Մեսրոպը որ զանգում է՝ ուրախություն է, քանի որ հեռախոսս մեղրեցու հնչերանգով երգում է՝ «Ի՜-ի՞-նչ կա, այ գիլու ձագ…»։ Բայց վերջերս ավելի շատ գրում է։ Մինչև երեկ միայն «սֆաթագրքի» նամակներ էր գրում, բայց երեկվանից անցավ պատմվածքի։ Ուզում էի ասեմ՝ «այտա, վախիլ մի, կորոնավիրուսը ոչ հեռախոսով է անցնում, ոչ՝ ֆեյսբուքով», բայց մտածեցի, որ իրավունք ունի՝ մեր միջի բիձեն ինքն է։ Թեև Մեսրոպն ո՜ւր, բիձությունն ո՜ւր, ուշքումիտքը սեքսի մասին անեկդոտներն են…  Ուրեմն աչքովն ընկել է էն ռուսաստանցի մանկաբույժի նյութը, որտեղ դա փորձում էր ապացուցել, որ երկրի ժողովրդագրական ճգնաժամը կարելի է հաղթահարել՝ օգտագործելով «թագախտային կարանտյան», միայն թե իհարկե պաչիկ-մաչիկ չպիտի լինի (Մեսրոպ ջան, Լևոնին որ զանգես, ասա, որ «ՎարաՔուր»-ը հիմա շատ արդիական է, բայց այ «պաչեմ Գը»-ից ժամանակավորապես հաժարվի, «կարանտյա» կա, բան կա…), միայն մաքուր, գիտականորեն փորձված դիրքերով… Հա, էդ դեմոգրաֆիական ճգնաժամը հաղթահարելու գործով գլխավոր հերոսի դերում էլ հաստատ իրեն էր պատկերացնում մեր ռուսաստանցին, քանի որ լուսանկարվել էր խորխոտ, արծվային կեցվածքով։ Բայց դե ինքն ո՜ւր, մեր սյունաց սարերի արծիվն ո՜ւր, դեռ չենք հասկանում, թե ինչ եզակի գանձ ունենք՝ ի դեմս մեր թռչունի, որը սակայն էս վերջերս մի քիչ արհեստական տեսք ունի, ոնց որ էն թռչուններից լինի, որ «Վերնիսաժում» ու «Փեաթակում» ծախում են։  

Բայց մինչև իրիկուն Մեսրոպին պիտի հանգիստ թողնեի, քանի որ երկու կարևոր գործ կար. առաջինը՝ Աիդային Երևան էի տանելու, որ Նաիրի կինոթարտրոնի մոտ գնվող «Փարավոնների երկրից» ներկերը վերցնի, երկրորդը՝ մի հատ էլ «նոթբուք» պիտի բերեի (մի համոզեք, դյուրակիր համակարգիչ չեմ ասելու)։ Հաստատ գիտեի, որ «թագախտի» վախից Կոմիտասի վրա (էն, որ առաջ ասեղ գցելու տեղ չէր լինում) կայանելու լիքը տեղ է լինելու, քանի որ պարապ ավտո քշող ու ծիտ կպցնող զանգվածը սովորաբար կարդալու հետ գլուխ չի ունենում, ռուսի հոդվածից տեղյակ չի լինի, ու շատ-շատ կատակախառն-վախեցած դեմքով թառած է լինելու տանը՝ «բազմոցային զորքերի» շարքերը համալրելով և սերիալ տռռացնելով։ «Ծիտկպցնողների» որսորդ «ծտերն» էլ տանը կլինեն։ Չար լեզուներն ասում են, որ նրանք առցանց ինչ-որ համքարություն են ստեղծում և պատրաստվում են պահանջել երիտհեղափոխականներից ու անձամբ Նիկոլից վճարել իրենց հարկադիր պարապուրդի դիմաց, բայց արտակարգ դրությունը խանգարեց։

Մայրուղին դատարկ չէր, բայց սովորական աշխուժությունն էլ չկար։ Երևանի մասին էլ նույնը կասեի։ Միակ արտասովոր բանը, չնայած արտաքուստ հանգստությանը, դա խոր, աներևույթ տագնապն էր, որ կախված էր քաղաքի փոքր ինչ ծխազերծված օդում։ Կոմիտասի վրա կանգնելու տեղ շատ կար։ Աիդային ասացի. «Մեքենայից չիջնես, շուտ կգամ»։ Երբ նոթբուքը վերցրած հետ էի գալիս, ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ուշադրություն եմ դարձրել այն գրասենյակի դռան բռնակի վրա, որից հենց նոր դուրս եկա։

Աիդան ակադեմիայից դուրս եկավ ներկերը ձեռքին։ Դարձյալ նայում էի դռան բռնակին։ Հասանք երկաթե նժույգիս։ Մտածեցի, որ արժե մի հատ Արփիենց տանը սուրճ խմել, բայց որ «ապակարանտինային» մարդ տեսնելուց վախեցած, զգուշավոր ու տագնապած դեմքը պատկերացրի՝ փոշմանեցի։ Բայց լավ լիներ տնով-տեղով հավաքեի ու Ստեփանավան տանեի, մի քիչ տանապը կթուլանար…

Ետ գալիս պիտի Էջմիածին մտնեմ, ավտոմասեր եմ պատվիրել, պիտի վերցնեմ խանութից։ Էջմիածին մտնելիս լուսամուտներն ակամա փակեցի, թեև գոնե իմ կողմինը ամբողջ ճանապարհին կիսաբաց էր։ Հասանք խանութ։ Սովորական էր ամեն բան, նույնիսկ դիմակներն էին ձևական թվում։ Վերցրի։ Երեք օրից մի այլ պատվեր էլ կա, պիտի նորից գամ։ Գոնե էդ տնաշենի Ավոն կարողանար էսօր Երևան իջներ, ստիպված չէի լինի նորից Երևան հասնել էս խառը օրերին։ Բայց մի բան պիտի կազմակերպել, թե չէ Ավոյի ներկերը որ վերջանում են՝ սկսում է խմել…

Հասանք տուն։

— Աիդ, լվացվի՝ նոր…

Գնացի դիմացի խանութից ծխախոտ առնլու։ Ուստա Ժորը դրսում տղերքի հետ սովորականի  նման զրուցում է, պիտ համոզես, որ «դախլի» հետևն անցնի։ Խանութի մոտ մեր տղերքն են, ամեն ինչ սովորականի նման։ Բոլորի դեմքին գրված է՝ «իսկ ինչ է եղե՞լ որ»։ Եվ իրոք, ի՞նչ է պատահել, արտառոց բան չկար։ Ամեն ինչ նույնն էր, չհաշված անէական, աներևույթ տագնապն ու թեթևակի դատարկությունը։

«Կապիկություն ա», ասաց «խադավիկ» Գագոն ու հանգիստ գնաց իր գործին։ Գրիշը նայեց հոգնած դեմքով՝ «Սուտ բան ա, մենակ գործն ա տուժում»։ Մյուս խադավիկը՝ Վարդանը, ասաց.

— Ախպեր, հազիվ փիլիսոփայություն ես թարգմանում, մի հատ հայերենից հայերեն թարգմանի՝ հասկանամ, թե Արսեն Թորոսյանն երեկ էն ինչ էր ասում, բայց ընենց, որ իր բառերով չըլնի։ Թե չէ…

— Քո բոքսի վրա քանի մեքենա կարող է տեղավորվել, միաժամանակ, ամենաշատը։

— Որ շատ քիփ կանգանցնեմ՝ երկուսը։

 — Դե հիմի պատկերացրու, որ միանգամից քսան մեքենա են եկել, յուղ պտի փոխես, ընդ որում՝ նախադու, առանց մատոռն անջատելու։ Որի մատոռը հանգավ՝ վերջ։ Ու որքան մատոռը մաշված, հին, կամ անորակ է, էնքան շուտ է խփում, չէ՞։

— Հա, բայց նախադու յուղ չեն փոխում։

Էքստրեննի վճակ ա, որ կանգնեց՝ էլ պըրծ, պտի արագ անես, ու նախադու։

Մտոռը կխփի, անհնար ա։ Դե լավ, ասենք թե…

— Թորոսյանի ասածն էն էր, որ եթե ամեն կես ժամը մեկ մի, կամ երկու էդ տեսակ ավտո գա՝ էլի մի կերպ գլուխ կհանես, բայց եթե միանգամից քսանը գա… Յուղն էլ տակից չռռում ա։

— Գագոյի բոքսին էլ կհանենք։

— Գագոյի բոքսի վրա ամորտիզատր ու բուշ է փոխվում, տակը անիվ չկա, ամբարձիչի վրա է կանգնած։

— Ինչ չկա՞, ինչի՞ վրա է։

Կալոս չկա, դամկրատի վրա է…

Գլուխը թափ տվեց…

— Մեր համար հանգիստ ապրում էինք, էս ինչ «կառոնազիբիլ էր», ինչ…- գլուխը թափ տալով գնաց թարխունով ձու բրդճելու։

«Ախպեր, կյանքիս մեջ էսքան լվացված չկայի, սաղ կյանքս հողի հետ ա անցել, բայց հողից ձեռներս էդքան չէին մաշվել, ինչքան էս երկու օրվա ջրից»,- երեկոյան ասաց մեր խնամին, որ եկել էր բարեկամուհուս ԱՄՆ ճանապարհելու։

Ճանապարհելուց հետո եկա տուն։ Մեսրոպին պատասխանելուց առաջ ասի մի քանի թվային տվյալ նայեմ էս թագաժահրի մասին։ Հետո հիշեցի, որ հորեղբորս տղայի հետ, էստեղից Լենինգրադ, ֆեյսբուքով շախմատ եմ խաղում, արդեն իմ քայլը կլինի։ Ֆեյսբուքը բացելուս հետո հանդիպեցի ընկերներիս կատաղած մեկնաբանություններին «Իմ քայլի» վերաբերյալ։ ԱԺ-ի քննարկումները նայելու ժամանակ մոտս մեղավորության զգացողութուն առաջացավ. ոնց որ մանկաարտեզի ծնողական ժողով բաց թողած լինեմ… Բայց ամենից ահավորն այն է, որ կենսափորձի պակասի պատճառով մանուկները, սովորաբար ավելի դաժան են գտնվում, քան մեծերը։ Նրանց համար ամեն ինչ խաղ է, level, էս անգամ սխալվեցին՝ նորից կփորձեն նույն level-ն անցնել… Իսկ նրանք, ում համար կյանքը կյանք է, ովքեր շփվում են մահվան ու ծնունդի հետ, անգամ սռնու և լիսեռի հետ, որոնց հանդեպ անփույթ վերաբերմունքն էլ է կյանքի ու մահվան հարց (մի բան էն չեղավ՝ ՃՏՊ, Աստված չանի՝ մահվան ելքով), քիչ խոսում են՝ շատ գործ անում, ու շատ մտածում։ Ու մանկապարտեզի հանդես նկարող օպերատորների կարիք էլ չունեն։ Բայց այդ նույն «օպերատորներին» ուզում ես մի քանի քաղցր խոսք ասել, երբ հանդիպում ես այնպիսի գրառման, ինչպիսին Զարուհի Մուրադյանի գրառումն է ֆեյսբուքում. «Մի տեսակ տխուր է, որ ոչ մի լրատվամիջոց չի անդրադառնում Հայաստանի օդանավակայանում ինքնամեկուսացած ու իրենց մասնագիտական պարտքը կատարող 75 ավիադիսպետչերներին։ Նրանք 3 հերթափոխով աշխատում են ու ապրում ադմինիստրատիվ շենքում, ոչ 5 աստղանի հյուրանոցային պայմաններում։ Նրանք գնացել են այդ քայլին երբ պարզվել է որ կոլեգաներից մեկը հիվանդացել է»։

Լուսաբացի հետ անհանգստության զգացողությունը կորավ։ Որպես ավետիս մնում է Մեսրոպը զանգի, թե՝ «Գիլու ձագ, քեզ դեռ նախարարություն չեն կանչե՞լ»։

Ու թեև ես էլ եմ համարում, որ էս ամենը «կապիկություն» է, բայց մտքումս շատ եմ ուզում, որ էնպես ստացվի, որ պայմանագրի համար նախարարություն կանչելը, Ավոյի համար ներկեր առնելն ու ավտոդետալներ ստանալը նույն օրը լինի, թե չէ էս խառը ժամանակներում… Ինչ իմանաս, անորսալի մի բան կա, աներևույթ մի բան, որ ստիպում է հիշել, որ հորեղբայրդ ութսունն անց է, ու երբ Երևանից եկած ես լինում ու հընթացս հայրական տուն ես գնում, խուսափում ես մտնել ողջությունն իմանալու…