Գիլանցի գրատարածք

«Մանկություն» շարքից

Advertisements

* * *

Երբ մի քիչ մեծացանք,
մեծերը հանկարծ հասկացան,
որ մեր օրը լցնել է պետք,
թե չէ լուսամուտներն ու չափարները
ոչ օր ունեին, ոչ` արև…
Ու մայլեն զբաղմունք գտավ.
բոլորիս (կարծեմ անխտիր)
տարան բռնցքամարտի…
Բայց մեծերը` կարոտ թամաշի`
մեզ բաժանում էին ըստ տարիք ու քաշի,
ու մնայլեն տաքցած գվվում էր…
Մի օր էլ` շուլուխ – շուլուխի`
բռնցքամարտի ձեռնոցները հագան
պապիկները` Մուրադն ու Հրանտը…
Հետո ծիծաղը պայթեց ու Հրանտ պապին ասաց.
«Մալադեց, Մուրադ, արաղն ինձանից»,
Մուրադին ուսեց ու տարավ դեպի իրենց թթենին…
Փոքրամարմին, համեստ, լռակյաց
քարտաշ Մուրդը երբ մեռավ`
թաղը հավաքվեց նրանց տանը`
այդպես էլ մինչև վերջ չգաջած…
Լռություն կար, ու մի ձայն` հոգնած,
ասաց. «Մալադեց, մարդ` եկավ, մարդ` գնաց»։
Ավելի ուշ մեռավ Հրանտը`
մշտապես կոնֆետը գրպանում,
բարի, բայց խստապահանջ ժպիտով,
մեկ-մեկ` խմիչքասեր, ընթերցասեր` մշտապես,
պատմական գրքեր ուներ (անգամ արգելված…)
ու սիրում էր օյիններ սարքել…
Հրանտ պապին երբ մեռավ`
մեր փողոցում տեղ ու դադար չկար.
Վրաստան, Ռուսաստան ու չգիտեմ էլ որտեղից
(Հայաստանը չհաշված) եկան սև շքեղ «Վոլգաներ»,
«իմպորտնի» ավտոներ ու մարդիկ,
որ մռայլ էին, սառն, անհաղորդ աչքերով…
Ու ամբոխի վրա թևածում էր`
«մալադեց, մարդ էր` մարդ մնաց»…
Հետո մեծերն ասացին, որ Հրանտ պապին
գող է եղել… օրենքով… Բժիշկ Հրանտ մականվամբ,
որ նրա մասին անգամ գրքերում կա գրված,
բայց հեռացել էր էդ աշխարհից… ինքնակամ…
ու եկել էր մայլա, տուն էր սարքել,
որը թեև գաջած, բայց դեռ անհարդար էր…
Դարձել էր մեր Հրանտ պապին,
որ հետևում էր մեր «յոթ քար» ու «չիլիկ դաստին»`
որ հանկարծ հարամ չխաղանք…
Որ Մուրադ պապի հետ «բոքս անելիս»
միչև ձեռնոցները հագավ`
Մուրադը մի թեթև հագցրեց մատերին,
մարտական աքլորի կեցվածք ընդունեց
ու ձեռքի շարժման հետ` ձեռնոցը թռավ,
աղեղնաձև թռավ ու կպավ Հրանտի ճակատին…
Մայլեն ծիծաղից թուլացավ,
իսկ Հրանտ պապին ասաց.
«Մալադեց Մուրադ, արաղն ինձանից»…

Advertisements