Գիլանցի գրատարածք

Վասիլի Շուկշին «Հաւատամ»

Advertisements

Կիրակիներին առանձնահատուկ թախիծ էր վրա տալիս։ Մի տեսակ ներսնային, թունավոր։ Մաքսիմը ֆիզիկապես էր զգում էդ սրիկային, ասես անառողջ, փնթի, բերնի ծանր հոտով անամոթ կինը ձեռնահարի քեզ, շոյի ու ձգվի համբուրվելու։
— Էլի՜… Վրա տվե՜ց։
— Օ, Տեր Աստված, շիշ… էլի՜, խալխի հետևից, խալխի պես. թախի՜ծ…- ձեռ առավ Մաքսիմի կինը՝ Լյուդան, որ աշխատավոր, չոր կին էր. նա չգիտեր` ինչ է թախիծը։ — Ինչի՞ց է էդ թախիծը, հը՞։
Մաքսիմ Յարկովը կնոջը նայում էր սև, հրափայլ աչքերով… Ատամներն էր սեղմում։
— Դե, քֆրի՛, հաչա՛, մեկ էլ տեսար անցավ էդ թախիծդ։ Դու հաչալու վարպետ ես, չէ՞։
Երբեմն Մաքսիմն ինքն իրեն հաղթում էր, չէր հայհոյում, ուզում էր, որ իրեն հասկանան.
— Ախր չե՛ս հասկանա։
— Էդ ինչի՞ ես չեմ հասկանա, բացատրի՛ր՝ կհասկանամ։
— Ա՞յ, դու ամեն ինչ ունես՝ ձեռքեր, ոտքեր… և այլ մասեր։ Ինչ չափերի՝ այլ հարց է, բայց ամեն ինչ, էսպես ասած, տեղում է։ Ոտքդ ցավեց՝ զգում ես, ուտել ուզեցիր՝ ճաշի պատրաստություն ես տեսնում… Էդպե՞ս է։
— Ըհը։
Մաքսիմը թեթևորեն էր տեղից պոկվում (նա քառասնամյա թեթևամարմին տղամարդ էր՝ չար, ձգտող, աշխատելիս երբեք չէր կարողանում ինքզինքը հալից գցել, թեև շատ էր աշխատում), քայլում էր մեծ օթախում, ու աչքերը կատաղի փայլում էին։
— Բայց մարդը նաև հոգի ունի։ Դա ա՜յ էստե՛ղ է, ցավո՛ւմ է,- Մաքսիմը ցույց էր տալիս կուրծքը։- Ես հո չե՞մ հորինում։ Ես պարզապես զգում եմ՝ ցավում է։
— Ուրիշ ոչ մի տեղ չի՞ ցավում։
— Լսի՛ր,- ճչաց Մաքսիմը,- եթե ուզում ես հասկանալ՝ լսի՛ր։ Եթե քոթուկ ես ծնվել, ապա գոնե աշխատիր հասկանալ, որ լինում են մարդիկ, որ հոգի ունեն։ Ես հո քեզնից երեքանոց չե՞մ ուզում օղու համար, ես ուզում եմ… Հիմա՛ր,- լրիվ հունից դուրս եկավ Մաքսիմը, քանի որ հստակ հասկացավ. երբեք չի կարողանա բացատրել, թե ինչ է իր հետ կատարվում, երբեք կինը՝ Լյուդան, իրեն չի հասկանա։ Երբե՛ք։ Դանակով կո՛ւրծքդ կտրիր, հանի՛ր հոգիդ ու ափերիդ մեջ ցո՛ւյց տուր. կասի՝ թափան է՝ փորոտիք։ Բայց ինքն էլ ախր էնքան էլ չէր հավատում ինչ-որ… մսի կտորի, նշանակում է՝ այս ամնենը դատարկ խոսքեր են, էլ ինչի՞ կատաղեցնես ինքդ քեզ։- Հարցրո՛ւ ի վերջո՝ ո՞ւմ եմ աշխարհում ամենից շատ ատում, կպատասխանեմ՝ մարդկանց, որ հոգի չունեն։ Թե՞ դա էլ գարշելի է։ Ձեզ հետ խոսել՝ նույնն է, թե գլխով պատին խփվել։
— Օ՛յ, դատարկաբա՜ն։
— Կորի՛ր աչքիցս։
— Եթե դու հոգի ունես, ապա ինչի՞ ես էդքան չար։
— Իսկ ի՞նչ է, քո կարծիքով էդ հոգին անուշահա՞ց է, ինչ է։ Ինքն էլ չի հասկանում, թե ինչի համար եմ իրեն քարշ տալիս, ու ցավում է։ Իսկ չարանում եմ, քանի որ ջղայնանում եմ։
— Դե ուրեմն ջղայնացի՛ր, սատանան քեզ հետ։ Մարդիկ սպասում են, որ կիրակին գա, ու կուլտուրական հանգստանում են… Կինո են գնում։ Իսկ սա ջղայնանում է, տեսա՜ր դու, շիշը…
Մաքսիմը կանգ առավ պատուհանի մոտ, երկար ժամանակ անշարժ նայում էր փողոցին։
Ձմեռ։ Սառնամանիք։ Գյուղը՝ սառած, պարզ երկինքը ապխտում էր գորշ ծխով. մարդիկ տաքանում էին։ Դույլերն ուսականթից կախ տված կնոջ անցնելու ժամանակ նույնիսկ կրկնակի լուսամուտներից այս կողմ լսվում էր, թե ոնց է նրա վալենկաների1 տակ ճռճռում ձիգ, պինդ ձյունը։ Շունը հիմարությունից հաչում էր ու լռում. սառնամանիք էր։ Մարդիկ տներում էին՝ տաքության մեջ։ Տաքանում, ճաշի պատրաստություն են տեսնում, մտերիմներին են քննարկում… Եթե կա՝ խմում են, բայց էդտեղ էլ ուրախությունը քիչ է։
Մաքսիմը երբ տրտմում է՝ չի՛ փիլիսոփայում, մտովի ոչ մեկից ոչինչ չի խնդրում, միայն չարություն ու ցավ է զգում։ Եվ իր այդ չարությունը ոչ ոքի կողմ չի ուղղում, չի ուզում ոչ մեկի մռութին խփել ու նաև չի ուզում դրա մեջ խեղդվել։ Ոչինչ էլ չի ուզում, ա՛յ թե որն է հոգեհան-սրիկան։ Ու անշարժ պառկել էլ չի ուզում։ Եվ օղի խմել էլ չի ուզում, չի՛ ուզում. ծիծաղատեղ դառնալը զզվելի է։ Պատահել է՝ խմել ու… Խմած ժամանակ սկսել է այնպիսի զազրելի մեղքեր խոստովանել, որոնցից թե՛ մարդիկ, թե՛ ինքը հետո վատ են զգացել։ Մի անգամ, խմած ժամանակ, միլիցիայում գլուխը պատերին է խփել, որոնց ամենատարբեր պաստառներ էին փակցված, ոռնացել է… Պարզվել էր, որ ինքը և էլի ինչ-որ մուժիկ՝ երկուսով, հայտնագործել են ինչ-որ հզոր շարժիչ, որ լուցկու տուփի չափեր է ունեցել, ու գծագրերը փոխանցել են ամերիկացիներին։ Մաքսիմը գիտակցում էր, որ դա կեղտոտ դավաճանություն է, որ ինքը «գիտական Վլասով» է, և խնդրում էր, որ իրեն հսկողության տակ տանեն Մագադան։ Ընդ որում՝ անպայման ուզում էր այնտեղ ոտաբոբիկ գնալ։
— Իսկ գծագրերն ինչի՞ ես փոխանցել, հը՞.- փորփրում էր ավագը,- և՝ ո՞ւմ…
Մաքսիմը դա չգիտեր, գիտեր միայն, որ «Վլասովից վատն» է։ Ու լացում էր։

Այդպիսի տանջալից մի կիրակի Մաքսիմը կանգնած էր լուսամուտի մոտ ու նայում էր ճանապարհին։ Նորից պարզկա էր ու ցուրտ, ծխնելույզները ծխում էին։ «Եվ ի՞նչ,- բարկացած մտածում էր Մաքսիմը,- հարյուր տարի առաջ էլ էսպես է եղել, ի՞նչ նոր բան կա, հը՞։ Ու միշտ էլ այսպես է լինելու։ Հրե՜ն տղա է գնում՝ Վանկա Մալոֆեևի որդին… Իսկ ես հենց իրեն՝ Վանկային եմ հիշում, դեռ որ էս տարիքին էր, ու ես էլ էսպիսին էի։ Հետո սրանք իրենց էսպիսիները կունենան, հետո դրանք՝ իրենցը… Ու վե՞րջ։ Իսկ ինչի՞ համար…
Մաքսիմը լրիվ սրտնեղեց… Հիշեց, որ Իլյա Լապշինին հյուր է եկել կնոջ բարեկամը, իսկ էդ բարեկամը տերտեր էր։ Ամենաիսկական տերտեր՝ մազոտ։ Տերտերը թոքերի հետ կապված ինչ որ բան ուներ՝ հիվանդ էր, եկել էր՝ բուժվի։ Բուժվում էր փորսուղի ճարպով, իսկ փորսուղներ ճարում էր Իլյան։ Տերտերը շատ փող ուներ, նա Իլյայի հետ հաճախ էր սպիրտ խմում ու զրուցում։ Տերտերը մենակ սպիրտ էր խմում։
Մաքսիմը եկավ Լապշինների մոտ։
Տերտերն ու Իլյուխան սեղանի մոտ էին, սպիրտ էին խմում ու զրուցում։ Իլյուխան արդեն քանդվում էր՝ քթով կտցում ու դնդնում էր, թե՝ ո՛չ այս կիրակի, այլ հաջո՛րդ։ Իսկ հաջորդ կիրակի կբերի միանգամից տաներկու փորսուղ.
— Ինձ էդքան պետք չէ։ Ինձ հարկավոր է երեք հատ, բայց լավերը՝ յուղոտ։
— Ես տասներկուսը կբերեմ, իսկ դու արդեն ինքդ ընտրիր։ Իմ գործը բերելն է, իսկ դու արդեն ինքդ ընտրիր՝ որոնք են լավերը։ Գլխավորը՝ որ դու բուժվես… Իսկ ես քարշ կտամ, կբերեմ, տասներկու հատ…
Տերտերն Իլյուխայի հետ ձանձրանում էր և ուրախացավ, երբ Մաքսիմը եկավ։
— Հը՞,- հարցրեց նա։
— Հոգիս ցավում է,- ասաց Մաքսիմը։- Ես եկել եմ-իմանամ՝ հավատացյալների հոգին է՞լ է ցավում, թե՞ ոչ։
— Սպիրտ ուզո՞ւմ ես։
— Մենակ թե չմտածես, որ ես հատուկ եկել եմ խմելու։ Ես իհարկե կարող եմ խմել, բայց ես դրա համար չեմ եկել։ Ինձ հետաքրքիր է՝ քո հոգին երբևէ ցավո՞ւմ է, թե՞ չէ։
Տերտերը բաժակները սպիրտ լցրեց, մի բաժակն ու ջրով լի գրաֆինը մոտեցեց Մաքսիմին.
— Քո ճաշակով բացիր։
Տերտերը խոշորամարմին, վաթսունամյա տղամարդ էր՝ լայն թիկունքով և հսկայական ձեռքերով։ Նույնիսկ հավատդ չէր գալիս, որ սրա թոքերի հետ ինչ-որ բան էն չէ։ Ու տերտերի աչքերն էլ ջինջ էին, խելացի։ Եվ նայում էր ակնդետ, նույնիսկ լկտիաբար։ Սրա նմանը ոչ թե պիտի բուրվառ թափահարեր, այլ ալիմենտներից փախչեր։ Ոչ էլ բարեշունչ ու անալի է։ Ո՛չ սա, ո՛չ էսպիսի մռութով մեկը պիտի մարդկային վշտերի ու տրտմության կենդանի տրոփող թելակծիկը քանդեր։ Սակայն (Մաքսիմը դա միանգամից զգաց) տերտերի հետ շփվելը շատ հետաքրիր էր։
— Հոգի՞դ է ցավում։
— Ցավում է։
— Այդպե՜ս,- տերտերը խմեց ու շուրթերը մաքրեց օսլայած սփռոցի ծայրով։- Սկսենք մոտենալ հեռվից։ Ուշադիր լսի՛ր, մի՛ ընդհատիր։ — Տերտերը ետ ընկավ աթոռի թիկնակին, շոյեց մորուքն ու հաճույքով խոսեց.
— Հենց հայտվնեց մարդկային ցեղը, հայտնվեց չարիքը։ Հենց հայտնվեց չարիքը, հայտնվեց դրա դեմ պայքարելու ցանկությունը, այսինքն՝ չարիքի դեմ։ Հայտվեց բարին։ Նշանակում է՝ բարին հայտնվեց այն ժամանակ, երբ հայտնվեց չարիքը։ Ուրիշ բառերով ասած՝ կա՛ չարիք՝ կա՛ բարիք, չկա՛ չարիք՝ չկա՛ բարիք, ինձ հասկանո՞ւմ ես։
— Ըհը՛, ըհը՛։
— Մի՛ հընհընա, քանզի դեռ չեմ լծել։ — Տերտերը երևի պաշտում էր դատողություններ անել էսպես՝ տարօրինակ, հեռու և անպատասխանատու։- Ի՞նչ է Քրիստոսը։ Դա համակ բարին է, որ կոչված է երկրի վրա չարը ոչնչացնելու։ Երկու հազար տարի նա գոյություն ունի մարդկանց մեջ որպես գաղափար. պայքարում է չարի դեմ։
Իլյուխան սեղանի մոտ քնել էր։
— Երկու հազար տարի երկրի վրա Քրիստոսի անունով ոչնչացվում է չարը, բայց այդ պատերազմի վերջը չի երևում։ Մի՛ ծխի, խնդրում եմ, կամ էլ մոտեցիր փեչի օդհանին ու նոր մուր արա։
Մաքսիմը կրնկի վրա հանգցրեց ցիգարկան2 և հետաքրքրությամբ շարունակեց լսել.
— Թոքերիդ ի՞նչ է եղել,- հետաքրքրվեց քաղաքավարությունից։
— Ցավում են,- կարճ ու դժկամ պատասխանեց տերտերը։
— Փորսուղի միսը գոնե օգնո՞ւմ է
— Օգնում է։ Շարունակենք, որդյա՛կ իմ քրջահոտ…
— Ի՞նչ,- զարմացավ Մաքսիմը։
— Ես քեզ խնդրեցի չընդհատել։
— Ես թոքերիդ մասին հարցրի…
— Դու հարցրիր, թե ինչի՞ է հոգին ցավում։ Ես քեզ հասկանալի կերպով նկարագրում եմ աշխարհի կառուցվածքը, որ հոգիդ հանգստություն ձեռք բերի։ Ուշադիր լսի՛ր ու ըմբռնի՛ր։ Եվ այսպես՝ Քրիստոսի գաղափարն առաջացավ չարին հաղթելու ցանկությունից, բա էլ ինչի՞։ Պատկերացրո՛ւ՝ բարին հաղթեց, Քրիստոսը հաղթեց… Բայց էդ դեպքում էլ ինչի՞ է ինքը պետք։ Նրա կարիքն այլևս չկա։ Ուրեմն դա անանց, հավերժ ինչ-որ բան չէ, այլ այնպիսի ժամանակավոր միջոց, ինչպիսին պրոլետարիատի դիկտատուրան է։ Բայց ես ախր ուզում եմ հավատալ Հավերժությանը, հավերժական Հսկա ուժին և հավերժ Կարգուկանոնին, որը լինելու է։
— Կոմունիզմի՞ն, ինչ է։
— Կոմունիզմին ի՞նչ։
— Կոմունիզմին հավատո՞ւմ ես։
— Ինձ՝ չի՛ հասնում։ Էլի՞ ընդհատում ես։
— Վե՛րջ, էլ չե՛մ անի, մենակ թե դու, էն բանը… մի քիչ հասկանալի՛ խոսիր։ Ու մի՛ շտապիր։
— Ես պարզ եմ խոսում. ուզում եմ հավատալ հավերժական բարուն, հավերժական արդարությանը, հավերժական Վերին ուժին, որն այս ամենը բստրել է երկրի վրա, ես ուզում եմ ճանաչել այդ ուժը և հուսալ, որ էդ ուժը կհաղթի։ Թե չէ՝ ինչի՞ համար է էս ամենը։ Իսկ ո՞ւր է այդ ուժը։ — Տերտերը հարցական նայում էր Մաքսիսմին,- կա՞ այն։
Մաքսիմը ուսերը թոթվեց։
— Չգիտեմ։
— Ե՛ս էլ չգիտեմ։
— Ա՛ռը՛-հա՞…
— Ա՛ռ քեզ՝ երկո՛ւ հա։ Ես այդպիսի ուժ չգիտեմ։ Հնարավոր է, որ ինձ՝ մարդուն, տրված չէ ճանաչել այն, իմանալ ու մինչև վերջ իմաստավորել։ Այդ դեպքում ես հրաժարվում եմ հասկանալ իմ գոյությունն այստեղ՝ երկրի վրա։ Այ հենց սա՛ էլ ես զգում եմ, և դո՛ւ, քո հիվանդ հոգով, ճիշտ հասցեով ես եկել. իմ հոգին էլ է ցավում։ Մենակ թե դու պատրաստի պատասխանի հետևից ես եկել, իսկ ես փորձում եմ ինքս այս ամենի հատակը տեսնել, բայց սա անհատակ օվկիանոս է։ Ու բաժակով այն չես դատարկի։ Ու երբ մենք կուլ ենք տալիս այս զազրանքը…- տերտերը սպիրտ խմեց ու սփռոցով թրջեց շուրթերը։ — Երբ մենք սա խմում ենք, մենք բաժակով դատարկում ենք օվկիանոսը՝ հուսալով հասնել հատակին, բայց բաժակով, բաժակով, որդյակ իմ… Փակ շրջան է. մենք դատապարտված ենք…
— Կներես, կարելի՞ է մի դիտողություն անել։
— Հրամմե։
— Դու ինչ-որ… հետաքրքիր տերտեր ես։ Էդպիսի տերտերներ լինո՞ւմ են։
— Ես մարդ եմ, և մարդկային ոչինչ ինձ խորթ չէ։ Այսպես ասել է մի շատ հայտնի անաստված, ու շատ ճիշտ է ասել։ Ճիշտ է՝ մի քիչ շատ է ինքնավստահ ասել, քանզի կենդանության օրոք նրան ոչ ոք աստծու տեղ չի պաշտել։
— Ուրեմն, եթե ես քեզ ճիշտ հասկացա, աստված չկա՞։
— Ես ասացի՝ ոչ, չկա՛։ Հիմա ես ասում եմ՝ այո՛, կա՛։ Հապա, որդյակ իմ, սպիրտը լցրո՛ւ, քսանհինգ տոկոս ջրով բացի՛ր ու ի՛նձ տուր։ Քե՛զ էլ լցրու։ Լցրո՛ւ, պարզամիտ որդյակ իմ, ու բեր տակը տեսնենք։ — Տերտերը խմեց։ — Հիմա ես քեզ կասեմ, որ Աստված կա՛։ Նրա անունը Կյանք է։ Էդ Աստծուն ես՝ հաւատամ։ Մենք ախր ինչպիսի՞ Աստված ենք նկարել՝ բարի, շրջանցելի, անկոտոշ, թույլ ու լղոզվող… Ա՜յ թե ինչպիսին ենք։ Էդպիսին՝ չկա։ Կա՛ խիստը, ամենազորը՝ Կյանքը։ Սա առաջարկում է բարին ու չարը միասին։ Հենց էս Աստծուն էլ ես՝ հաւատամ։ Էդ ինչի՞ ենք որոշել, որ բարին պիտի հաղթի չարին։ Ինչի՞ համար։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է հասկանալ, որ դու մոտս եկել ես ոչ թե ճշմարտություն պարզելու, այլ սպիրտ խմելու։ Ու նստել էստեղ, աչքերդ ես պլշում, ձևացնում ես, թե քեզ հետաքրքիր է լսելը…
Մաքսիմն աթոռի վրա շարժվեց։
— Ոչ պակաս հետաքրքիր է հասկանալ, որ այնուամենայնիվ քեզ ոչ թե սպիրտն է պետք, այլ ճշմարտությունը։ Ու շատ ավելի հետաքրքիր է վերջնականապես ճշտել. հոգի՞դ է քեզ այստեղ բերել, թե՞ սպիրտը։ Տեսնո՞ւմ ես՝ ես գլխով եմ աշխատում, փոխանակ ուղղակի խղճամ քեզ՝ մանրապճեղ որբուկիդ։ Դրա համար էլ, համաձայն է՛ս իմ Աստծու, ես քեզ ասում եմ. հոգիդ ցավո՞ւմ է՝ լավ է։ Լավ է, որ դու աթոռի վրա շարժվեցիր, տիրու մերը։ Թե չէ հոգևոր հավասարակշռության դեպքում քեզ աղյուսափեչից ցած չես բերի։ Ապրի՛ր, որդյակ իմ, լացի՛ր ու պարի՛ր։ Մի՛ վախենա, թե էն աշխարհում շիկացած թավաներ ես լիզելու, քանզի դու դեռ էս աշխարհում լիուլի կստանաս թե՛ դրախտը, թե՛ դժոխքը։ — Տերտերը խոսում էր բարձր, դեմքը բոցավառվում էր, քրտնել էր։ — Դու եկել ես իմանալու՝ ինչի՞ն հավատալ։ Ճիշտ ես գլխի ընկել՝ հավատացյալների հոգին չի ցավում։ Բայց ինչի՞ն հավատալ։ Հավատա Կյանքի՛ն։ Ինչո՞վ այս ամենը կավարտվի՝ չգիտեմ։ Ո՞ւր է այս ամենն ընթանո՞ւմ՝ նույնպես չգիտեմ։ Բայց ինձ ծայր աստիճան հետաքրքիր է բոլորի հետ սլանալը, իսկ եթե հաջողվի՝ մյուսներից առաջ անցնելը… Չարի՞ք է։ Դե հա՛, չարիք է։ Եթե իմ հանդեպ որևէ մեկը այդ հոյակապ մրցության ժամանակ կեղտոտություն անի՝ ոտք գցի, ես վեր կկենամ ու կտամ մռութին։ Ոչ մի՝ «աջն էլ դեմ տուր», կտամ մռութին ու բաստա3։
— Իսկ եթե նրա բռունցքն ավելի մեծ է։
— Ուրեմն էդպիսին է իմ բախտը՝ վազել նրա հետևից։
— Իսկ ո՞ւր վազել, հը՞։
— Հըն-հընի սարը, ի՞նչ տարբերություն՝ ո՞ւր։ Բոլորը՝ նույն կողմ՝ բարիներն էլ, չարերն էլ։
— Ինչ-որ չեմ զգում, որ ես որևէ կողմ եմ ձգտում,- ասաց Մաքսիմը։
— Ուրեմն ծնկներից թույլ ես։ Ընկնավո՛ր։ Ուրեմն էդպիսի՛ն է բախտդ՝ տեղում ոռնալ։
Մաքսիմը սեղմեց ատամները… Տաք, չար հայացքով սկսեց ուտել տերտերին։
— Էդ ինչի՞ պիտի էդպիսի դառը բախտն իմը լինի։
— Թույլ ես, թույլ ես… եփած հավի պես։ Աչքերդ մի՛ պտտեցրու։
— Տերտերի՛կ, իսկ եթե ես, օրինակ, հիմի մի հատ ճակատիդ հասցնեմ, ո՞նց կլինի, հը՞։
Տերտերը (հիվանդ էլ թոքերով) բարձր, թավ ձայնով հռհռաց.
— Տեսնո՞ւմ ես,- ցույց տվեց իր հսկա թաթը,- հուսլի է, բնական ընտրություն կկատարվի։
— Իսկ ես հրացանը կբերեմ։
— Իսկ քեզ կգնդակահարեն։ Դու դա գիտես, դրա համար էլ հրացանդ չես բերի, զի՝ թույլ ես։
— Դանակով կծակեմ, ես կարող եմ։
— Հինգ տարի կստանաս։ Իմը մի ամիս կցավի, բայց կանցնի, իսկ դու կշալակես հինգ տարին ու կքաշես։
— Լավ, էդ դեպքում հենց քո՛ հոգին ինչո՞ւ է ցավում։
— Ես հիվանդ եմ, ընկեր իմ։ Ես վազեցի մինչև տարածության կեսն ու կաղացի։ Լցրո՛ւ։
Մաքսիմը լցրեց։
— Դու ինքնաթիռով թռած կա՞ս,- հարցրեց տերտերը։
— Թռել եմ, շատ անգամ։
— Իսկ ես էստեղ էի առաջին անգամ թռչում։ Հոյակապ էր։ Երբ նստում էի դրա մեջ, մտածեցի. եթե էս թռչող բարաքը շուռ գա, ուրեմն այդպես էր պետք՝ ափսոսալ ու վախենալ չկա։ Ամբողջ ճանապարհին ինձ գերազանց էի զգում։ Երբ դա ինձ գետնից պոկեց ու տարավ՝ ես նույնիսկ կողը շոյեցի՝ կեցցես։ Ինքնաթիռին՝ հաւատամ։ Ընդհանրապես կյանքում շատ բան է արդար։ Ա՞յ, ափսոսում են՝ Եսենինը քիչ ապրեց… երգի չափ ապրեց։ Էդ երգն ավելի երկար լիներ՝ էդքան սրտաճմլիկ չէր լինի։ Երկար երգեր չեն լինում։
— Իսկ ձեզ մոտ՝ եկեղեցում… հենց սկսեցի՜ն…
— Մերը երգ չի, մերը տնքոց է։ Չէ՛, Եսենինը… Էստեղ հենց երգի չափ ապրվեց։ Եսենին սիրո՞ւմ ես։
— Սիրում եմ։
— Երգե՞նք։
— Երգել չգիտեմ։
— Մի թեթև օգնի, բայց չխանգարես։
Տերտերը զլեց սառցակալած թխկենու մասին, ու էնպես տխուր ու էնպես մի տեսակ խելացի, որ իրոք կրծքի տակ ինչ-որ բան սեղմվեց։ «Ախ, ես էլ այսօր երերուն եմ ինչ-որ» բառերի հետ՝ տերտերը բռունցքով խփեց սեղանին, լաց եղավ ու բաշը ճոճեց.
— Քնքուշ էր, քնքուշ, գյուղացուն սիրում էր։ Խղճում էր, քնքուշ էր։ Իսկ ես քեզ եմ սիրում, արդա՞ր է՝ արդար է։ Ու՞շ է՝ ուշ է…
Մաքսիմը զգում էր, որ ինքն էլ սկսում էր սիրել տերտերին։
— Հայր, տե՛ր հայր… Լսիր էստեղ։
— Չեմ ուզում,- լալիս էր տերտերը։
— Լսիր էստեղ, քոթո՛ւկ։
— Չեմ ուզում, դու ծնկներից թույլ ես…
— Ես քո նմաններին դեռ առաջին կիլոմոտրին հետ կթողնեմ։ Թո՜ւյլ ես ծնկներից… Թոքախտավո՛ր։
— Աղոթի՛ր,- տերտերը վեր կացավ։ — Կրկնի՛ր իմ հետևից…
— Գնա՛, ես քո…
Տերտերը հեշտությամբ, մի ձեռքով վզակոթից բարձրացրեց Մաքսիմին, դրեց իր կողքին։
— Կրկնի՛ր իմ հետևից. հաւատա՜մ։
— Հաւատամ,- ասաց Մաքսիմը։
— Բա՛րձր, հանդիսավո՛ր. հա-ւա-տա՜մ։ Միասին՝ հա-ւա-տա՜մ։
— Հա-ւա-տա՜մ,- բարեբանեցին միասին։ Հետո տերտերը սովորական շուտասելուկի պես մենակ արագախոսեց.
– Ավիացիային, մեխանիզացիային, գյուղատնտեսությանը, գիտական հեղափոխությանը, տիեզերքին ու անկշռությանը, զի դրանք օբյեկտի-ի՜վ ե-ե՜ն։ Միասի՛ն։ Ինձնից հետո՛…
Միասին գոռացին.
— Հա-ւա-տա՜մ։
— Հաւատամ, որ շուտով բոլորը կհավաքվեն գարշահոտ մեծ քաղաքներում։ Հաւատամ, որ այնտեղ կխեղդվեն ու նորից կփախչեն ազատ դաշտերը… Հաւատամ։
— Հա-ւա-տա՜մ։
— Փորսուղի ճարպին, ցլի կոտոշին ու տնկված լծափայտին, մարմնին ու մարմնի փափկությանը…

… Երբ Իլյուխա Լապշինն աչքերը մի կերպ բացեց, տեսավ հետևյալը. հսկա տերտերը իր հզոր մարմինը շպրտում էր օթախի մի ծայրից մյուսը, թափով կքանստում, ծափ տալիս և կրծքին ու կոնքերին թփթփացնելով գոռում էր.
— էխ, հաւատամ, հաւատամ։
Էն-տեղ, էն-տեղ, էն-տեղ՝ մեկ,
Հաւատամ, հաւատամ։
Ըմ-պա, ըմ-պա, ըմ-պա՝ երկու,
Հաւատամ, հաւատամ…
Իսկ նրա կողքին, ձեռքերը կոնքերին ծալած, մանրապար էր տալիս Մաքսիմ Յարիկովն ու երկրորդում.
— Ու-տյա, ու-տյա, ու-տյա՝ երեք,
Հաւատամ, հաւատամ։
Յե-տյա, յե-տյա, յե-տյա՝ չորս,
Հաւատամ, հաւատամ…
— Իմ հետևի՛ց,- բացականչում էր տերտերը։
— Հաւատամ, հաւատամ։
Մաքսիմը հարմարվում էր տերտերի թիկունքում, նրանք պարելով լուռ պտույտներ էին գործում օթախում, հետո տերտերն էլի նետվում էր կքապարի՝ սառցափոսի պես բացելով ձեռքերը… Հատակի տախտակահեծերը ճկվում էին.
— Էխ, հաւատամ, հաւատամ։
Տի-նա, տի-նա, տի-նա՝ հինգ,
Բոլոր տնկվածներ են պինդ,
Հաւատամ, հաւատամ։
Իսկ որտեղ վեց, այնտեղ ցեց,
Հաւատամ, հաւատամ։
Երկուսն էլ՝ տերտերն էլ, Մաքսիմն էլ, պարում էին մի այնպիսի չարությամբ, այնպիսի գիշատչությամբ, որ տարօրինակ չէր էլ թվում, որ պարում են։ Էստեղ կամ պիտի պարվեր, կամ կրծքի վրա վերնաշապիկ պատռվեր, լացվեր, ու կրճտացվեին ատամները։
Իլյուխան նայեց, նայեց նրանց, ու ինքն էլ հարմարվեց հետները պարելու։ Բայց նա միայն ժամանակ առ ժամանակ բարալիկ գոչում էր. «Իհ-հա՜, իհ-հա՜»։ Նա բառերը չգիտեր։
Տերտերի շապիկը մեջքին թրջվել էր, շապիկի տակ շարժվում էին աժդահա մկանազանգվածները. նա երևի նախկինում չի էլ իմացել, թե ինչ բան է հոգնությունը, ու հիվանդությունը դեռ չէր հասցրել կծել-կտրել նրա ձիգ մկանները։ Դրանք երևի այնքան էլ հեշտ չէր կծել-կտրելը. ավելի շուտ նա բոլոր փորսուղներին կուտեր։ Իսկ եթե պետք լինի, եթե խորհուրդ տան, կխնդրի իրեն չաղլիկ գայլ բերել՝ հենց էնպես չի հեռանա։
— Իմ հետևի՛ց,- նորից հրամայեց տերտերը։
Եվ երեքն էլ շիկացած, կատաղած տերտերի գլխավորությամբ մտան շրջան շրջանի հետևից պարելու։ Հետո տերտերը ծանր, մեծ գազանի պես, նորից թռավ շրջանի կենտրոնն ու ճկեց հատակի տախտակահեծերը… Դողդողացող սեղանի վրա զրնգացին բաժակներն ու ափսեները։
— Է՛խ, հաւատամ, հաւատամ…

Advertisements