1

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Հոգնած օվկիանոսի ժահրոտ ալիքներից

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի…

Կիրք ու գզվռտոցի դժխեմ օվկիանոսում՝

Ես մի ծե՛ր ծովագայլ՝ հոգնած թափառումից…

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

2

Ա՜խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ,

Էս ե՞րբ ես մնացի այսպես՝ անառագաստ…

Ա՜խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

Ալիքները՝ ժահրոտ, դժխեմ օվկիանոսի,

Գոնե ինձ ափ նետեն՝ մի քիչ փեշիդ մոտիկ…

Ա՜խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ։

3

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ,

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին…

Առագաստը՝ արդեն կրծքիս չի փողփողում,-

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ…

Օվկիանոսն իմ խրոխտ կեցվածքից գազազած,

Էլ չի կոչնակելու ննջող հողմադեվին…

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ,

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին…

4

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին,

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ,

Նոր պիտի դառնայիր երազելի եզերք՝

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին,

Բայց քո բույրն ամենուր թեվածում էր, որպես

«Թռչող հոլանդացի»… Իսկ ես մի խենթ նավազ…

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին,

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ։

5

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ,

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի,

Սիրենների երգը ինձ տանում էր հեռուն,-

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ։

Քանի՛ տարի անցավ… Ողբերգական դարձս

Չի նմանվում բնավ դարձին Ոդիսևսի…

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ,

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի:

6

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ

Ու սերմերից ծլած կարոտն էր ամենուր…

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի.

Նավախելիս կողքով կղզիներ էին լողում,

Անթիվ նավզիկեներ՝ սպասումով լեցուն…

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ…

 

7

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ,

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,-

Պիգմալիոնի աստղը ժպտում էր երկուսիս՝

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ։

Ծովածին փրփուրից ես քեզ արարեցի

Ու քայլում ես, ահա, որպես տենչանք անհուն՝

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ…

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի…

8

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Կիրք ու գզվռտոցի դժխեմ օվկիանոսում

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի։

Ծովածին փրփուրից ես քեզ արարել եմ,

Բայց չի կենդանացրել Ափրոդիտեն, սակայն…

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

9

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Ես արդեն մի խարխուլ կայմի մնացորդ եմ,

Էս ե՞րբ ես մնացի այսպես՝ անառագաստ…

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

Ալիքները ժահրոտ, դժխեմ օվկիանոսի,

Գոնե ինձ ափ նետեն մի քիչ փեշիդ մոտիկ…

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի։

 

Advertisements