I
Տեսնես հիմա ո՞ւր ես, որտե՞ղ…
Առաջվա նման հո՞ւր ես, որտեղ
Թրծվում էինք ու լծորդվում…
Առաջվա պես «ծուռ» եմ, գիտե՞ս։
Առաջվա պես լո՞ւռ ես։ Մի տե՛ս.
Առջևս գոցվեց էս մի դուռն էլ…
Աստված մինչև դուռ փակելը
Միշտ էլ բացում է մեկէլը.
Դժվարը նոր դուռը տեսնելն է։
Իսկ լուրը՝ «Իրարից հեռու են…»,
Ասես թունավոր զեռուն է.
Խայթում է, բայց դեղ է թույնը…
II
Համբույր՝ ծաղիկ դեղձենու…
……………………………………………
Մի նոր երազ հեղձել ու
Տանում եմ դարձյալ հերձելու։
III
Հիմա հազում ու ջերմում եմ՝
քամիներից միջանցիկ,
Ու տխուր-տրտում ճեմում եմ,
Չփակված դռների միջանցքից
Հեռանում եմ գլխիկոր ու անպարտ,
Հեռանում եմ, բայց ո՛չ անապատ,
Դեպի շիշը՝ գինին անապակ։
Իսկ լուրը՝ «Իրարից հեռու են…»,
Շաղի հետ ճյուղին թառում ու
Հարցնում է. «Բա ո՞ւր են, որտե՞ղ…»։
2009 թ.