Առաջարկներ ՀՀ հպարտ խադավիկներից ու հողագործներից

Թողնել մեկնաբանություն


Մեղքս ինչ թաքցնեմ, մինչև հիմա էլ խղճի խայթ ունեմ, որ ցանկացա Մեսրոպին էլ հետս տանել Իտալիա, թեկուզ երազում։ Բայց պարզվեց, որ երազն այնքան էլ երազ չէր։ Նաև պարզվեց, որ ցածից դեպի վեր սողացող վիրուսն էնքան վտանգավոր չէր, որքան տասնապատիկ ավելի արագ տարածվող, ապուշության հասնող հիստերիկ վախի համաճարակը։ Բայց ի պատիվ և ի արդարացում Մեսրոպի պիտի ասեմ, որ ինքը փակված տարածքում ոչ թե հիստերիայի գիրկն ընկավ, այլ բանակային հուշերի, բայց էդ անտեր վիրուսն իր ներկայության մասին անընդհատ հիշեցնում էր, երևի արդեն կպել էր ոտքերին, դե ոտքերն էլ հայտնի է, թե որտեղ են միանում… Ու Մեսրոպս անալիզների ու բաց հետույքների մասին հուշերի գիրկն էր ընկել, ու հետևից հետույքներին նայող մայորի, բայց կարգին դիմացկուն տղա է, չնայած հազար մարդ հետևից հազար բան է ասում… Մի խոսքով, երբ պարզեցինք, որ խցից մեզ դուրսբերողների պակաս չունենք, Արքոն էլ կամավոր առաջարկեց իր օգնությունը, խցի պատերն անմիջապես անհայտացան։ Հայտնվեցինք մեր սեփական մեկուսա-բնակարաններում։

Հանգիստ շունչ քաշեցի, մեղքի զգացումն էլ անցավ։ Մեկ էլ Մեսրոպը գրեց, թե՝ «Գիլու ձագ, մի խանգարի, դասի եմ»։ Մեկ ուզում էի միանալ ու դասը խանգարել, բայց հետո փոշմանեցի։ Ի տարբերություն իրեն ես մեկուսա-ավտոմեքենա էլ ունեմ, դրա համար էլ մեկուսացումն ավելի թեթև եմ տանում, և իսկապես ո՛չ տանձիս է, ո՛չ էլ մանդարինիս։

Բայց վիրուսը վիրուս չէր լինի, եթե աբսուրդային բեմադրություններ չսարքեր։ Վերջին 20 տարիներին մենք սովորել էինք, որ մեքենայի գլխին ամրացրած բարձրախոսներով կամ ՃՈ ոստիկաններն են անհասկանալի ինչ-որ ձայներ հանում, ու պիտի գուշակես, թե որ մեքենային է ուզում ինչ-որ բան ասել, կամ էլ մեքենայի գլխին ամրացված բարձրախոսները շատ հստակ, այսօրվա վարչապետի ձայնով կոչ էին անում՝ «ոչ Ռոբոտացմանը, ո՛չ Դոդացմանը»։ Հիմա երազիս միջի ՕԶԿ-ով ոստիկաններն ինչ-որ անհասկանալի բաներ էին գոչում։ Մեծ դժվարությամբ ականջս որսաց «ՀՀ պարետ» արտահայտությունը։ Եվ ես, հաշվի առնելով անցյալ տարիների փորձս, ենթադրեցի, որ ՕԶԿ-ով ոստիկաններն ընդդիմադիր են դարձել ու ամենայն հավանականությամբ կոչ են անում. «Ո՛չ պարետացմանը»։

Հետո երբ տուն հասա, պարզեցի, որ հիմա արդեն սեփական ձեռքով ինքդ քեզ համար պիտի ուղեգիր գրես (վարորդ հայրս դրան ասում էր «պուտյովկա»)։ Ես վաղվանից մոտս մի թուղթ եմ պահելու, որի վրա գրելու եմ. «Ապե, հորս արև ոչ մեկի տուն չեմ էթում, պռոստը ավտո քշելու հավես ունեմ…»։ Չեմ հասկանում, ազնիվ խոսք, չեմ հասկանում, թե Պարետը խուճապ պիտի տարածի՞, թե՞ խուճապի դեմն առնի, ախր ամեն նոր «բարաթի» պահանջը մթին կասկածների տեղիք է տալիս… Բայց այստեղ ՀՀ պարետը նորից հիշեցրեց իր մասին. «Ամեն առավոտ 10։00-12։00 տատիկ-պապիկների առևտրի ժամն է. մնա տանը, պահպանիր նրանց առողջությունը։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան»։ Հետաքրքիր է ՀՀ պարետը հակառակ բովանդակությամբ SMS-ներ ուղարկո՞ւմ է տատիկ-պապկներին, թե՝ «Հերի՛ք է քնեք, տանից որ դուրս չեք գալիս՝ գիշեր-ցերեկը կարող է խառնած լինեք, գնացեք խանութ, ՀՀ ավելի ջահել ու ավելի հպարտ քաղաքցիները սպասում են մեկուսացումից դուրս պրծնելու և խանութ գնալու իրենց երջանիկ ակնթարթին. պահպանեք նրանց նյարդերը»։ Բայց հանուն արդարության պիտի ասել, որ մեր պարետն այնքան էլ մեղավոր չէ, ինքը հետևում է համաշխարհային թրենդին... Բայց ես ավելի գործուն լուծումներ եմ առաջարկում, և ոչ միայն իմ կողմից։ Միասնականորեն մարտահարավերն ընդունելու և հաղթելու կոչերն ամեն օր հնչում են, չէ՞… Ես էլ հավաքել և ի մի եմ բերել իմ և մոտակայքում ապրող ու աշատողների առաջարկները։ Ի դեպ, ի տարբերություն ՀՀ պարետի «գրուպպա պադդերժկի» անդամ, անգրագետ Պողոսի հարևան դեպուտատի պնդմանմեր տղերքը լավ էլ ամեն ինչ ջոկում են, թեև նույնպես անգրագետ են (ես նաև խիստ կասկածում եմ, որ Պողոսը ոչ մի բան չի հասկանում ու չի ջոկում)։

Մեր կողքի խադավիկ Գագոն.

– Այ ախպեր, բայց էս ցիրկը ե՞րբ ա վերջանալու։

– Ի՞նչ ցիրկ, Գագ ջան։

– Գործից հետո Թորոսյանի ցույց տվածի նման որ լվացվենք, մեր ձեռների վրայի մազութը կյանքում չի իջնի։ Մի երկու ամսով բերեն մոտս ուչենիկ աշխատի, որ լվացվելու ղադրն իմանա։

Էստեղ Գագոյի երիտասարդ ու հավանաբար սեռաքաղց ուչենիկը գլուխը հանեց բոքսի վրականգնած մեքենայի տակից.

– Ախպեր, էդ վարակը կնանիքի մոտ է՜ն մյուս ճամփով չի փոխանցվո՞ւմ։ Ինչ կայֆ կըլներ, որ մի հատ էլ վիդեո նկարել տային, թե ոնց պըտի աղջիկները տրուսիկը ճիշտ փոխեն։

– Վայ թե էդ վիդեոն կանսերվի Անժոն ավելի ճիշտ նկարի,- ասաց մեքենայի տերը, որը հողի հետ կռիվ տվող գյուղացի տղա էր,- իրանք որ նկարեն՝ էլի կիսատ-պռատ է ստացվելու։ Որ Թորոսյանի ցույց տվածով լվացվեմ՝ մենակ մատներիս ծերերը կմաքրվեն, մինչև ուսերս կորում եմ հողի մեջ։

Բան չունեի ասելու։ Ասացի.

– Տղերք, նման վիդեոներ որ նկարեն, լիքը խնդիրներ կլինեն. ռիսկի գոտում գտնվող պապկների սեռական օրգաններից միայն աչքերն են մնացել, իսկ տատիկները կատաղելու են… Ինֆարկտների քանակը կշատանա, կգումարվի վիրուսին։ Դուք ՀՀ պարետից sms չե՞ք ստացել, որ հարկավոր է խնայել նրանց առողջությունը։ Համ էլ խի՞ եք ձեր գործն ու Թորոսյանի գործն իրար հետ համեմատում…

Մի խոսքով, որոշեցինք քննարկել տղերքի առաջարկությունն ու ի մի բերած՝ առաջարկել պարետատանը։ Եվ այսպես.

1. նկարել թե ոնց է խադավիկ Գագոն լվացվում ծանր օրվա ավարտին, և ոնց հանել ձեռքերի մազութը, քանի որ նման «պրոցեդուրայից» հետո ոչ միայն կորոնա և մնացած վիրուսներն են վերանում, այլև բոլոր օգտակար բակտերիաները և տեղ-տեղ անգամ մաշկը.

2. Անժոյին գումար հատկացնել, որ առանց քցված լինելու զգացողության (իրենք վիրտուալ սեքսն ու մերկացումն էլ են փող հաշվում, հայրենի կառավարութունն էլ հեղափոխական է, քցող չի) նկարահանի, թե ոնց պետք է ճիշտ և արագ տրուսիկ ու պակետ փոխել.

3. այդ տեսանյութերը պտտել ոստիկանական մեքենաների վերևում ամրացված էկրաններին, բացառությամբ տատիկ-պապիկների խանութ գնալու ժամերի՝ 10։00-ից 12։00։ Կարելի է նաև առանձնացնել հատուկ խմբեր, ասենք երեք-չորս հոգի, որ տնե-տուն շրջեն (քանի որ հիմա տանից միայն Զիմզիմովի բարաթով կարող ես դուրս գալ) ու երկուսը էկրանը բռնեն, մեկը տեսանյութերը միացնի, բայց պայմանով, որ երեխաներն այդ ժամին օնլայն դաս սովորելիս լինեն ու չծիկրակեն։

Քննարկեցինք մի-մի հատ ծխելով։ Էստեղ տղերքից մեկը թե.

– Հա ախպեր, բա ասում էիր ուսումնասիրություն ես կարդացել, որ ծխողներն ավելի քիչ են վարակվում… Թորոսյանը հերքեց, ասեց՝ չկա նման բան։

Ես, իհարկե, չասացի, որ Չինաստանի տրամադրած տվյալները (վարակվածների մահերի և այլն) հեղինակավոր գիտական մի ամսագիր՝ իմունոլոգիայի և ալերգիայի կլինիկական ամսագիրը, որտեղ գիտական մի հոդված տպագրելու համար նախարար Թորոսյանը հավանաբար շատ բան կտար, լրջագույն վերլուծության է ենթարկել և ստացել այդ տվյալները, որոնց մասին ես պատմել էի տղաներին և նյութը տեղադրել էի ՖԲ իմ իջում։ Էդ խուճուճ-մուճուճ բառերը տղերքին չեն հետաքրքրում, բաց այ ինձ համար նախարարը պարզունակ մանիպուլյատորի կարգավիճակ ձեռք բերեց, քանի որ նույնիսկ ԱՀԿ-ն չի պնդել, որ նման փաստեր չկան, այլ խնդրել է ամսագրին այդ ուղղությամբ հետազոտությունններ այլևս չանել… Իսկ Թորոսյանն իր «լայվում» ասում էր, որ ամսագիրը հավատ չի ներշնչում, որ տվյալները գիտական ուսումնասիրության ենթարկված չեն, որ ընդհակառակը… Ես իհարկե չեմ ուզում, որ նախարարը ծխելու քարոզ անի, բայց կարող էր չէ՞ նրբանկատորեն լռել, քանի որ բազաթիվ ծխող տարեցներ միգուցե հենց միայն իրենց ծխելու շնորհիվ չվարակվեն, քանի որ թոքերին խփելու այս վիրուսի առանձնահատկությունը հաստատ կստիպի վիդեոներից կատաղած տատիկներին թթվել պապիկների ականջին, թե՝ թարկի, թարկի…

Մի խոսքով, ես գնացի մեր առաջարկությունները ՀՀ պարետին ուղարկելու և բարաթս տպելու (ես տպիչ ունեմ)… Աստծո հաջողությամբ Մեսրոպն էլ հուշերի գրկից կվերադառնա խաղադաշտ ու գլխով գոլ կխփի, ոնց որ խոստացել է, թե չէ զամե՜նզամե՜ն… Այ տա, բա ես քո մեղքը չե՞մ գալիս, էն Համբոն իր երկու մետր բոյով որ խաղադաշտ մտնի որպես պաշտպան, ամբողջ էներգիան խուճապի տված Արփին՝ կիսապաշտպան, և երկար ժամանակ ինքնամեկուսացած Ամի Չիչակյանն էլ դարպասին կանգնի, դու ո՞նց ես գլխով գոլ խփելու, հը՞։ Ինչքան ուզում է լավ պաս տամ (ՈւԵՖԱ-ի ականջը խուլ, թե չէ նորից «նոտա» կուղարկեն Արայիկին)…

Բայց չմտածես, թե ես դեմ եմ, կողմ եմ, քանի որ խաղն ավելի հետաքրքիր կդառնա։

«Կառոննի» երազ

Թողնել մեկնաբանություն


Երազիս մեջ ինձ ու Մեսրոպին նստացրել էին։

Հա, հա, Մեսրոպ ջան, ինձ ու քեզ փակել էին։ Սկզբում միայն ինձ էին ուզում տանել, բայց հետո երկուսիս էլ տարան։ Գիտես էլի, ընկերովի հարսանիքից մինչև մեկուսարան մի վիրուսաչափ բան է։ Չնայած ո՜ւր էլ տանում էին, ազգովի մեկուսարանում ենք, էլի՜։ Արփին իբրև հրատարակիչ թեթև տուգանքով ազատվեց, բայց ինձ ու քեզ նստացրին…

Պատմեմ երազս։

Դռան զանգը տվեցին։ Բացեցի թե չէ՝ սովետական ՕԶԿ-ներով ոստիկանններն, առանց ներկայանալու, վրաս աչքեր կծմծացնող ինչ-որ բան փչեցին ու հրելով, շա՜տ-շա՜տ քաղաքավարի ներխուժեցին՝ հընթացս հարցնելով, թե երեխան հո չի՞ վախեցել։ Ասացի՝ չէ, մի վախեցեք, ես երեխային իմ երազներ մտնել չեմ թողնում, ամոթ է… Սրանց ավագը ասաց, որ ինձ բերման են ենթարկում միանգամից մի քանի օրինախախտման կասկածանքով։ Հատկապես՝ խուճապ տարածելու։

Ասացին որ Արայիկ Հրությունյանը ՈւԵՖԱ-ից «նոտա» է ստացել, որ «կարանտյայի» ժամանակ ոչ մի բան տշել ու «պաս» տալ չի կարելի, նույնիսկ պատմվածք։ Իրենք անգամ Եվրոպայի առաջնությունն են փակել… Այդ մասին ոստիկանների ձեռքի սև թղթերի մեջ սպիտակով գրված էր։ Նեղսրտեցի. ախր այ ընկեր ջան, այ ընկեր «դիրեկտոր» ջան, հազիվ համազգային ծնողական ժողով անես, մի հատ քո էդ «ուսմասվարին» հարցրու, թե ինչի՞ մինչև հիմա մատը մատին չի տվել, որ իմ ու Մեսրոպի նման անբանները վեպ գրելու տեղակ իրար կոռոնապատմվածքներ «պաս» չտան… Բայց թղթերը հետաքրքրեցին։ Ավագին ասացի.

– Բա ինչո՞ւ եք սև թղթի վրա գրել։

– Շատ բան իմանաս՝ վիրուս կկպնես։ Էդ վախտ իսկական սև թուղթ կբերեն։

– Տեսա՜ր դու, պա, պա, պա, պա,- ասացի ես,- հրեդ, սեղանին լիքը սպիտակ թուղթ կա…

Ավագը խոսքս կտրեց.

– Նոր կարգի համաձայն խուճապ տարածելը քրեորեն պատժելի է։ Քանի որ նոր կարգավորումները վերին աստիճանի տրամաբանական ու հասկանալի են միայն պարետի ու պարետատան համար, ապա ես «պա» և «րետ» վանկերի համադրումը կարող եմ իբրև խուճապ դիտարկել։

Ասացի.

– Տղերք, մի տեսակ վատ երազի նման է, սպասեք զարթնեմ, գնամ ջուր խմեմ, գամ ու շարունակենք։

Ավագը շարքային ոստիկանին գլխով արեց՝ թե դու էլ գնա։ Ասացի.

– Ես ջրի տեղը գիտեմ, երազից փախչելն էլ խուճապ տարածելու նման մի բան է, խելքս հացի հետ չեմ կերել։

– Գնա, գնա,- ասաց ավագը,- ջուր խմելու համար պիտի ծորակը բացես, չէ՞։- Գլխով արեցի։- Հենց ծորակին կպար՝ վիրուսն էլ քեզ կկպնի, մոտդ էլ հեռախոս չկա, որ Արսեն Թորոսյանի ինստրուկտաժով լվացվես։ Իսկ եթե «ինստրուկտաժը» խախտելով լվացվեցիր՝ արդեն մեզ խուճապի կմատնես… Ջոկի՞ր, Ջորջ։

– Լավ, ասացի, ջուր խմելուց հրաժարվում եմ։ Համ էլ ես, Ջորջը չեմ, Ռուդոն եմ, Գիլանցը, Գիլու ձագը, չի ասել մեր Մեսրոպը։

– Է՜ն Մեսրոպը՞, որ հետդ պասերո՜վ, պասերո՜վ խաղում է։

– Հա,- ասացի,- ինքը։

– Կասենք մի խուճուճ դիմում էլ ինքը գրի։ Բայց ինքը բիձա է, մենակ քեզ ենք փակելու։ Վերջ, հավաքվի, տանում ենք աէրոպորտ, Էջմիածին, արտադրամաս… Չէ, ռադ կանենք՝ Իտալիա։

Քեզպեսներին հարկավոր է հասարակությունից մեկուսացնել,- ասաց ու տարօրինակ կերպով կերպարանափոխվեց, դարձավ ամեն ինչով Ռիշելյեի կրկնօրինակ մեր պարետը,- ու եթե ամբողջ ազգը հիմա մեկուսացած է, ուրեմն քեզպեսները պիտի ազատ ֆռֆռան վիրուսառատ երկրներում։ Իզուր չէր, որ Պլատոնն իր պետությունից վռնդում էր…

– Պլատոնը հույն էր, իսկ դուք ինձ Իտալիա եք ուղարկում։

– Նույն կորոնացված զիբիլն է էլի։

– Բա դա արդարություն է՞,- ասացի ես, – ես իմ համար իտալիաներում ու չինաստաններում ազատ ֆռֆռամ, Մեսրոպը մնա «կարանտյայի» մեջ, ինքն էլ է մեղավոր, հետս ճամփեք։

– Մեսրոպից մի քիչ վախենում են, մեդիափորձագետ է։

– Տատաս ասում էր, որ վախենալու դեմ ամենալավ միջոցը չիշիկ խմելն է։

Էս խոսքիս վրա Ռիշելյեն նորից կերպափոխվեց, դարձավ ոստիկանության ՕԶԿ-ով ավագը։

– Չիշիկս չի գալիս։

Ուսերս վեր քաշեցի.

– Ես ինչ անեմ։ Տղերքիդ հարցրու, կարող է իրենցն է գալիս։

Ավագը նայեց սարսափազդու, «դուբիկնի» բռնակը շոշափելով՝ վեր կացավ.

– Ինչ ասի՜ր, հլա արի ստեղ….

– Էդտեղ ինչ վատ բան կա,- չքմեղանալով ասացի՝ մեջքիս իջած «դուբինկեքի» ցավը վերհիշելով,- հեղափոխությունից առաջ ինչ քաք ասես՝ իրար հետ կերել եք, պաշտոնանկ արված ու փախածները վկա, համ էլ էդ չիշիկ խմելը անմեղ բան ա, էլի։

– Էդ հեղափոխությունից առաջ էր, հիմա մենք ոչ քաք ենք ուտում, ոչ էլ չիշիկ ենք խմում, լսի՞ր, արա…

– Հա,- ասացի,- լսեցի, բայց Մեսրոպին էլ… Համ էլ ինչի՞ եք վատ զգում, չիշիկ է էլի, չիշիկ…

Էստեղ զարթնեցի։ Անիչոկը նեղացած ասեց.

– Պապա, մի ժամ ա ասում եմ չիշիկ ունեմ, բայց դու քնած ես, մաման էլ ա քնած, ես էլ որ բոբոիկ ոտներով գնամ՝ կջղայնանաս։

Երեխու հարցերը լուծեցի։ Բայց հո երազս կիսատ չէի թողնելու, նորից քնեցի, որ Մեսրոպն իմանա, թե ինչ դաժան վերջ ունեցավ այս պատմությունը։

Մի խոսքով մեզ փակեցին նեղլիկ խցում ու մեջը վիրուս բրախեցին։ Քանի որ Արսեն Թոոսյանն ասել էր, որ դա ծանր վիրուս է, ապա ենթադրաբար էդ անտերը գետնի մոտ պիտի լիներ, հետո էր սողեսող վեր բարձրանալու։ Ձգվեցինք դեպի ահագին բարձրադիր օդանցքը, բայց բոյներս հերիք չարեց։

– Բա մի բոյլուխ ընկեր չլիներ, որ օդանցքը բացեր։

– Էդքան բոյ մենակ Արքոն ունի,- ասաց Մեսրոպը,- բայց երեկ նեղացրել ես, հաստատ օդանցքը չի բացի։

– «Խասյաթ մուխաննաթ»,- ասացի ես։ Չգիտե՞ս, որ տաքարյուն եմ։

Երևի արդեն գլխի ընկար, որ երազը պատմել ավարտել եմ, ու մենք էդպես էլ բանտարկված մնացինք։ Էնպես որ, Մեսրոպ ջան բանտից ազատելը քո վրա, թե չէ օդանցքը դեռ փակ է, Արքոն դեկամերոն.ամ-ի գործերով է, իսկ վիրուսը սողեսող բարձրանում է վեր։ Խցում լվացարան կար, բայց Արսեն Թորոսյանի լվացվելու ինստուկտաժի վիդեոն չկար, որ կարողանայինք փոքր ինչ ապահով շնչել։

Կորոնազերծված ինքնավստահություն

Թողնել մեկնաբանություն


Մեսրոպը որ զանգում է՝ ուրախություն է, քանի որ հեռախոսս մեղրեցու հնչերանգով երգում է՝ «Ի՜-ի՞-նչ կա, այ գիլու ձագ…»։ Բայց վերջերս ավելի շատ գրում է։ Մինչև երեկ միայն «սֆաթագրքի» նամակներ էր գրում, բայց երեկվանից անցավ պատմվածքի։ Ուզում էի ասեմ՝ «այտա, վախիլ մի, կորոնավիրուսը ոչ հեռախոսով է անցնում, ոչ՝ ֆեյսբուքով», բայց մտածեցի, որ իրավունք ունի՝ մեր միջի բիձեն ինքն է։ Թեև Մեսրոպն ո՜ւր, բիձությունն ո՜ւր, ուշքումիտքը սեքսի մասին անեկդոտներն են…  Ուրեմն աչքովն ընկել է էն ռուսաստանցի մանկաբույժի նյութը, որտեղ դա փորձում էր ապացուցել, որ երկրի ժողովրդագրական ճգնաժամը կարելի է հաղթահարել՝ օգտագործելով «թագախտային կարանտյան», միայն թե իհարկե պաչիկ-մաչիկ չպիտի լինի (Մեսրոպ ջան, Լևոնին որ զանգես, ասա, որ «ՎարաՔուր»-ը հիմա շատ արդիական է, բայց այ «պաչեմ Գը»-ից ժամանակավորապես հաժարվի, «կարանտյա» կա, բան կա…), միայն մաքուր, գիտականորեն փորձված դիրքերով… Հա, էդ դեմոգրաֆիական ճգնաժամը հաղթահարելու գործով գլխավոր հերոսի դերում էլ հաստատ իրեն էր պատկերացնում մեր ռուսաստանցին, քանի որ լուսանկարվել էր խորխոտ, արծվային կեցվածքով։ Բայց դե ինքն ո՜ւր, մեր սյունաց սարերի արծիվն ո՜ւր, դեռ չենք հասկանում, թե ինչ եզակի գանձ ունենք՝ ի դեմս մեր թռչունի, որը սակայն էս վերջերս մի քիչ արհեստական տեսք ունի, ոնց որ էն թռչուններից լինի, որ «Վերնիսաժում» ու «Փեաթակում» ծախում են։  

Բայց մինչև իրիկուն Մեսրոպին պիտի հանգիստ թողնեի, քանի որ երկու կարևոր գործ կար. առաջինը՝ Աիդային Երևան էի տանելու, որ Նաիրի կինոթարտրոնի մոտ գնվող «Փարավոնների երկրից» ներկերը վերցնի, երկրորդը՝ մի հատ էլ «նոթբուք» պիտի բերեի (մի համոզեք, դյուրակիր համակարգիչ չեմ ասելու)։ Հաստատ գիտեի, որ «թագախտի» վախից Կոմիտասի վրա (էն, որ առաջ ասեղ գցելու տեղ չէր լինում) կայանելու լիքը տեղ է լինելու, քանի որ պարապ ավտո քշող ու ծիտ կպցնող զանգվածը սովորաբար կարդալու հետ գլուխ չի ունենում, ռուսի հոդվածից տեղյակ չի լինի, ու շատ-շատ կատակախառն-վախեցած դեմքով թառած է լինելու տանը՝ «բազմոցային զորքերի» շարքերը համալրելով և սերիալ տռռացնելով։ «Ծիտկպցնողների» որսորդ «ծտերն» էլ տանը կլինեն։ Չար լեզուներն ասում են, որ նրանք առցանց ինչ-որ համքարություն են ստեղծում և պատրաստվում են պահանջել երիտհեղափոխականներից ու անձամբ Նիկոլից վճարել իրենց հարկադիր պարապուրդի դիմաց, բայց արտակարգ դրությունը խանգարեց։

Մայրուղին դատարկ չէր, բայց սովորական աշխուժությունն էլ չկար։ Երևանի մասին էլ նույնը կասեի։ Միակ արտասովոր բանը, չնայած արտաքուստ հանգստությանը, դա խոր, աներևույթ տագնապն էր, որ կախված էր քաղաքի փոքր ինչ ծխազերծված օդում։ Կոմիտասի վրա կանգնելու տեղ շատ կար։ Աիդային ասացի. «Մեքենայից չիջնես, շուտ կգամ»։ Երբ նոթբուքը վերցրած հետ էի գալիս, ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ուշադրություն եմ դարձրել այն գրասենյակի դռան բռնակի վրա, որից հենց նոր դուրս եկա։

Աիդան ակադեմիայից դուրս եկավ ներկերը ձեռքին։ Դարձյալ նայում էի դռան բռնակին։ Հասանք երկաթե նժույգիս։ Մտածեցի, որ արժե մի հատ Արփիենց տանը սուրճ խմել, բայց որ «ապակարանտինային» մարդ տեսնելուց վախեցած, զգուշավոր ու տագնապած դեմքը պատկերացրի՝ փոշմանեցի։ Բայց լավ լիներ տնով-տեղով հավաքեի ու Ստեփանավան տանեի, մի քիչ տանապը կթուլանար…

Ետ գալիս պիտի Էջմիածին մտնեմ, ավտոմասեր եմ պատվիրել, պիտի վերցնեմ խանութից։ Էջմիածին մտնելիս լուսամուտներն ակամա փակեցի, թեև գոնե իմ կողմինը ամբողջ ճանապարհին կիսաբաց էր։ Հասանք խանութ։ Սովորական էր ամեն բան, նույնիսկ դիմակներն էին ձևական թվում։ Վերցրի։ Երեք օրից մի այլ պատվեր էլ կա, պիտի նորից գամ։ Գոնե էդ տնաշենի Ավոն կարողանար էսօր Երևան իջներ, ստիպված չէի լինի նորից Երևան հասնել էս խառը օրերին։ Բայց մի բան պիտի կազմակերպել, թե չէ Ավոյի ներկերը որ վերջանում են՝ սկսում է խմել…

Հասանք տուն։

— Աիդ, լվացվի՝ նոր…

Գնացի դիմացի խանութից ծխախոտ առնլու։ Ուստա Ժորը դրսում տղերքի հետ սովորականի  նման զրուցում է, պիտ համոզես, որ «դախլի» հետևն անցնի։ Խանութի մոտ մեր տղերքն են, ամեն ինչ սովորականի նման։ Բոլորի դեմքին գրված է՝ «իսկ ինչ է եղե՞լ որ»։ Եվ իրոք, ի՞նչ է պատահել, արտառոց բան չկար։ Ամեն ինչ նույնն էր, չհաշված անէական, աներևույթ տագնապն ու թեթևակի դատարկությունը։

«Կապիկություն ա», ասաց «խադավիկ» Գագոն ու հանգիստ գնաց իր գործին։ Գրիշը նայեց հոգնած դեմքով՝ «Սուտ բան ա, մենակ գործն ա տուժում»։ Մյուս խադավիկը՝ Վարդանը, ասաց.

— Ախպեր, հազիվ փիլիսոփայություն ես թարգմանում, մի հատ հայերենից հայերեն թարգմանի՝ հասկանամ, թե Արսեն Թորոսյանն երեկ էն ինչ էր ասում, բայց ընենց, որ իր բառերով չըլնի։ Թե չէ…

— Քո բոքսի վրա քանի մեքենա կարող է տեղավորվել, միաժամանակ, ամենաշատը։

— Որ շատ քիփ կանգանցնեմ՝ երկուսը։

 — Դե հիմի պատկերացրու, որ միանգամից քսան մեքենա են եկել, յուղ պտի փոխես, ընդ որում՝ նախադու, առանց մատոռն անջատելու։ Որի մատոռը հանգավ՝ վերջ։ Ու որքան մատոռը մաշված, հին, կամ անորակ է, էնքան շուտ է խփում, չէ՞։

— Հա, բայց նախադու յուղ չեն փոխում։

Էքստրեննի վճակ ա, որ կանգնեց՝ էլ պըրծ, պտի արագ անես, ու նախադու։

Մտոռը կխփի, անհնար ա։ Դե լավ, ասենք թե…

— Թորոսյանի ասածն էն էր, որ եթե ամեն կես ժամը մեկ մի, կամ երկու էդ տեսակ ավտո գա՝ էլի մի կերպ գլուխ կհանես, բայց եթե միանգամից քսանը գա… Յուղն էլ տակից չռռում ա։

— Գագոյի բոքսին էլ կհանենք։

— Գագոյի բոքսի վրա ամորտիզատր ու բուշ է փոխվում, տակը անիվ չկա, ամբարձիչի վրա է կանգնած։

— Ինչ չկա՞, ինչի՞ վրա է։

Կալոս չկա, դամկրատի վրա է…

Գլուխը թափ տվեց…

— Մեր համար հանգիստ ապրում էինք, էս ինչ «կառոնազիբիլ էր», ինչ…- գլուխը թափ տալով գնաց թարխունով ձու բրդճելու։

«Ախպեր, կյանքիս մեջ էսքան լվացված չկայի, սաղ կյանքս հողի հետ ա անցել, բայց հողից ձեռներս էդքան չէին մաշվել, ինչքան էս երկու օրվա ջրից»,- երեկոյան ասաց մեր խնամին, որ եկել էր բարեկամուհուս ԱՄՆ ճանապարհելու։

Ճանապարհելուց հետո եկա տուն։ Մեսրոպին պատասխանելուց առաջ ասի մի քանի թվային տվյալ նայեմ էս թագաժահրի մասին։ Հետո հիշեցի, որ հորեղբորս տղայի հետ, էստեղից Լենինգրադ, ֆեյսբուքով շախմատ եմ խաղում, արդեն իմ քայլը կլինի։ Ֆեյսբուքը բացելուս հետո հանդիպեցի ընկերներիս կատաղած մեկնաբանություններին «Իմ քայլի» վերաբերյալ։ ԱԺ-ի քննարկումները նայելու ժամանակ մոտս մեղավորության զգացողութուն առաջացավ. ոնց որ մանկաարտեզի ծնողական ժողով բաց թողած լինեմ… Բայց ամենից ահավորն այն է, որ կենսափորձի պակասի պատճառով մանուկները, սովորաբար ավելի դաժան են գտնվում, քան մեծերը։ Նրանց համար ամեն ինչ խաղ է, level, էս անգամ սխալվեցին՝ նորից կփորձեն նույն level-ն անցնել… Իսկ նրանք, ում համար կյանքը կյանք է, ովքեր շփվում են մահվան ու ծնունդի հետ, անգամ սռնու և լիսեռի հետ, որոնց հանդեպ անփույթ վերաբերմունքն էլ է կյանքի ու մահվան հարց (մի բան էն չեղավ՝ ՃՏՊ, Աստված չանի՝ մահվան ելքով), քիչ խոսում են՝ շատ գործ անում, ու շատ մտածում։ Ու մանկապարտեզի հանդես նկարող օպերատորների կարիք էլ չունեն։ Բայց այդ նույն «օպերատորներին» ուզում ես մի քանի քաղցր խոսք ասել, երբ հանդիպում ես այնպիսի գրառման, ինչպիսին Զարուհի Մուրադյանի գրառումն է ֆեյսբուքում. «Մի տեսակ տխուր է, որ ոչ մի լրատվամիջոց չի անդրադառնում Հայաստանի օդանավակայանում ինքնամեկուսացած ու իրենց մասնագիտական պարտքը կատարող 75 ավիադիսպետչերներին։ Նրանք 3 հերթափոխով աշխատում են ու ապրում ադմինիստրատիվ շենքում, ոչ 5 աստղանի հյուրանոցային պայմաններում։ Նրանք գնացել են այդ քայլին երբ պարզվել է որ կոլեգաներից մեկը հիվանդացել է»։

Լուսաբացի հետ անհանգստության զգացողությունը կորավ։ Որպես ավետիս մնում է Մեսրոպը զանգի, թե՝ «Գիլու ձագ, քեզ դեռ նախարարություն չեն կանչե՞լ»։

Ու թեև ես էլ եմ համարում, որ էս ամենը «կապիկություն» է, բայց մտքումս շատ եմ ուզում, որ էնպես ստացվի, որ պայմանագրի համար նախարարություն կանչելը, Ավոյի համար ներկեր առնելն ու ավտոդետալներ ստանալը նույն օրը լինի, թե չէ էս խառը ժամանակներում… Ինչ իմանաս, անորսալի մի բան կա, աներևույթ մի բան, որ ստիպում է հիշել, որ հորեղբայրդ ութսունն անց է, ու երբ Երևանից եկած ես լինում ու հընթացս հայրական տուն ես գնում, խուսափում ես մտնել ողջությունն իմանալու…

%d bloggers like this: