Գիլանցի գրատարածք

Անդրեյ Բիտով «Սանդուղք»

Advertisements

Հայ ընթերցողն անշուշտ լավ գիտի «Պուշկինյան տան», «Հայաստանի դասերի» ու բազմաթիվ այլ հանրահայտ երկերի հեղինակ, Հրանտ Մաթևոսյանի ընկեր, արձակագիր Անդրեյ Բիոտվին։ Բայց բանաստեղծ Անդրեյ Բիտովին շատ քչերը գիտեն թե՛ Հայաստանում, թե՛ իր հայրենիքում՝ Ռուսաստանում։
Ինքը Բիտովն իրեն բանաստեղծ չի համարում, բայց բանաստղծական մի փոքրիկ գրքույկ ունի՝ «Ծառը»։ Իր ձևակերպմամբ՝ «ոգու պոեզիայի» այս նմուշները հոգու նախավարժանքներ են լուրջ ու կարևոր գործից՝ արձակից առաջ։
Վերջերս Երևանում հայերեն թարգմանությամբ լույս տեսավ այդ գրքույկը… Զգացի, որ եթե ոչ ամբողջ գիրքը, ապա գոնե ամենագեղեցիկ ու հզոր բանաստեղծությունը՝ «Սանդուխքը», պիտի նորից թարգմանել (բնօրինակը ցանցում գտնելու դեպքում կտեղադրեմ թարգմանության կողքին)։

Գևորգ Գիլանց

Անդրեյ Բիտով
Սանդուղք

Ճամփա հարթեցի առ Աստված։
Հավանաբար դժվար տրված
ու գրեթե շեմ հասնող ուղիս
երկար էր խիստ։
Բայց ավարտի համար էստեղ
աստիճանները մեծ են, նեղ,
ուրվագծերն աղոտ են, շեղ…
պառկեցի հոգնած։

Շունչ առա։ Աստիճաններին
շարքով հարազատ ստվերներ են՝
անմարմին, դատարկավուն են…
թափանցող թունել…
Հանելո՞ւկ է, էս ինչո՞ւ է
ձախում՝ պապս, տատս՝ աջում,
պապ ու տատս ջո՞կ…
Բայց էս ի՞նչ է, այ քեզ թնջուկ.
ձախում՝ քեռիս, մորքուրն՝ աջում,
ու ինձ են կանչում…

— Ողջույն, հարազատս, ասա,
էս ի՞նչ կրքեր են ու սարսափ,
էս ինչո՞ւ եք միայն մասամբ,
ու ի՞նչ եք այստեղ…

— Մի քիչ աշխույժ վերև արի,
բարձրացիր, արա՛գ ավելի,
դե շուտ, արի՛, գրկախառնվի՛ր,
հասցրո՛ւ։

— Ես չե՛մ պառկել ծուլությունից,
աստիճանները շատ են մեծ,
շատ է փչում էս թունելից…
Դրախտը չէ…

— Էլ ոչնչից մի վախեցիր,
և էլ մի անհանգստացիր,
կամաց-կամաց ընտելացիր,
հանգրվան է սա։

— Տարօրինակ եղանակ է,
տարվա էս ի՞նչ եղանակ է,
Ինչ դաժան է՝ անբնություն՝
ո՛չ երգ, ո՛չ թռչուն…

— Առ հավերժը անցում չկա,
երգերը երգված են, չկան
խավար չկա ու լույս չկա…
— Դժո՞խքն է սա։

— Լույս չկա, բայց խավար էլ չիք,
չկա հարստություն, կարիք,
չկա ազատություն ու բանտ…
— Կներեք…
Դեռ տեղում են իմ ոտքերը,
դեռ ճերմակ են իմ ձեռքերը,
դեռ ապրելուց ես չեմ հոգնել,
հաշվի առնեիք…

— Մի քիչ շատ չէ՞ քո ուզածը,
փնտրեցի՞ր ճամփան առ Աստված,
գտե՛լ ես ճամփան առ Աստված,
էլ ի՞նչ ես ուզում…

— Առ Աստվա՜ծ… ախր փնտրում էի՝
լոկ մինչև շեմ…
օգնող՝ վսեմ…
ոչ թե հենց Իր մոտ։
Աստծո մոտ՝ ո՛չ էս իմաստով,
այլ էն, որ էս արահետը…
Չափից ավել խիստ մի դատեք,
խելքիս բանը չէ…

— Ողջի նման անբարիշտ ես,
ուժդ տեղն է՝ խելքն ինչի՞դ է…-
դրախտը չէ՝ դժոխք էլ չէ,
համարյա թե չէ…
ոչ դրախտ է, ոչ էլ դժոխք,
ոչ խոնավ է, ու ոչ էլ չոր,
ընդամենը՝ պարտքերի հոր.
վճարի՛ր…

— Էստեղ բաժին չունեմ պարտքի,
էս մահճի մեջ ես չեմ պառկի,
ճամփաս պիտի շարունակեմ…
Քարացա։

Էլ ուժ չկա ետ դառնալու,
ետ նայելու,
ետ շրջվելու
ուժ չկա…

Կյանքի ուժն ուրեմն ինձ էլ
հացրել է արդեն հնձել,
երևի ոգիս է պրծել,
սպասում են ինձ…

Եվ աստիճանները թեք չեն,
ստվերները թափանցիկ չեն,
ու ոտքերս իրենք իրենց
տանում են վերև…

Իրոք երևի առ Աստված
ճամփան բարդ է, թանկ չափազանց,
երկար է չափից ավելի…
Տե՛ր Աստված, ների՛ր։

Ուրեմն իմ ժամանակն է,
ուրեմն նավս մեկնել է,
ուրեմն նավս եկել է…
Ներս թող, Տե՛ր Աստված։

Տերն ասաց՝ քո՛ տրտմությունն է…
ու ասաց՝ վերջներդ նույնն է…
ու ասաց՝ սկզբում բոլորն էլ…
անց կացիր։

Advertisements