Պապիս ես գրեթե չեմ հիշում։
Ավելի շուտ հիշում եմ, բայց մի տեսակ` անկապ պատառիկներով։ Ինձ ուղղված նրա գորովալից հայացքը չեմ հիշում՝ երևի փոքր լինելուս պատճառով։ Ամենից շատ հիշում եմ բեղերը։ Թավ բեղեր ուներ ու խռպոտ ձայն… Պապիս՝ ինձ սիրելիս՝ նույնպես չեմ հիշում։ Երևի նրանից էր, որ քեռիներս իմ տարեկիցներն են, մեկը երկու տարով է մեծ, մյուսը՝ վեց ամսով։
Կարդալ շատ է սիրել, չնայած հինգ դասարանի կրթություն է ունեցել։ Տանը կամաց-կամաց գրադարան էր հավաքում, իր ձեռքով գրադարակներ էր սարքում գնված ու գնվելիք գրքերի համար։
Քչախոս էր, բայց սերն ու բարությունը մեջն են ապրել։ Ծառի տակ պառկած վիրավոր զինվորին փրկելիս՝ նա իր լեռներում ծվարած գյուղն ու ապագա աներոջն էր փրկում. խրոխտ հետախույզը տեսել է անխնամ վիրավոր տարեց զինվորին ու զայրացել, որ շարասյունը չի կանգնում։ Ավտոմատը քաշել է շարասյան վրա ու կանգնեցրել։ Հետախույզների հատուկ ջոկատայիններին կարելի է եղել գրեթե ամեն ինչ…
Հետո, գյուղ գալուց հետո միայն, իրենց գյուղի Հմայակ բիձի մեջ պիտի գտներ ծառի տակ պառկած վիրավորին, որին վերցնելու համար սկզբում շարասյունը չէր կանգնել։ Հմայակն ասել է. «Արշո ջան, մի թոխլի ունեմ պահ տված, ոտիդ տակին տի մորթվիլ. կյանքս փրկել ես, ըրեխեքիս ծուռվիզը չես թողել»… Իսկ երեխեքի մեջ գյուղի գեղեցկուհին է եղել՝ Անիչկան…
Մորս մորաքույր Ջեմման՝ տատիս՝ Անիչկայի փոքր քույրը, պապիս ամուսնանալու պատմությունն այլ կերպ է պատմում, ասում է՝ փոքր էի, բայց մեր տան խոսակցությունները հիշում եմ. մերս ասում էր` «Բա հմի Խռատանց գելերին աղջիկ տենք տա՞լ»… Տվել էին ու Արշոն դարձել էր ցեղի ամենասիրված փեսան…
Ինքը բազում փորձություններ տեսած մարդ էր, հինգ դասարանի կրթությամբ՝ «քաղսովետի դեպուտատ», ու էդ քաղխորհրդի նիստերին երբեք չմասնակցած մարդ։ Մերոնց հիշողության մեջ մնացել է Արշալույս պապիս մեդալ-շքանշանների ծանրությունը, նրա խմելն ու բնատուր բարությունը, բայց նաև՝ տեղն էկած տեղը՝ չարանալը։ Ասում են, որ պատերազմի ժամանակ նրա մարտական ընկերն ու հրամանատարը (անգամ ազգանունն էին նշում, բայց ես չեմ հիշում) սպանվել է գերված գերմանացի սպային փոսից դուրս քաշելու ժամանակ։ Սպանողը նույն գերված սպան է եղել՝ վերջին փամփուշտով… Նաև ասում են, որ այդպես էլ գերու կարգավիճակ չստացած սպային դուրս է քաշել պապս, և մարտական ընկերոջ մուռը հանելու մանրամասների փոխարեն, բազմանշանակ ճոճում են գլուխները։
Չէ՛, ես այս պատմությանը այնքան էլ չեմ հավատում, բայց գիտեմ մեկ ուրիշը. խմելու հետ սեր ունեցող պապս երեք քույր է ունեցել, որոնցից մեկի ամուսինը նույնպես խմել է սիրել։ Հերթափոխից հետո, Կիրովականի քիմգործարանի բեռնակիրների բրիգադավար պապս հանդիպում է քրոջ ամուսնուն։ Հրավիրում է խմելու։ Քիչ հետո միլիցիա են կանչում, որ քրոջ ամուսնուն մի կերպ ձեռքից առնեն։ Բայց դե նրան անգամ փողոցի շներն էին լավ ճանաչում, գիտեին, որ Արշոյի հետ գլուխ դնել կարող են «ընտրյալները»։ Կուսշրջկոմի ղեկավարների միջամտությունն է պահանջվել։ Միլիցիայի աշխատակիցներին բան չի ասում։ Փոխարենը բուֆետի աշխատողն է պատմում. «Նստած խմում, ջան-ղուրբան էին ասում, մեկ էլ էն մեկը թե՝ Արշո ջան դու լավն ես, ես քո ցավը տանեմ, համա էն Սուրենի մերը …նեմ, Սուրենը լավը չի, արաղին անուն ա դնում։ Էս խոսքի վրա Արշոն սրան ոտների տակն առավ»…
Իսկ Սուրենը Արշոյի փոքր եղբայրն էր։ Կուսշրջկոմի քատրուղարը տուն է ճամփում պապիս, ու դառնում մյուս պաշտոնյային. «Այս բնավորությամբ՝ ճիշտ է վարվում, որ ղեկավար աշխատանքի անցնելու բոլոր առաջարկները մերժում է, կրակ ու պատիժ կդառնար»… Պապս մերժել է նման բոլոր նախաձեռնությունները, բայց եթե ընդուներ էլ՝ երկար չէր աշխատելու. սուտը տանել չի կարողացել։ Բեռնակիրների բրիգադիր պապս մի քանի անգամ գազազել ու քացով է բացել կոմբինատի տնօրենի դուռը, բայց ճակատային-կոմունիստին չեն հանդգնել դուրս հարվիրել։ Սրա նման կրակուպատիժը քարտուղարի ինչի՞ն էր պետք…
Կրակուպատիժությունն էլ ցեղական է եղել։ Պապիս հայրը՝ Թումազն էլ է կրակուպատիժ եղել, բայց նաև՝ պապիս հակապատկերը։ Պապիս մեջ երևի համատեղվել են իր բարի մոր՝ Արուսյակի բարությունն ու Թումազի կատաղի բարքը, բայց ոչ չարությունը… Թումազն անտանելի չարություն է ունեցել…
Լուսանկարներից մեկում մորս աչքերը շիլ են դուրս եկել։ Քանի դեռ փոքր էինք, ասում էին. «այն ժամանակվա լուսանկարները որակով չեն եղել»։ Միայն վերջերս մորս մորաքույր Ջեմման պատմեց. «Մերդ փոքր էր, իրանք էլ խեղճ էին` մեծ ընտանիք… Պապիդ քույրերն ու տատդ՝ Անիչկեն, շան լափն եփելու ժամանակ լափալյուրի հետ ամանի մեջ երկու հատ կարտոլ էին գցում, հետո թաքուն հանում էին, կլպում ու տալիս մորդ, որ կշտանա, դեռ երեք տարեկան էլ չկար… Ափաշկարա չէին կարա՝ Թումազը պատերազմ կաներ… Էդ գյոռբեգյոռը եկել լափը խառնել ու կարտոլները տեսել էր։ Ասել էին Աիդայի համար է։ Թումազը կատաղել ու ձեռնափետով խփել էր երեխա-մորդ գլխին։ Շլությունն էդտեղից էր։ Բժիշկներն ասել էին՝ բան չկա, թող անցումային շրջանն անցնի` կվիրահատենք…»։ Վիրահատել էին, անցել էր։
Մի տան համար երկու կրակուպատիժը՝ Թումազն ու Արշալույսը՝ շատ կլինեին, պապս գյուղից տեղափոխվել էր Կիրովական։ Կարճ ժամանակ անց Թումազը գնացել էր որդուն ու հարսին տեսության ու Կիրովական քաղաքն այնքան էր դուր եկել, որ գյուղում թողնելով կնոջն ու ընտանիքի մնացած անդամներին՝ մնացել էր քաղաքում…
Թումազն ինքն իրեն շատ սիրող, իր մասին առաջին հերթին հոգացող, միշտ կոկիկ հագնված ու գրեթե ոչ ոքի չվստահող է եղել։ Ամենացեխոտ օրն անգամ նրա կոշիկները փայլել են, ասես ամբողջ կյանքում տրեխ հագած Թումազն ինքը չէր… Տաբատ արդուկելու իր սեփական մեթոդն է ունեցել. քնելիս խնամքով ծալել ու դրել է տախտակե հատակով իր մահճակալի ու ներքնակի միջև։ Ոչ ոքի փող չի վստահել, անգամ եթե տասը րոպե առաջ է թոշակը ստացած եղել, ապա միշտ չքացրել է` «պարտ էի, տվեցի, քիչ առաջ տվի գնաց»… Բայց թե փորձված աղվեսը…՝ գիտեք… Քիմգործարանի այգում մի կին է մոտենում, համոզում թե՝ «դիֆիցիտ ապրանք կա՝ էժան գնով, հրե՜ն էն դուռն ա, մտնում եմ ու դուրս գամ»։ Վերցնում է փողն ու «յոթի շենքի» երկկողմանի ելքով շքամուտքում անհայտանում: Թումազին մինչև ուշ երեկո համոզել են թե՝ «էդ կնիկը քեզ խափել, գնացել ա», բայց ապարդյուն… Արշալույս պապս համոզել է, թե «էդ փողը ես կտամ, մենակ արի տուն գնանք, արդեն ուշ ա», բայց նա համառորեն տուն չի գնացել ասելով՝ «այտա բա ըթավուր սիրուն կնիկը կարա՞ խափի, հրե՜ն, էն պադյեզդը մտավ, էսա կգա»… Հետո մորս ասել է. «Թոշակից ուզըմ էի քեզ փող տամ, համա կորավ գնաց»…
Պապս կրակուպատիժ է եղել, կյանքն էլ իր համար է կրակուպատիժ եղել. ջահել, գեղեցկուհի կինը՝ Անիչկան, մահացել է՝ տասնհինգամյա մորս լիարժեք ծիծաղն ու ժպիտը հետը տանելով։ Ի՜նչ աներ Արշոն, աղջկան մերացու էր պետք, իրեն՝ կին… Ու Սուրեն պապի սիրելի հարս Անիչկային փոխարինեց Աղուն տատիկս։
Պապիս մասին տարբեր պատմություններ շատ կան, սակայն ես մի քիչ այլ բաներ եմ հիշում. հարբած պապս իր խռպոտ ձայնով հայհոյում էր աշխարհին, տատիս, պառկում էր բազմոցին ու հեռուստացույց նայում։ Նա իմ բեղավոր աժդահան էր՝ ամենաքաջը, ամենաուժեղն ու ամենախիստը, բայց այն ժամանակ այդպես էլ չէի հասկանում, թե ինչու «կռիվ-կինոների» ժամանակ (հատկապես, երբ ցույց էին տալիս «Զինվորի հայրը») նա միշտ լաց էր լինում՝ հսկայից իջնելով աղջկա մակարդակի, ախր ինքն էր ասում, որ «…մենակ աղջկերքն են լաց ըլըմ»…
Հետո…
Հետո պիտի գային լոռվա աննման սարերում ծվարած իմ մանկության օրերը՝ հեքիաթի նմանվող հուշերով… Պիտի սարում ընկնեի ձիուց ու ձեռքս կոտրեի, ու պապս իմ լացն ու ցավը թուլացնելու համար «իմ ձիուն»՝ մի քանի ամսական քուռակին, պիտի բռներ, որ հեծնեի, ու ես, մեկ է, պիտի ցավից գալարվելով լացեի, բայց երկու օր անց գիպսապատ ձեռքով անգամ պիտի հրաժարվեի հորս հետ տուն գնալ, պիտի հրաժարվեի սարից իջնել, թեև բոլորն ասացին, որ քուռակին նստել այլևս չի կարելի… Հետո՝ հաջորդիվ եկող օրերը պիտի գային… Պիտի ուղարկեր ջրի՝ ասելով. «Վիրի ախպուրը կգնաս, ընդիան ջուրը համով ա»։ Ես պիտի հոգնեի, ալարեի ու վերի աղբյուրը գնալու տեղը՝ ներքևի աղբյուրից պիտի ջուր տանեի, քանի որ այդ ջրերի համային տարբերությունը չէի զգում, բայց ինքը պիտի ինձ նորից ջրի վազեցներ… Պիտի իր հետ հորթ ման գայինք, ու նա, ձեռնափայտով փորփրելով մի տեսակ անբնական մաշված, տրորված ու այդպես էլ չտրորված խոտածածկը, ասեր.
— Էս մեր գիլի պառկատեղն ա, տենըմ ե՞ս…
— Ո՞նց՝ «մեր», «մեր»-ը ո՞րն ա, բա դու հրացան չունես, բա որ վնա՛ս տա…
— Էս մինն ինձ օգուտ ա,- ասաց քմծիծաղով,- անասունն էլ գիդի, որ ըրիգունն ըստի ա՝ եդա՛նըմ չի, վախտը-վախտին գալիս ա…
Հետո պիտի հյուր տանեինք Միլադային ու նահապետի իր հպարտ հայացքով պիտի նայեր Միլային, ու հյուրընկալի քաղաքավարությամբ լռեր՝ անհաշտ հայցքով չտեսնելու տալով նրա ծխախոտի ծուխը, ու սպասեր այնքան, մինչև ծխախոտն իմ բերանին հայտնվեր ու նահապետին հարիր խստությամբ ատամների արանքից նետեր. «Մի էդ քաքը բեռնիցդ վե՛ գձի»… Հասուն մարդ էի, հազար անգամ իր ներկայությամբ ծխել էի ու ինձ բան չէր ասել… Ու Միլան պիտի առանց խոսքի հասկանար ինչն ինչոց է, ու հաջորդ ծխախոտն իր աչքից հեռու պիտի ծխեինք։ Բայց հաջորդ առավոտյան Միլան (հորս հետ միասին) պապիս կողմից մի բաժակ հոնի օղով պատվվելուն պիտի արժանանար, որն ինձ արդեն չպիտի վերաբերեր, իր «քյուլփաթը» դա պիտի վաստակեր…
Բայց դրանք հետո էին, շա՜տ հետո, իսկ մինչ այդ…
Ամառային մի օր, երբ գյուղում դպրոցական արձակուրդն էինք վայելում, ասացին, որ մեր բոլոր կողմի բարեկամները գյուղ են եկել։ «Պապիդ հըրսանիքն ա,- դառը կատակեց մեկն ու իր իսկ կատակից դառնացած ասաց,- Է՜ Արշո, Արշո… Գեղը՛մ չէր, համա գեղի թասիբն ու պարծանքն էր»…
Հետո երեկոյան մռայլ սեղանի մոտ Սուրեն պապն ասաց մորս. «Աիդա ջան, մընչի հմի ես սարի պես մենձ ախպեր ունեի, դու՝ հեր, ըրեխեքդ՝ պապ։ Հըմի ես էլ մենձ ախպեր չունեմ, բայց դու հեր ունես, ըրեխեքդ՝ պապ»… Ու կամաց-կամաց Սուրեն պապը՝ «Գայլուկ Սուրենը», մի քիչ ավելի խոժոռվեց ու կքեց նաև մեծ եղբոր՝ Արշոյի բեռան տակ…
Ինձ ուղղված նրա գորովալից հայացքը նույնպես չեմ հիշում… Երևի փոքր լինելուս պատճառով, բայց հետո տեսա։ Տեսա այն ժամանակ, երբ սար եկան իր ու Արշոյի ծոռները՝ Արզունիկն ու Աիդան։ Ժենիկ տատի աչքերը թաքուն թրջվեցին։ Նայեց ինձ. «Իսկը տատն ա, ոնց որ մորդ փոքրությունն ըլի,- ապա մեկուսի հուշերին տրվելով՝ շարունակեց,- Արշոն մորդ բերըմ էր գեղը, մոտներս… Հետո Աիդան էր ձեզ բերըմ… Է՜, աշխարհ-աշխարհ, Արշոն չտեսավ, բա Աիդաս է՞լ էս օրը պըտի չտենար, — հանկարծ տեսավ, որ հնգամյա զարմուհիս ուզում է դիմացի լանջը բարձրանալ ու ձայնեց,- Աիդիկ ջան, զգո՛ւյշ, ըտի թեք ա… Այ հարսը, ըրեխուն ուշադիր էղի՝ էն թեքին ընգնի՛ ոչ… Արզունիկ ջան, շանը մոտ մի գնալ, դեմը լափ կա…»։
Հետո մառախլապատ մի օր Լադիկ բիձու խոսքը՝ «Է՜, Սուրեն ջան, գնացիր ու էս ժըղովրդին բարի երազ դառար»՝ մեղմ անձրև էր դառնում ու ցողվում սրտիս, թոքերիս, երակներիս, դեմքիս, կախվում կոպերիցս…
Ու զարմիկս գուցե դեռ չի հասկանում, թե հոպարի աչքերն ինչու են թաց, ախր իրեն հաճախ եմ ասում, որ «…մենակ աղջկերքն են լաց ըլըմ»…

Advertisements