Սեղանի գիրք հասկացությունից վերջերս մի քիչ խուսափում եմ, քանզի թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ենք և օրերով համակարգչի էկրանն է աչքիս դեմ, բայց հեղինակներ կան, որոնց գրքերը գրասեղանիս վրա են։ Բացում եմ հատկապես այն ժամանակ, երբ աչքս տեքստով շեյելու, բարձր գրականությամբ հոգուս ու մտքիս քիմքն անուշելու կարիք եմ ունենում… Սեղանիս մշտապես առկա են Նարեկացին, Չարենցի ընտրանին, Մաթևոսյանի երկհատոր «Հատընտիրը», Մարկեսի և Խեչոյանի գրքերը։ Շատ հեղինակներ կան որոնց գրքերն էլ են սեղանիս, չթվարկեմ, բայց այդ շատերը փոխվում են, սրանք մշտական են։

Թե՛ Նարեկը, թե՛ Չարենցն ինձ համար լեզվական իրողություն են, լեզվի իսկական հրավառություն… Խեչոյանի վաղաժամ հեռանալը կսկիծով է պատել իր հետ կապված ամեն ինչ, ներառյալ գիրը, ու թե իր կենդանության ժամանակ կարդացած չլինեի՝ հիմա չէի կարողանալու… Այս դեպքում ուրախանում եմ, որ ժամանակին Հրանտ Մաթևոսյան Վարպետին անձամբ չեմ ճանաչել…

Կարելի է հեգնել, թե՝ ի՜նչ ընթերցանություն, երբ արդեն տևական ժամանակ է՝ երկիրը կանգնած է անդունդի եզրին ու ինչ-որ անհնարին հնարքով խուսափում է գահավիժելուց։ Համակարգչի էկրանից աշխարհը խուժում է ներս՝ շինծու, վավաշոտ, խղճահարույց, տագնապալի, անհոգ, աղետագույժ… Տևական ժամանակ է, ինչ անհարկի այս աղմուկը խլացնում է երկրի կրծքավանդակից պոկվող ճիչը՝ իսկական գրողի ճշմարիտ խոսքը։ Համատարած գրագիտության, թվային տեխնոլոգիաների, մեդիաների այս դարում իսկական գրականությունն արդեն տարանջատվել է գրավոր խոսքից, բայց դրա գիտակցումը դեռ չկա… Այսօրվա գրողների գործերում սուր հարցադրումներ անող ստեղծագործությունների պակաս չկա։ Կարդում ես ճարտար, կարդացած մտքի գերբարդ պատկերներով մեծածավալ շարադրանքն ու հասկանում, որ Հարկավոր էր Մաթևոսյանի «Հատընտիրը» բացել, «Ես ես եմ»-ը բացել… քանզի՝ «…գրականություն մտնում են ոչ թե հարցերով, այլ պատասխաններով…», քանզի՝ «…Մենք ընթանում ենք ուրիշի կուրսով, մեզ ուրիշ ճանապարհով են տանում: Եվ ոչ միայն մեզ՝ գրողներիս, այլև ամբողջ հասարակությանը. իմ երեխաների սեղանի գիրքը ես չեմ՝ հեռուստատեսությունն է, զանգվածային մշակույթը: Ժողովուրդը օտարվել է իր մշակույթից»…

Երբեմն ինձ թվում է, թե Հրանտ Մաթևոսյան Վարպետն ապրել և ապրում է մեր բոլոր ժամանակների մեջ՝ անցյալ և ապագա, մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Նա գրել է այն, ինչ մենք մտածում էինք, բայց չէինք կարողանում ձևակերպել, նրա ամեն տողն իմ սրտի թրթիռից է պոկված, իմ զգացմունքներից, թաքուն պահված հույզերից, վախերից, հույսերից… Հարցազրույցներում, խոհագրություններում, հոդվածներում Մաթևոսյանն արդեն տվել է այսօրվա  ստեղծագործությունների առաջ քաշած «նոր հարցերի» ստույգ պատասխանները, ասել է թե՝ հիմա գրականության պակաս կա՝ սիրո պակաս, թասիբի պակաս, երկրի պակաս, երկրի մարդու պակաս…

Գրականությունն ավելի խղճուկ վիճակում է, քան հայրենիքը լքող հուսահատված քաղաքացին, քանզի երկրի ձայնը չի լսում, հոտը չի առնում, գույնը չի տեսնում…

Նորից բացում ես Մաթևոսյանի հատորը կամ կայքը (գրեթե ողջ գրավոր ժառանգությունը կա՝ http://www.hrantmatevossian.org) ու կարդում՝ «Գականությունը միայն մեկ հասցե ունի, ավելի ճիշտ՝ պետք է միայն մեկ հասցե ունենա՝ Երևան, Պուշկինի փողոց 3, Հրանտ Իգնատի Մաթևոսյանին, և մի փոքրիկ երկտող՝ «Կարդա, սիրելի Մաթևոսյան, այստեղ դու վրացի ես, այստեղ դու քար ես, այստեղ իշխանուհի ես…»։ Կամ՝ «…Այս հայրենիքը բոլորինս է, և բոլորս ենք նրա պաշտպանը, և բոլորս գիտենք, որ նրա անկումը անկումն է բոլորիս՝ հարուստներիս և աղքատներիս, ձրիակերներիս և մշակններիս… և նրա կյանքը մեր հավերժությունն է»։