Գիլանցի գրատարածք

Անդրեյ Կորովին

Advertisements

Ղրիմյան տափաստանը

ոչնչի հետ չես շփոթի
ղրիմյան տափաստանի հոտն այդ
շիկացած հողի շունչը տտիպ
բերնիդ մեջ է
նստում է թոքերիդ
ճամփեզրի ծիրաններին վայրի
որ աճում են եզրաշերտին
ղրիմյան երկաթգծի
այդ բույրի պատճառով
ամեն տարի
ես նստում եմ հարավային ուղղության
շոգախեղդ անող գնացքը
լողանում եմ քրտինքով
խմում հարևանների հետ ուղեխցիս

իսկ հետո տափաստանը շուռ է գալիս
աղուտների մեջ Սիվաշի
արևի ու մարդկանց չորացրած ծովը
բաժանված է քառակուսիների
հողի մեջ խփված սեպերով
ջուրը գոլորշանում
մնում է աղե կեղևը
տափաստանը հեռանում է դեպի ծով
զրնգում է օշինդրե զուռնայով
կոչնակում սկյության հեծելակի ուլուլյույով
լալիս է ռուս հարճերի ձայներով

այնքան ձայներ է ներծծել
այսօրվա լռությունը
որ նրա չխոսելն
ավելի ահավոր է քան մահվան ճիչերը
հազարավոր մարդկանց
տարբեր ազգության հավատի
ներաճած այս տափաստանին
իրենց մարմին ու արյամբ

հետո տափաստանի փետրախոտե ընթացքը
դեմ է առնում սարերին
ու թավագլոր իջնում ցած
դեպի ծովը կանաչ
դեպի նավերը խորտակված
դեպի նրանք
ովքեր մի անգամ
ուզում էին այստեղ ծարավ հագեցնել
նավամբարների ջուրը թարմացնել
իրենց հետ վայրի գեղուհի վերցնել

բայց ընդմիշտ մնացին այստեղ

Advertisements