Մանկապարտեզն ուներ պարտեզ,
Ուր մեր դայակ ու պահակ Ցողիկ տատին
Ցանում էր համեմ, կոտեմ…
Ծառեր կային, դրանց տակ՝ սինձ ու սեզ,
Բայց մեզ
Արգելում էին մտնել
Մանկապարտեզի պարտեզ…
Ունեինք վարիչ՝ Նվարդ Մանուկովնան,
Դաստիարակներ՝ «ընկեր Մաման»
Ու Գոհար Եգոռովնան, որը հաճախ էր պնդում,
Որ մենք անդաստիարակ ենք,
Հատկապես Ալեն ու Գնդոն։
Ես ու Արթուրը համարվում էինք խելոք,
Բայց երբ հավաքվում էինք չորսով,
Մտածում ու չէինք հասկանում.
«Բա ինքն ո՞ւմ դաստիարակն է»…
Մեր ծուռ Ալեն չգիտես ինչու
Խելոքացավ, մեկեն խեղճացավ…
Իսկ մեզ անընդհատ կոթում էին.
«Չեղավ, մի՛ խփեք, չե՞ք խղճում,
Չէ՞ որ էլ մայրիկ չունի»…
Մայրը գնացել էր տանից…
Հետո Ալեն՝ Ալեքսանը,
Դարձավ չլսող, կռվարար…
Խղճում էին, ձայն չէին հանում,
Բայց Գոհար Եգոռովնան,
Երբ Ալեն չարություն էր անում,
Բոլորից թաքուն բռնում էր
Ալեի շրթունքն ու քաշելով ոլորում…
Բայց Ալեն, ինատու,
Ավելի չար էր դառնում…
Եգոռովնան՝ ավելի…
Շրթունքը վնասվեց, ու Ալեին «լալոշ» էինք ասում…
Հետո միասին քայլեցինք
Պատանության, ջահելության միջով,
Ինչեր ասես չարեցինք…
Ալեն այդպես էլ կարգին չհաշտվեց
Ո՛չ մոր հետ, ո՛չ հոր՝ Քերոբի։
Չամուսնացավ։
Հոր տունը կիսեց,
Ուր ապաստան էր տալիս բոզ ու որբին։
Անվերջանալի արկածները
Նրան գամեցին շշին,
Ու մի օր էլ նրան գտան
Կապույտ կամրջի տակ՝ ջնջխված…
Մահից մի քանի տարի առաջ
Ուռենի էր տնկել վաղուց անջուր առվի թմբին,
Եվ ուռենին կպել էր…
Մի օր ասաց.
«Էս ուռը տնկելիս վրես խնդում էին,
Ասում էին՝ ղռե՛րը տար, ավելի հեշտ կկպչի…
Կպցրի։
Կպավ, բայց ծուռ էր աճում։
Ասում էին՝ ըտենց էլ ծուռ կմնա, ուշ է…
Դե հիմի տե՞ս»…
Հետո նայեց երկնքին գորշ
Ու շշնջաց. «Վերջը, ախպերս,
Ըտենց էլ ծուռ մնաց
Էս անտեր պռոշս»…

SAM_1472

Advertisements