողովուրդն էլ ինձ չի հավատա։
– Էդ էլ է մտածած,- ասաց թագավորը,- կասես աղոթում եմ, որ հանկարծ չմեռնի, թե չէ սրա հորն անիծեցի՝ մեռավ, բայց որդին հորից վատը դուրս եկավ, սա որ մեռավ՝ սրա տղան էլ ավելի վատն է լինելու… Դրա համար էլ աղոթում եմ, որ չմեռնի։ Համ էլ ձեռի հետ մի երկու ուրախ օր էլ կտեսնենք… Իսկ որպիսզի քեզ հավատան՝ լուրեր ենք տարածել, թե հորս քո անեծքն է սպանել, ոչ թե որդուդ կազմակերպած դավադրությունը։ Ամբողջ քաղաքն արդեն էդ մասին խոսում է, իսկ ով հորս մահվան մասին ճշմարտությունը գիտեր՝ արդեն մեռած է… Եթե դու չհամաձայնվես, ապա քո նմանակին կճարենք, քո փոխարեն ինքը կսկսի աղոթել, իսկ որպիսզի այդ կեղծիքն էլ չբացահայտվի՝ որդուցդ բացի բարեկամներիդ ու հարևաններիդ էլ կսպանենք…

Աբեղայի ասելով էդպես է եղել, ու էնպես են կազմակերպել, որ պառավի առյուծասիրտ, անվախ որդին իր նման ջահել մի ըմբոստի հետ բանտից փախել էր։ Ճանապարհին տղան ասել էր, որ պիտի մորը տեսնի, բայց ընկերն ասել էր, որ տղայի մորը ստրկության են վաճառել, հարկավոր է նրան գտնել, ազատել։ Հետո նոր կգան ու վրեժ կառնեն։
Շրջեցին ամբողջ երկիրը։ Տղան մորը գտնելու հույսը գրեթե կորցրել էր, ոչ ոք ոչինչ չէր լսել… Վրեժի ծարավով լեցուն՝ կամաց-կամաց վերադառնում էին հարազատ քաղաք, իրենց ասլան ընկերներին գտնելու, ատելի թագավորի վերջը տալու։ Նրանք շրջել էին ողջ երկրում, գիտեին, որ թագավորին չեն սիրում ոչ միայն իրենք, այլև մյուս հպատակները։ Վարձկան զինվորները հեռանում էին արքայական բանակից, մի քիչ էլ՝ ու ատելի թագավորի վերջը կտային։ Հարկավոր էր ոտքի ելնել…
Մոտեցել էին հարազատ քաղաքին, բայց քաղաքամերձ անտառներում ըմբոստ տղաների ոչ մի խումբ չէին գտել։ Հետո տեսել էին, որ հեռվից գալիս եմ։

Ջորին բարձած՝ գալիս էի ջրաղացից։ Նրան տեսնելով զարմացա, կարծում էի վաղուց մեռած է։ Հեռվից տեսել էի, որ երկուսով են, բայց որ մոտեցա՝ տեսա մենակ է։ Ընկերն ասել էր՝ «ես իջնեմ աղբյուրը, ջրի»։
– Բարև, եղբայր,- ասաց,- լավ է, որ քաղաքում հանգստություն է տիրում, բայց իսկական հանգստություն կլինի միայն այն ժամանակ, երբ էս հրեշ-արքայի վեջը տանք ու ազատագրվենք, ինչի՞ եք հանգիստ նստել, բա ձեր մեջ նամուս-պատիվ չկա՞… Հիմա թագավորի վերջը տալու համար շատ լավ ժամանակ է, սրա վերջը պիտի տանք, սրա զորքը քշենք ու նոր հանգիստ խղճով կապրենք մեր ազատ քաղաքում…
– Ինձ ինչո՞ւմ ես մեղադրում,- ասացի,- այս թագավորը որ մեռավ՝ սրա որդին է գալու, մեր օրն ավելի է սևանալու… Հազիվ մի երկու խաղաղ օր ենք տեսնում։ Ճիշտ է ծանր է այդքան հարկ տալը, գլուխ խոնարհելն ու վիրավորանքներ կուլ տալը, բայց դե… Հրեն, մերդ օրնիբուն աղոթում է, որ էս արքան երկար կյանք ունենա ու սրա որդին գահին չնստի…
– Մե՞րս,- ապշեց,- բայց ինձ ասացին, որ նրան գերության են վաճառել։
– Գնա, ձեր տուն, քո աչքով տես,- ասացի ու արագ հեռացա։

Աղբյուրից ընկերը ետ էր եկել թագավորի պահակախմբի հետ (էս էլ աբեղան պատմեց)։ Տղային բռնել էին։ Ծածուկ, որ հանկարծ ոչ ոք չտեսնի, տարել էին թագավորի մոտ։
Պառավին էլ էին բերել արքայի մոտ։ Արքան քահ-քահ ծիծաղելով ասել էր.
– Քո «աղոթքի»  պատմությունը առակ է դարձել, քո շնորհիվ, պառավ, քո ժողովրդին ծնկի բերեցի, նրանք այլևս ստրուկ են, քանի որ մտածում են այնպես, ինչպես ես եմ ուզում, մտածում են, որ ամեն դիպքում իրենք իրենց մեջ արքա չունեն, պիտի իմ զարմից լինի… Իսկ ձեր արքան կարող էր հենց քո տղան լինել… Այլևս ոչ դու ես պետք, ոչ քո աղոթքը։
– Անիծյալ լինես,- մռմռացել էր պառավը,- որդիս ազատ է, դեռ կգա։
Թագավորը նշան էր արել ու պառավի շղթայված որդուն ներս էին բերել։
– Միթե կարծում էիր, որ տղայիդ իսկապես կենդանի էինք թողնելու և ինձ զրկելու էի քո աչքի առաջ նրան սպանելու հաճույքից, ինչպես ինքն իմ աչքի առաջ հորս սպանեց— ասաց թագավորը,- այս ամբողջ ընթացքում որդուդ ընկերոջ միջոցով իմացել եմ, թե ո՞ւր է նա, ի՞նչ է անում… Մի քանի ոսկի էի տալիս ընկերոջ ընտանիքին… Հա, ասեմ, որ շատ չտխրես. երեկ գիշեր էդ ընկերոջն ու իր ընտանիքն արդեն մորթել եմ, քանի որ իրենց գործն արել պրծել են, ինձ ավելորդ աչքեր ու ականջներ պետք չեն… Էն ժամանակ, երբ քո ժողովուրդը խիստ ըմբոստ էր, թե՛ քեզ, թե՛ որդուդ սպանելը քո ժողովրդին ավելի կկատաղեցներ, բայց հիմա այդ հարցն արդեն լուծված է, կարևորն այն է, որ այս պատմությունից մնա միայն առակի չափ այն մասը, որն ինձ է պետք, այն մասը, որտեղ աղոթում ես, որ դաժան թագավորը չմեռնի ու նրա առավել դաժան որդին գահ չբարձրանա…
– Անիծյալ լինես,- մրմռաց պառավը,- անիծյալ լինես…

Որպես վերջաբան վերաշարադրեմ այն զեկույցը, որին կցված էր այս պատմությունը.
«Արևների Արև Արքա, իմ Տիրակալ,
Ձեր հրամանով կփորձեմ ոչ միայն հիշողությամբ վերականգնել գրածս պատմությունը, այլև նկարագրել այդ մարդուն։
Բավական խելացի էր, գյուղացու համար՝ բավական տրամաբանող։ Ասացի, որ վախենալու բան չունի։ Ես փորձում էի իմանալ, թե ինչ գիտի այդ մարդը և նրանից բացի՝ է՞լ ով գիտի… Որպիսզի չկասկածի՝ պատմությունը միայն մեկ օրինակից գրեցի, ասացի, որ թուղթն իմ մոտ չեմ պահի՝ «փորձանքի բուն է»…
Բայց հանդգնում եմ ենթադրել, որ նրան հաջողվել է փախչել երկրից, հակառակ դեպքում գրածս թղթի բովանդակությունը հիշողությամբ վերականգնելու հրաման չէի ստանա։
Մի դիտարկում ուզում եմ անպայման անել. այս պատմությունը գրեթե ոչ ոք չգիտի, իսկ Ձեր բարօրության համար աղոթող պառավի մասին առակը շատ կարճ ու խոսուն է, շատ արագ էլ տարածվում է։ Լուրեր կան, թե արդեն բազմաթիվ պառավներ պնդում են, որ իրենք հենց ա՛յն պառավն են, թեև մենք լավ գիտենք, որ նա մեռած է։
Բայց այս պատմության ջրի երես դուրս գալը շատ վտանգավոր է, ինչպես վտանգավոր են բոլոր էն լեգենդները, որ մինչ օրս բերնե-բերան փոխանցում են աշուղները, ուստի ցանկալի է գտնել ոչ միայն փախած այդ գյուղացուն, այլև շարունակել կամաց-կամաց նրանց միջից ջնջել իրենց լեզուն ու հիշողությունը, որով փոխանցվում են այդ լեգենդները»։

 

Advertisements