Սկսել եմ որպես բանաստեղծ։ Մինչև հիմա էլ ինձ համարում են բանաստեղծ, թարգմանիչ և էսսեիստ։ Ես հիմա այդպես էլ ստորագրում եմ, սակայն գրականությամբ զբաղվելուց որոշ ժամանկ անց, սկսեցի հասկանալ, որ գրականության մեջ ժանրային տարաբաժանումներն արհեստածին են, դրանք հեշտացնում են քննադատների ու գրականագետների գործը, և ինչպես հիմա ասում են բնապահպանները՝ մարդկային գործոն են բնության վրա։ Ինձ հետաքրքրեց թե իրականում որքան սերտ է գրի լեզվի և գրական տեքստի (առանց ժանրային տարաբաժանման) միասնականությունը։ Իմ վերջին գիրքը կառուցված է հենց այդ սկզբունքով. ասելիքը հընթացս փոխում է ձևը՝ պոետիկ խոսքից անցնելով վերհուշի, հետո՝ գռեհկության, անեկդոտի, հետո նորից ձեռք բերում ռիթմայնություն։ Դրա համար նաև հարկավոր էր, որ տարբեր տարիների գրված բանստեղծություններն ու պատմվածքները, հուշերն ու անգամ ֆեյսբուքյան ստատուսները դառնան մեկ միասնական պատմություն ու սահուն լեզվատրամաբանությամբ անցնեն մեկից մյուսը։ Գիրքը սկսվում և ավարտվում է միևնույն բառերով՝ «Աստծո տեսակարար կշիռը», սակայն եթե առաջին դեպքում դա խորհրդածության վերնագիր է, ապա վերջում՝ դեռևս մոր կրծքի տակ ապրող դստրիկիս ուղղված խոսքիս վերջին բառերն են։

Advertisements