«Մարգարեների» տեսակն ու տեսակավորված «մարգարեությունները»…

Թողնել մեկնաբանություն


Մհեր Արշակյանի «Հուսիկ Արա. «Մարգարեն»» վերտառությամբ նյութը առիթ տվեց մի քիչ այլ, ավելի ընդգրկուն խոհի։

Ասում են խոսքը կարող է փամփուշտի պես ծակել-անցնել, անգամ սպանել, բայց մոռանում են ասել, որ փամփուշտին սպանիչ արագություն և ուժ է հաղորդում հրացանը, այսինքն՝ ասողը։ Էս դեպքում ինչ նորագույն փամփուշտ էլ լինի՝ հրացանի փողից մի կերպ է դուրս գալու, եթե ընդհանրապես հասցնի դուրս գալ, քանի որ ասողին և՛ ես եմ ճանաչում, և՛ Արշակյան Մհերը, և՛ Մարինան, է՛ էլի շատերը, ովքեր «цех»-ի պատվախնդրությունից կամ գեղագիտա-գաղափարական ինչ-ինչ մոտեցումներից ելնելով պաշտպանում են, բայց…

Սկզբունքորեն ինձ չի հետաքրքրում ո՛չ այդ գրվածքի վերլուծությունը, ո՛չ «մարգարեկան հանճարեղությունը», ո՛չ էլ «զիբիլ» լինելը։ Ինձ հետաքրքրում է թե ով է դա ասում, ասողի տեսակը։ Արդյո՞ք համաքայլ են նրա գործն ու խոսքը։

Ընդհանրապես տարածված մոլորություն կա, թե ազնվությունն այս աշխարհում բանի պետք չէ, տեղ չունի։ Իրականում որ տեսակն ինքն իր մեջ, ինքն իր հետ ավելի ազնիվ է, նա էլ իշխում է։ Այլ հարց է, թե ի՞նչ արժեհամակարգ  է այն կրում։ Մենք անընդհատ կռիվ ենք տալիս այսօրվա իշխողների արժեհամակարգի՝ զոռբայության, գռեհկության, ագահության, գողական ու ստամոքսային բարքերի հետ, բայց ոչինչ չի փոխվում։ Ինչո՞ւ… Որովհետև այսօրվա իշխողների տեսակն ավելի ազնիվ է ինքն իր մեջ։ Նրանք իրենց մեջ հայտնված «ֆուֆլոյին»՝ (դատարկախոսին) հենց իրենք են «փչացնում», իրեն հասանելիք տեղն են ցույց տալիս, իրենց միջավայրում բնության հիմնական օրենքը՝ բնական ընտրությունն ու բնականոն զտումը, աշխատում է. ուժեղն ի՛ր տեղում է, թույլը՝ ի՛ր։ Իսկ դա որոշարկվում է անձի՝ խոսքի ու գործի համադրմամբ։ Դրա համար էլ իրենց միջավայրում խոսքն արժեք ունի, ոչ թե ուղղակի փեշակ է։ Արդյո՞ք մենք՝ այլ արժեհամակարգ դավանողներս, մեր հանդեպ ազնիվ ենք, մեր միջի դատարկախոսին իր տեղն ենք ցույց տալիս… Ո՛չ։

Եթե ազնիվ լինենք միմյանց նկատմամբ, ապա պիտի փաստենք, որ մեր մասին Հուսիկ Արայով կարծիք կազմողը  արդարացիորեն պիտի նախընտրի մյուս տեսակին, որի գոնե խոսքն ու գործն իրարից չեն տարբերվում,  քանի որ Հուսիկ Արան պատերի տակ, հայացքներից հեռու նվնվում, բամբասում ու բողոքում է այսօրվա վիճակից, իսկ հրապարակավ բարձրաձայն գովերգում երկիրն այդ վիճակին հասցնողների ղեկավարին ու ամեն ինչում մեղադրում «տաս հազարով ծախվող» ժողովրդին։ Ժողովուրդն էլ հո լավ գիտի ասացվածքը՝ «Ասա ընկերդ ով է…»։

Դեմ չեմ, միգուցե Հուսիկ Արան մասամբ ճիշտ է նկարագրում այսօրը, բայց մոռանում է նշել, որ ինքն էլ է այդ օրին հասնելուն նպաստել։ Դա շատ նման է մի վիճակի, երբ «իրեք մանեթանոց» լացող պառավը օգնության կարիք ունեցող վիրավորի կողքին է հայտնվում և օգնելու տեղակ սպասում է վիրավորի մեռնելուն, որ իր «վարպետությունը» ցույց տա… Բայց իրականում այդ գրվածքը Հուսիկ Արայի հոգեկերտվածքն է, ու եթե նա ձեր նախընտրած տեսակն է, ապա նրա խոսքի հիման վրա ստեղծված երկիրն այլընտրանք չի ունենալու, նրա պես անհույս, աներազ ու կղանքից կղանք սողացող է լինելու։ Թե էդպիսի երկիր եք ուզում ժառանգել ձեր երեխաներին՝ շարունակեք պաշտպանել։

Քավ լիցի, չեմ ուզում ասել, որ բոլոր գրողներն ու մտավորականները պիտի ընդդիմադիր լինեն, կամ կրեն այն արժեհամակարգը, որ մենք ենք դավանում, բոլորի կարծիքն էլ հարգանքի է արժանի և գոյության իրավունք ունի։ Խնդիրն այլ տեղ է…

Այսքան աղմուկ ու վեճից հետո  չզարմանաք, որ նա «թունդ մտահոգի ու ընդդիմադիրի»  կեցվածք ընդունի, այլևս ուրիշ ելք չունի, բայց դա էլ է ժամանակավոր լինելու։ Տարիներ անց կբողոքեք, որ այսինչ մտավորականը ծախվեց,  ճամբար փոխեց… Բայց հանկարծ չմոռանանք, որ դուք եք նրան ծնել՝ հաճախ երեսպաշտության հասնող այս պաշտպանությամբ, «յուրայինին» ամեն գնով «ճիշտ» հանելու մտածողությամբ, որն ըստ էության ոչ այլ ինչ է, քան ապացույց, որ մենք նույնպես ոհմակային արժեհամակարգի կրող ենք, այն արժեհամակարգի, որն օրնիբուն ու անընդհատ «քլնգում ենք»։ Ինչի՞ համար եք «քլնգում», միայն նրա համար, որ իրենք իրենց տեսակի մեջ ավելի ուժե՞ղ են։ Դա բավարար չէ՛, չէ՞ որ մեր կիսատ-պռատությունը ոչ ոքի պետք չէ, եթե այլ արժեհամակարգ չենք բերում, որը խարսխված է ազնվության վրա։ Այս պահվածքով մենք անկախ մեզանից խոստովանում ենք, որ երկիրն արևելյան թերմացք դարձնողներից էապես չենք տարբերվում, նույն էությունն ունենք. «մեկ ա, մենք ճիշտ ենք», «մեր դեմ խաղ չկա», «մերոնցից ա, ուրեմն ճիշտ ա»… Չնայած, չէ՛, տարբերվում ենք, մենք ավելի վատն ենք, քանի որ թույլ ենք, քանի որ ջրում ու պարարտացնում ենք այն հողը, որն ապագայում մուտացիայի ենթակված «սարայագետներ» է ծնելու։

Ու հենց այդ տեսակն էլ ստիպում է որ երկիրը սողա «կղանքից կղանք»… Իսկ միգուցե այդպիսի կենսակերպը իր տեսակի երազա՞նքն է, քանի որ այլ գոյություն չի էլ պատկերացնում, քանի որ կղանքն անընդհատ ջրի երեսին է։ Ու ես շատ լավ եմ հիշում, թե մեր դասկաններից ով էր ասում, որ «Էս երկիրն ազնվության պակաս ունի»։

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ

Թողնել մեկնաբանություն


Սկսել եմ որպես բանաստեղծ։ Մինչև հիմա էլ ինձ համարում են բանաստեղծ, թարգմանիչ և էսսեիստ։ Ես հիմա այդպես էլ ստորագրում եմ, սակայն գրականությամբ զբաղվելուց որոշ ժամանկ անց, սկսեցի հասկանալ, որ գրականության մեջ ժանրային տարաբաժանումներն արհեստածին են, դրանք հեշտացնում են քննադատների ու գրականագետների գործը, և ինչպես հիմա ասում են բնապահպանները՝ մարդկային գործոն են բնության վրա։ Ինձ հետաքրքրեց թե իրականում որքան սերտ է գրի լեզվի և գրական տեքստի (առանց ժանրային տարաբաժանման) միասնականությունը։ Իմ վերջին գիրքը կառուցված է հենց այդ սկզբունքով. ասելիքը հընթացս փոխում է ձևը՝ պոետիկ խոսքից անցնելով վերհուշի, հետո՝ գռեհկության, անեկդոտի, հետո նորից ձեռք բերում ռիթմայնություն։ Դրա համար նաև հարկավոր էր, որ տարբեր տարիների գրված բանստեղծություններն ու պատմվածքները, հուշերն ու անգամ ֆեյսբուքյան ստատուսները դառնան մեկ միասնական պատմություն ու սահուն լեզվատրամաբանությամբ անցնեն մեկից մյուսը։ Գիրքը սկսվում և ավարտվում է միևնույն բառերով՝ «Աստծո տեսակարար կշիռը», սակայն եթե առաջին դեպքում դա խորհրդածության վերնագիր է, ապա վերջում՝ դեռևս մոր կրծքի տակ ապրող դստրիկիս ուղղված խոսք է։

Ֆյոդոր Սոլոգուբ

Թողնել մեկնաբանություն


Առաջին ու երկրորդ բանաստեղծության թարգմանիչը հայ դասկան է… Կարո՞ղ եք մեկնաբանություններում գրել այդ թարգմանչի անունը…

* * *

1.

Մայիր աստղն է ցոլում վրաս,

Աստղը Մայիր.

0, այդ լույսով լուսավառված

Հեռու երկիր…

Երկիրն Օյլե՝ եթերային ալիքներում,

Երկիրն Օյլե։

Մայիրի պարզ լույսն է վառվում

Երկրում Օյլե…

Լիգո գետն է սիրո երկրում,

Գետն է Լիգո,

Մայիրի պարզ դեմքն օրորում

Իր ալիքով…

Քնարի թրթիռ, բուրմունք ծաղկանց,

Քնարի թրթիռ,

Համաձայն երգ չքնաղ կանանց՝

Գովքըդ Մայիր…

2.

Օյլե երկրում հեռավոր ու դյութական…

Այնտեղ է իմ սերը բոլոր, իմ հոգին։

Օյլե երկրում հեռավոր ու դյութական

Նվագներով քաղցրաձայն ու համաձայն

Օրհներգում են, գովեստ երգում այն կյանքին,

Այնտեղ Մայիր աստղի ցոլքով լուսավառ՝

Ողջը ծաղկում ու երգում է այնպես պարզ,

Այնտեղ Մայիր աստղի ցոլքով լուսավառ,

Եթերային օրորումով օրորված,

Խորհրդավոր մի այլ աշխարհ է ապրում…

3

Այն ամենն, ինչ մենք չունեինք այստեղ,

Ամենն, ինչ ծնում էր երկրի վշտերը,

Ծաղկում ու փայլատակում է այստեղ,

O՜, Լիգոյական օրհնված դաշտեր։

Երկրի աշխարհը՝ թշնամանքի ծով,

Երկրի աշխարհն է պատված ունայնով,

Սփոփվում ենք լուռ գերեզմանոցով,

Մահու պես երկար ու մթին քնով:

Բայց Լիգոն հոսում ու գլգլում է,

Հրաշագեղ ծաղիկներն են բուրում,

Մայիրը՝ կուսական, լռին փայլում է

Հավերժ գեղեցկության երկրի վերում:

4

Քիչ-քիչ կքայքայվի աճյունն իմ,

Կներծծվի խոնավ հողին,

Ես աստղերի մեջ կգտնեմ իմ

Ուրիշ՝ Օյլե երկրի ուղին:

Երկրայինը կմոռանամ ես,

Եվ չեմ լինի այնտեղ օտար,

Երկրային սովորության պես

Այլ հրաշքի կհավատամ:

5

Մենք շուտով կմեռնենք

Երկրի երեսին, —

Մենք շուտով միասին

Օյլե կհասնենք:

Պայծառ Մայիրի տակ

Մեր սերը անբիծ,

Լուսե Մայիրի տակ

Կգտնենք նորից։

Այն, ինչ թաքցնի

Խանդոտ երկիրը,

Արևը թաքցնի —

Ցույց կտա Մայիրը:

%d bloggers like this: