Մաթևոսյան ընթերցած մարդու համար, երբ խոսվում է գրականության, արվեստի, հանրային կամ անձնական կյանքի մասին, գրեթե անհնար է զրույցի մեջ Մաթևոսյանից մեջբերում չանելը։ Երբեմն ինձ «թափանցիկ» ակնարկում են, թե չափից շատ եմ մեջբերում Մաթևոսյանից, որ շատ եմ ազդված։ Դրանից ես ուրախանում եմ, քանզի գիտեմ, թե ումից արժեր ազդվածություն ունենալ, ուրեմն հոգիս ներծծել է Մաթևոսյանի գիրը, բայց նաև անկեղծորեն տխրում եմ։ Ո՛չ այն պատճառով, որ իմ սեփական «ես-ը», ըստ ակնարկողների՝ չափից շատ է ազդված, այլ՝ որ նրանք գիտեն, որ Մաթևոսյան ունեն, ու գիտակցաբար խուսափում են գիտենալուց, նրա խոսքն աներկբա ընդունելուց։ Երևի իրենք էլ են ուզում «Մաթևոսյան» լինել ու նաև գիտեն, որ մեղք են գործում իրենց հոգու առաջ, և իրենց արդարացնելու համար է, որ ուզում են քո մեջ էլ իրենց նմանին տեսնել…
Եթե սա հավակնոտություն է, ապա ավելի լավ է հավակնել ոչ թե «Մաթևոսյանի», այլ սեփական տեղին, քանզի գրականությունը եթե արտաքուստ նման էլ է ավտոբուսի, որի մեջ նստատեղերը սահմանափակ են, ապա չպետք է մոռանալ, որ հսկիչն անաչառ ու ամենազոր Ժամանակն է, ու լավ գիտի բոլորիս տեղը…
Այս բարդույթի մի այլ տեսակին ես հանդիպեցի Մոսկվայում՝ Գորկու անվան գրական ինստիտուտի պատերից ներս, ուր, օրինակ, Բրոդսկուց խոսելը անճաշակ ու տգետ լինելու նման մի բան էր նշանակում։ Ընդհանրապես Մոսկվայի զուտ գրական շրջանակներում մինչ օրս էլ Իոսիֆ Բրոդսկու մասին աշխատում են չխոսել, քանի որ ռուսական պոեզիան երկար ժամանակ ճզմված էր նրա տակ, ու տակից գրեթե այլ ձայն չէր լսվում։ Անձամբ ես դրան հանդիպեցի այն ժամանակ, երբ վազվզում էի Գրական ինստիտուտի հանրակացարանի յոթերորդ հարկում, ուր ժամանակին ապրել է նաև Մաթևոսյանը, ու «Դրուժբա նարոդով» ամսագրի հայկական համարը ձեռքիս համակուրսեցիներիս հետ խոսում էի իրենց համար անհայտ հայ գրականությունից։ Այդ օրերին էր, որ համակուրսեցիս դիտողություն էր ստցել իր վարպետի կողմից, թե մեր հանրակացարանի մասին ինչ-որ բան գրելուց առաջ հարկավոր էր Մաթևոսյանի «Խումհարը» կարդալ, և որտեղից-որտեղ՝ ես՝ ամսագրի հայկական համարը ձեռքիս, իսկ համարի մեջ՝ Մաթևոսյանի «Սպիտակ թղթի առջև» խոհագրությունը (էսսեն)։ Նրանցից մեկն ինձ մեկուսի ասաց.
— Գիլանց, ոնց որ թե հայ արձակն էլ Մաթևոսյանի տակ է ճապաղված, այնպես, ինչպես Բրոդսկին է ճզմել ռուսական պոեզիան, ուղղակի ինքդ էլ հասկանում ես, որ ինստիտուտում այս մասին խոսենք՝ սպիտակ ագռավ կդառնանք, թե չէ անձամբ ես հատկապես վաղ Բրոդսկի շատ եմ սիրում…
Այդ օրվանից սկսած՝ մենք մտերիմ ընկերներ դարձանք ու բանավեճում խոստովանեցինք, որ նրանք՝ Մաթևոսյանը, Բրոդսկին, Բիտովը… ոչ թե մեր գրականությունների գլխին գցված քար են, որոնց տակ ճապաղվում են մնացյալները, այլ գրական նոր չափանիշ, որակի սանդղակ։ Ու եթե, Աստծո տված տաղանդից բացի, կամք ու եռանդ կա, եթե Մաթևոսյանի ասած նստուկն ունես, ուրեմն չես ճապաղվի, այլ անկեղծորեն կուրախանաս, կհպարտանաս, քեզ հարուստ կզգաս ու փառք կտաս Աստծուն, որ սրանից ութսուն տարի առաջ հեռավոր գյուղում ծնվել է Հրանտ Մաթևոսյան Վարպետը…
Այս մտորումների մեջ էի, երբ կինս, ասես մտքերս կարդալով, հանկարծ հարցրեց.
— Չե՞ս փոշմանել, որ չես գնացել Մաթևոսյանին հանդիպելու։
— Չէ՛,- ասացի,- չե՛մ փոշմանել։
Իննսունականներին «Հայաստանի հանրապետություն» թերթին տված նրա մի հարցազրույցում հանդիպած միտքն այն ժամանակ ինձ կատաղեցրեց, ու հարցազրույցը վարած Անահիտ Ադամյանին ասացի.
— Ո՜նց կարող է Հրանտ Մաթևոսյանն էդպիսի բան ասել, ի՞նչ է նշանակում՝ «մեզ լավ արձակ է պետք, ոչ թե պոեզիա…»։
Մի քանի օր անց Անահիտ Ադամյանն ինձ մեկնեց Մաթևոսյանի հեռախոսահամարն ու ասաց. «Գնա իրեն հարցրու, թե ինչու է էդպիսի բան ասել, գիտի, սպասում է, պատմել եմ…»։ Բայց մեծ գրողի հանդեպ ունեցածս ակնածանքը խանգարեց, չգնացի։ Ու միայն այսօր հասկացա, որ այո՛, չե՛մ փոշմանել, քանզի Լևոն Խեչոյանի ու Սամվել Մկրտչյանի կորստի կսկիծն անվերջ է թվում…
Իսկ Մաթևոսյանի մասին պարապ խելախոսելն անհնար է ո՛չ միայն այն պատճառով, որ նրա մասին գրել ու գրում են ավելի անվանիներն ու մտերիմ ընկերները։ Որպես կանոն, իր տրամաչափի մարդկանց մասին մեծավ մասամբ և միայն նրանց հեռանալուց հետո շատ են գրում այն անվանիները, ովքեր գրողի կենդանության ժամանակ վախեցել են սեփական կարծիքն արտահայտելուց, վախեցել մասնագիտական սխալից, իսկ մտերիմ ընկերների քանակն էլ աճում է երկրաչափական պրոգրեսիայով… Անհնար է պարապ խելախոսել, քանզի նրա լեզվի օվկիանոսը դուրս կթքի բառափրփուրդ, ու ակամա կհիշես. «Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով, և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՜սխդ…»։
Այո՛, Հրանտ Մաթևոսյան ոչ թե պիտի կարդա՛լ, այլ պիտի ընթերցե՛լ, քանզի
Մաթևոսյան ընթերցելիս թվում է՝
- թե ինքն արդեն ընթերցել է քեզ և նույնքան խորն է թափանցում քո մեջ, որքան արյանդ հիշողությունը,
- որ քեզ հետ ու քեզնից առաջ ինքն ապրել է քո կյանքը, գիտի՝ որտեղ ես ճախրելու, որտեղ ես գայթելու, ու քեզ պատմում է քո ապրելիք կյանքի մասին,
- որ դու սխալ հավաքած «փազըլ» ես. ինքը քանդում է քեզ ու նորից հավաքում, ու դու հանկարծ ինքնաճանաչ ես դառնում, և այդուհետ անկարող ես մարդ չլինել, հայ չլինել,
- դառնում ես այն, ինչ երբեք չես եղել՝ ծառ, ձի, սյուն, գայլ… Ու զարմանքով հայտնաբերում, որ դու՝ դու ես, ինքն ուղակի ցույց է տվել քո մեջ ապրող ծառին, ձիուն, գայլին…
- որ նրա խոսքը մերթ նյարդավիրաբույժի լազերային նշտար է, մերթ էլ սայլի ճաղ տաշող տապար… Ու ապշում ես, որ նա միևնույն վարպետությամբ գործածում է թե՛ նշտարը, թե՛ տապարը… Ու հղկում, ողորկում է տեսակդ՝ հասցնելով միկրոճշգրտության…