Մայլեն կլիներ թերի,
Թե չունենար իր «ղուշբասը»…
Գունագեղ սուլոցը՝ շուրթերին,
Հայացքը՝ անվերջ երկնքին…
Գեղամն էր՝ բոյով իմ ընկերը։
Երկնքում մենք կետեր էինք տեսնում,
Իսկ նա գիտեր, թե ումն են,
Որի զույգն է, ինչ գույն է…
Իմ մեջ էլ ինչ-որ բան արթնացավ.
Ուզում էի նրա պես սուլել սովորել…
Հետո այդ «ինչ-որ բանը» դարձավ
Ղուշ ունենալու՝
Վայրի, անհագ ցանկություն…
… … … … … … … … … … … … … … … … … …
Ամպամած մի օր,
Գեղամի ղուշը թևիս տակ, թաքուն
Վազեցի մեր բակ…
Մռայլ ինչ-որ բան պարուրել էր ինձ,
Ու տագնապը քունքիս էր զարկում։
Քիչ անց եկավ Գեղամը՝ նիհար,
Ամեն ինչ տեսնող աչքերով…
Հարցրեց, թե՝ մենք հո մատաղ-բան
Չունե՞նք խոստացած։
Ասացի՝ չէ՛, չունենք։
Խփեց վզակոթիս։
Անկռիվ հարված էր՝ պատասխան չակնկալող։
Տագնապն ու հոգուս շղարշը սև
Արցունքներիս հետ անձայն հալվեցին
Ու հոսեցին ներս։
Ասաց՝ ղուշը տուր։
Մտանք հավաբուն։ Բռնեց։
Ուզում էր վիզը քաշել՝ ասացի. «Մի՛»։
Նայեց դեմքիս.
«Էղածն ի՞նչ է, որ սրա համար…»։
«Մի՛», – ասացի։
«Բռնի՛,- ղուշը մեկնեց ինձ,- ես գնացի»։
«Չէ,- ասացի,- Գեղ, ես էլ երբեք ղուշ չեմ պահի»։
Նայեց, երևի հասկացավ, որ իրոք չեմ պահի, ասաց.
«Տե՜ս, ոնց ա թախլա տալու»։
Աղավնուն շպրտեց երկինք։
Էդ «խալավիզ թախլաչին» թռավ,
Թռավ ու խառնվեց
Հարևան փողոցի Պեպանի ղշերին,
«Կբռնի»,-ասացի։
«Ոչինչ,- ասաց,- էդ ղշի հետևից չեմ գնալու»,-
Ու գնաց տուն՝ հայացքը հառած երկնքին…
… … … … … … … … … … … … … … … … … … … … … … … …
Հետո՛ էլ, երբ Գեղամն այնքան էր ծեծվել կյանքից,
Որ տեսնողն ասում էր, թե ինձ պապ է գալիս,
Եվ ուներ արդեն մարդու տալու աղջիկ,
Աչքը չկտրեց երկնքից,
Ու հիմա էլ այնտեղ է՝ երկնքում,
Պեպանի հետ,
Որին շատերն էին համարում անբան,
Որն ուներ արդեն հասուն երեխաներ,
Բայց սիրում էր ղշերի հետ ճախրել…
Ու դարձավ արծիվ.
«Արծիվ – 13»-ի տղերքի հետ
Անհայտ կորած էր համարվում,
Բայց «Յութուբից» հանված տեսանյութում
Նրա մորուքի հետ տեսա թևերը,
Որոնցով նրանք՝ ինքն ու Գեղամը,
Ճախրում էին ղշերի հետ։
Ճախրում էին` իմ հոգում թողած
Կապարե ծանրությունն այն ղշի,
Որ թռավ մեր բակից
Ու իջավ Պեպանենց «կրիշին»։

Advertisements