ԵՐԵՔ ՄԵՂԱ

Թողնել մեկնաբանություն


Մեղա՜, մեղա՜, մեղա՜, իմ պապերի լեզու,
Թե քեզ աղարտել եմ չարալեզու սրտով,
Թե անարգել` անգամ ճարահատյալ ստով,
Մեղա՜, մեղա՜, մեղա՜, արքենածին լեզու։

Մեղա՜ ամեն ժամի ու վայրկյանի համար,
Երբ շուրթիս անհարկի օտար բառ է հնչել,
Երբ գրիչս օտար տառաբույլ է փնջել…
Մեղա՜ ծամածռված ամեն բառիդ համար։

Մանուկներիդ ունկում (օտար հողում ծնված)
Չհասկացված ամեն բառիդ համար մեղա՜,
Թե քեզնով երգելիս ես անկարող եղա
Նոցա այնպես թովել, որ կախարդվեն ցմահ,

Որ սեր դառնաս ջահել երակներում պրկված,
Որ քեզանով բառեն դիցերի պես հպարտ…
Թող քո կախարդական հնչյուններից պոկված
Ամեն մի ելևէջ դառնա ԴԱՐՁԻ ճամփա։

19.09. 2005, Մոսկվա

Մեղա, մեղա, մեղա, դյութազնազարմ Նախնի,
Թե նետիդ սլացքի սուլոցն եմ մոռացել,
Թե դարձել եմ ստրուկ, վախվորած կռացել,
Կամ էլ համակվել եմ սարսռոցով վախի։

Մեղա, թե նախանձից կամ ստից կուրացած
Նանրամիտ եմ դարձել, տկար ու փոքրոգի,
Փշրանքների… Թեկուզ ճոխ սեղանի համար
Աճուրդի եմ հանել հանապազoրդ՝ Ոգիդ։

Մեղա, հազար մեղա, թե դարձած ողբերգակ
Սուգ ու շիվանի մեջ ընդվզումն եմ լլկել,
Հոգուս կավը թրծող ռազմերգերի տեղակ
Պանդխտության մղող մուղամներ եմ երգել։

Մեղա, մեղա, մեղա, անվանադիր նախնի,
Թող անունիդ հուրը երակներս թրծի,
Դավ ու կասկածները հոգիս էլ չկրծեն,
Արյունածին ոգիդ փայլի փառքով նախկին։

21.02.2008, Երևան

Մեղա՜, մեղա՜, մեղա՜, Աստծո անեղծ մասնիկ,
Թե քեզ անտեսել եմ երակներիս ներսում,
Թե քեզ թողած՝ նորից Օտարին աղերսում,
Պաղատում եմ, որ ինձ շուտ օգնության հասնի։

Մեղա՜, թե սպառում եմ ես քո հուրն անտեղի,
Թե ճառում եմ բարձրիկ բեմերից քո մասին,
Ու իմ ամեն մի խոսք դառնում է թույն, լեղի…
Քանզի մարմրում եմ անժառանգ ու անսեր,

Քանզի մանկան ճիչով այգդ նորեր պիտի,
Պիտի հարատևեիր նոր երակի ներսում…
Բայց խոսում է գինին ու ճառերն են հոսում…
Մեղա՜, մեղա՜, մեղա՜, Աստծո փոքրիկ հատիկ։

Ականջներս գոցի՛ր, գոցի՛ր սիրտս անսեր,
Խավարեցրու լույսըս՝ քո կամոք չէ եթե,
Որ անժառանգ, սառը՝ հանց երկնաքար մի սև,
Քեզնով չափեմ պիտի Տիեզերք ու Եթեր…

02.03.2009 Երևան

100-ից հետո…

Թողնել մեկնաբանություն


Անգամ մեղուների իսպառ ոչնչացումն է անդառնալի հետևանքեր ունենում այս կանաչ-կապույտ մոլորակի Կյնաքում…

Ես էն գելն եմ,

Թողնել մեկնաբանություն


Որը եկել է

Անտեր պարտության հետևից,

Որ ոտքի կոխան դարձած՝

Ընկած է ցեխակոլոլ, արնածեծ…

Ձեզ լինեն տիրովի ձեր հաղթանակները,

Իմ բաժին պարտությունն առած՝

Կդառնամ ձագերիս մոտ։

Չէ՛, չե՛մ հոշոտի,

Չե՛մ տա ձագերս ուտեն

Կլվանամ մաքուր,

Որ լիզի վերքերս բոլոր,

Իսկ երբ մեծանան ձագերս՝

Այս անտեր պարտության տերը դարձած,

Կիմանան հաստատ,

Որ ամեն խոցող փամփուշտ,

Պայթող ամեն արկ,

Արձակվել է դեռ այն ժամանակ,

Երբ գրողները՝ Ոչ և Իսկական,

«Իզմ-ություն»-ների գիրկն ընկան

Եվ ասֆալտի սահմաններն անդին

Աներգ ու անբառ մնացին

Քչքչոցն առվի, տնքոցը հողի,

Լույսը բողբոջի…

Երբ որբացած մանչուկի ճիչը

Անհույս զմռսվեց որբանոցում,

Երբ հողի վրա մաշվելու տեղակ

Հերոսների փորերը դարձան

Ինն ամսական հղի կնոջ փոր՝

Ուռչելով նախորդ հաղթանակների

Ճոռոմաճիչ «ցմ-պա-պա»-ներից…

Երբ մի օր, վերջապես,

«Իզմ-ությունների» ծայրագավառս

Հանկարծ հասկանա,

Որ գուրգուրել ու փայփայել է պետք

Պարտությունը լոկ,

Իսկ հաղթանակը տերեր կգտնի։

Բայց քանի դեռ

Չի եկել օրը…

Ես պիտի ելնեմ գիշերվա որսի,

Ասեմ՝ եկել եմ,

Ես գելն եմ, եկել եմ,

Որ դուք ձեր տիրովի եղած-չեղածը

Շուտով տուն տանեք, ու ես, անարգել,

Իմ բաժին պարտությունը անտեր

Իմ բնում

Ամբարեմ։

ՀՈւՇԱՍԻՐԱՎԵՊ

Թողնել մեկնաբանություն


I

Տեսնես հիմա ո՞ւր ես, որտե՞ղ…
Առաջվա նման հո՞ւր ես, որտեղ
       Թրծվում էինք ու լծորդվում…

Առաջվա պես «ծուռ» եմ, գիտե՞ս։
Առաջվա պես լո՞ւռ ես։ Մի տե՛ս.
     Առջևս գոցվեց էս մի դուռն էլ…

Աստված մինչև դուռ փակելը
Միշտ էլ բացում է մեկէլը.
Դժվարը նոր դուռը տեսնելն է։

Իսկ լուրը՝ «Իրարից հեռու են…»,
Ասես թունավոր զեռուն է.
Խայթում է, բայց դեղ է թույնը…

II

Համբույր՝ ծաղիկ դեղձենու…
……………………………………………
Մի նոր երազ հեղձել ու
Տանում եմ դարձյալ հերձելու։

III

Հիմա հազում ու ջերմում եմ՝
քամիներից միջանցիկ,
Ու տխուր-տրտում ճեմում եմ,
Չփակված դռների միջանցքից
Հեռանում եմ գլխիկոր ու անպարտ,
Հեռանում եմ, բայց ո՛չ անապատ,
Դեպի շիշը՝ գինին անապակ։
Իսկ լուրը՝ «Իրարից հեռու են…»,
Շաղի հետ ճյուղին թառում ու
Հարցնում է. «Բա ո՞ւր են, որտե՞ղ…»։

2009 թ.

Կոմիտաս. «Հայր մեր»

Թողնել մեկնաբանություն


Դարերի փոշին
Մեղմիկ սավառնեց դատարկ սենյակում,
Գետնախորշեր ու ժայռափոսեր են,
Ու զանգակատուն:
Ու ժամհարի հետ
Ես էլ բարձրացա մի զանգակատուն,
Ուր ղողանջեցի զիլ զանգերի հետ,
Ու խնկածխի քուլաների հետ
շարականվելով՝
Ճախրեցի անհուն…
Դարերի փոշին
Մեղմիկ սավառնեց երկնակամարում,
Մեղանչման թախիծ ու աղաչանք է
դատարկ սենյակում:

ԱՆՏԵՐ CONSTRUCTION

Թողնել մեկնաբանություն


1.
Որոշեցի երկնային գրասենյակից 
էլեկտրոնային դիմում-նամակով
տեղեկություն ստանալ, թե ինչ է մարդը։
Գրված էր՝ «under construction…»։

2.

Նույն նամակով
գրասենյակին խնդրել էի նաև
տեղեկություներ տալ դրախտի մասին։
Պատասխանում գրված էր.
«Առաջին Դրախտը մանկությունն է,
որից ձեզ վռնդում է Ժամանակը,
ու մնացած ողջ կյանքում կարոտում եք այն»։
Կիսատ, սովահար, ցեղասպանված,
բռնաբարված մանկության
հազարավոր հղումներ ուղարկեցի ի պատասխան։
Անմիջապես արձագանքեցին.
«Իհարկե բացառություններ կան,
և ոչ բոլորն են մանկությունը դրախտ համարում,
բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ,
հարուցված են վարույթներ
և դրանք քննության ընթացքում են»։
«Իսկ երկրորդ Դրախտը»…
Լություն էր և հետագա բոլոր հացումներիս ի պատասխան
Աչքերիս առաջ հայտնվում էր՝ «Error 404»-ը…

3.
Երբ հարցումներով շատ զահլա տարա,
եկավ պատասխան. 
«Երկրորդ Դրախտի մասին տեղեկությունը
համարվում է հույժ գաղտնի, և կա ընթացակարգ.
պիտի չտարածելու մասին ստորագրություն տաք,
և իբրև երաշխիք պիտի մեզ տրամադրեք 
ձեր ողջ հենաշարժական գույքը
և կնքեք անժամկետ պայմանագիր՝
«Մարմնից Առհավետ Հրաժարման» (այսուհետև՝ ՄԱՀ)։
Եթե պատաստ եք անցնել սույն ընթացակարգը
ապա մեր հատուկ գործակալը կայցելի ձեզ»։
Ի պատասխան գրեցի՝ «Error 404»,
«Error 404», «Error 404»…
Հետո, որ իրենց մոտ կասկածներ չմնան,
գրեցի. «Ո՛չ, պատրաստ չե՛մ,
ախր ես էլ սովորական մի մարդ եմ, 
որը դեռ «under construction…»…

4.

Բայց Գործակալը եկավ։
Ասաց մի վախեցիր,
Ճանաչողական այց է,
«Մի վախեցիր, մերկացիր»։
Իսկ ես վախենում էի մերկանալ,
վախենում էի ներկայանալ
ու ցույց տալ կյանքս ցանուցիր։
Ասաց. «Արագ դեն գցիր
ամեն բան, քեզնից ընդամենը
մնալու է այն ամենն,
ինչ թեթև է լույսից»։ Ասացի.
«Հապա ամբարված սե՞րը,
որ անհասցե ու անծիր է…»։
Ասաց. «Մի վախեցիր,
դա հաստատ թեթև է լույսից»։
Ասացի. «Ինձ ո՞ւր ես տանում»։
Ասաց.  «Դեպի ներս ենք հոսում,
մեր ապագան ներսում է, մերկացիր,
ներսիդ երկնքում, մերկացիր…»։
Զարթնեցի։
Էկրանին դեռ թարթում էր՝
«Error 404»… «Error 404»…
Տակը գրեցի՝ «անտեր construction…»

Ճախրի՛ր, իմ գազան II

Թողնել մեկնաբանություն


II

Իմ խելառ,

Խելահեղ իմ գազան,

Այլազան մորթով ու հավերժ

Ճախրում աղոթող իմ գազան,

Բզկտված մարմինդ պատված է

Գարշահոտ արնածուծ տզերով,

Լակում են արյունդ ու դու

Դարձել ես քոսոտ,

Ու քսու ոհմակը սպասում է,

Թե երբ ես լեշ դառնալու…

Ժանիքիդ ահը հիմա

Նրանց դեռ պահում է հեռու, բայց…

Մխրճի՛ր վերջապես ժանիքներդ

Սեփական բզկտված մաշկիդ մեջ,

ծամի՛ր մարմնիդ մեջ բնկալած

Արնածուծ տզերին, որ հանկարծ

Չլինի` հյուծախտից հեռանաս…-

Անփառունակ, խայտառակ…

Այլազան մորթով իմ գազան,

կեռմաններում այս լեղի

Գորշադեղին օրերի

Քեզ անվերջ հմայում է հեռու

Աստղալույսը գերող, ու դու

Գոյելու անխաթար բնազդով

Սողա՛ դեպ անդունդը կապույտ…

Զարդարի՛ր գոյությունդ մի նոր

Հզոր ոստյունով…

Ու ճախրի՛ր անսահման կապույտում…

Սուրա՛ դեպի վեր…

Դեպ Արև…

2006 թ.

ՏՐԻՈԼԵՏՆԵՐԻ ԲՈԼՈՐԱՊՍԱԿ

Թողնել մեկնաբանություն


 

1

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Հոգնած օվկիանոսի ժահրոտ ալիքներից

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի…

Կիրք ու գզվռտոցի դժխեմ օվկիանոսում՝

Ես մի ծե՛ր ծովագայլ՝ հոգնած թափառումից…

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

2

Ա՜խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ,

Էս ե՞րբ ես մնացի այսպես՝ անառագաստ…

Ա՜խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

Ալիքները՝ ժահրոտ, դժխեմ օվկիանոսի,

Գոնե ինձ ափ նետեն՝ մի քիչ փեշիդ մոտիկ…

Ա՜խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ։

3

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ,

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին…

Առագաստը՝ արդեն կրծքիս չի փողփողում,-

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ…

Օվկիանոսն իմ խրոխտ կեցվածքից գազազած,

Էլ չի կոչնակելու ննջող հողմադեվին…

Ես արդեն մի խարխո՜ւլ կայմի մնացորդ եմ,

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին…

4

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին,

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ,

Նոր պիտի դառնայիր երազելի եզերք՝

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին,

Բայց քո բույրն ամենուր թեվածում էր, որպես

«Թռչող հոլանդացի»… Իսկ ես մի խենթ նավազ…

Որ մրրիկը սանձում, լծում էի նավին,

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ։

5

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ,

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի,

Սիրենների երգը ինձ տանում էր հեռուն,-

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ։

Քանի՛ տարի անցավ… Ողբերգական դարձս

Չի նմանվում բնավ դարձին Ոդիսևսի…

Դու դեռ չէիր դարձել ցնորական երազ,

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի:

6

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ

Ու սերմերից ծլած կարոտն էր ամենուր…

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի.

Նավախելիս կողքով կղզիներ էին լողում,

Անթիվ նավզիկեներ՝ սպասումով լեցուն…

Իսկ ես ակոսում էի կուրծքը օվկիանոսի

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ…

 

7

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ,

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,-

Պիգմալիոնի աստղը ժպտում էր երկուսիս՝

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ։

Ծովածին փրփուրից ես քեզ արարեցի

Ու քայլում ես, ահա, որպես տենչանք անհուն՝

Ցանելով երազի սերմերը ոսկեհունդ…

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի…

8

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Կիրք ու գզվռտոցի դժխեմ օվկիանոսում

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի։

Ծովածին փրփուրից ես քեզ արարել եմ,

Բայց չի կենդանացրել Ափրոդիտեն, սակայն…

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի,

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

9

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Ես արդեն մի խարխուլ կայմի մնացորդ եմ,

Էս ե՞րբ ես մնացի այսպես՝ անառագաստ…

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ։

Ալիքները ժահրոտ, դժխեմ օվկիանոսի,

Գոնե ինձ ափ նետեն մի քիչ փեշիդ մոտիկ…

Ա՛խ, իմ երազների լուսե նավահանգիստ,

Անկարո՜ղ եմ քեզ չերազել մեկուսի։

 

Ի ՀԻՇԱՏԱԿ 

Թողնել մեկնաբանություն


(վաղամեռիկ ընկերոջս՝ Վարդան Պարզյանի հիշատակին)

Ու քեզնից հետո քամին լաց եղավ,
Երկինքը թափեց ձյունե արցունքներ,
Արևը փնտրեց քեզ, երբ չգտավ,
Ճառագած լույսը մեկեն դատարկվեց:

Լուսինը երբեք այդքան չէր լացել,
Աստղդ չէր փնտրել քեզ այդքան երկար,
Հողը ինքն իրեն այդքան չէր ատել.
Մեղավոր սրտով քեզ իր գիրկն առավ:

Քեզնից հետո էլ սրճում ենք մեկտեղ,
Ու թվում է, թե տակավին մեզ հետ
Կգաս զրույցի ու կատակելու,
Կգաս ծխահոտ սրճարանը մեր:

Եվ հիմա տխուր հուշերը միայն
Թևածում են լուռ մեր սեղանի շուրջ,
Մեր զրույցի մեջ կարոտ կա ճերմակ,
Նաև վճարված, չխմված մի սուրճ…

(1992 թ. եթե ճիշտ եմ հիշում)

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ

Թողնել մեկնաբանություն


Սկսել եմ որպես բանաստեղծ։ Մինչև հիմա էլ ինձ համարում են բանաստեղծ, թարգմանիչ և էսսեիստ։ Ես հիմա այդպես էլ ստորագրում եմ, սակայն գրականությամբ զբաղվելուց որոշ ժամանկ անց, սկսեցի հասկանալ, որ գրականության մեջ ժանրային տարաբաժանումներն արհեստածին են, դրանք հեշտացնում են քննադատների ու գրականագետների գործը, և ինչպես հիմա ասում են բնապահպանները՝ մարդկային գործոն են բնության վրա։ Ինձ հետաքրքրեց թե իրականում որքան սերտ է գրի լեզվի և գրական տեքստի (առանց ժանրային տարաբաժանման) միասնականությունը։ Իմ վերջին գիրքը կառուցված է հենց այդ սկզբունքով. ասելիքը հընթացս փոխում է ձևը՝ պոետիկ խոսքից անցնելով վերհուշի, հետո՝ գռեհկության, անեկդոտի, հետո նորից ձեռք բերում ռիթմայնություն։ Դրա համար նաև հարկավոր էր, որ տարբեր տարիների գրված բանստեղծություններն ու պատմվածքները, հուշերն ու անգամ ֆեյսբուքյան ստատուսները դառնան մեկ միասնական պատմություն ու սահուն լեզվատրամաբանությամբ անցնեն մեկից մյուսը։ Գիրքը սկսվում և ավարտվում է միևնույն բառերով՝ «Աստծո տեսակարար կշիռը», սակայն եթե առաջին դեպքում դա խորհրդածության վերնագիր է, ապա վերջում՝ դեռևս մոր կրծքի տակ ապրող դստրիկիս ուղղված խոսք է։

ԳԻՆՈՎՑԱԾ ԿԱԿԱՉՆԵՐԻ ԵՐԳԸ

Թողնել մեկնաբանություն


ԳԻՆՈՎՑԱԾ ԿԱԿԱՉՆԵՐԻ ԵՐԳԸ

 

Մի՜  հավատա դայլայլներիս.

Դա գինովցած սիրտս էր խոսում,

Լավ չեմ հիշում, անկեղծ ասած,

Քաղցրահամ էր սուտը հոսում:

 

Գուցե նույնիսկ չափը անցա.

Անկեղծության սահմանն էլ կա,

Բայց հավատա, սթափ ճիշտը

Գինով ստի շունն էլ չկա:

 

Մի՜ հավատա, ո՜վ դիցուհի,

Գինեմոլիս մարմաջներին,

Ես գիշերներն անց եմ կացնում՝

Սեր երգելով կակաչներին:

 

Կակաչներն էլ սիրահարվում

Ու հարբում են գինու գավից:

Հավատա ինձ, կակաչներն էլ

Լաց են լինում մերժման ցավից:

 

Չէ, հավատա, խենթությունս

Չի բուժվելու կապանքներով,

Հար կլինեմ քեզ պարտատու,

Թե ինձ հիշես միայն գինով:

 

Ու գինովցած, երբ կգրկես

Պարանոցը մեկ ուրիշի,

Գինովացած կակաչներս

Կախիր թելից գինով հուշի…

ՕՐԻՈՐԴՆ ՈՒ ՇՈՒՆԸ

Թողնել մեկնաբանություն


Խենթացել են ծառերը, օրիո՜րդ,
Քեզ նման օրորվում են մայթին,
ու դեղին մազերը՝ բիզբիզ են,
ու մերկ են կրծքերը սաթե…

Քամին՝ խառնշտում ձեր վարսերը,
շոյում, համբուրում է կրծքերը…
Խենթացել է քամին՝ իմ ընկերը.
Նա՜ էլ է ընկել ձեր ոտքերը…

իսկ ես, նախընտրում եմ լինել
Թափառող մի շուն, որ կծում է…
Թեև դավադիր իմ ընկերը՝
Քամին… ինձ անվերջ հալածում է։

Քեզ ինչպես հասկացնեմ, որ հոգիս
ուզում է կապվել ծառի տակ…
որ հոգնել եմ լուսնահաչից,
Թեև գայլ եմ արդեն… կիսով չափ…

Դու քամու սիրահար մի խենթուկ,
Ես մի շուն՝ ոռնոցիս հետ մենակ…
ու թվում է՝ ծառերն՝ անպտուղ,
ու անտուն է աշխարհը համայն…

Բեր գգվենք ու քամին թող ոռնա…
Ձևացնենք՝ դու քեզ ծառ, ես ինձ շուն…
ու թող մանրաքայլ հեռանա
Հերթական՝ անպտուղ մի աշուն…

«թARS-մեTա» շարքից

Թողնել մեկնաբանություն


* * *
Երկնքից տագնապ էր կաթում։
Տագնապը մարմին էր առնում
Գայլերի աղիողորմում։
Չփորձեցինք անգամ իմանալ,
Թե ինչու են շները լռում՝
Պոչերը տակները ծալած…
ու եղավ խավարում։
ու եկան…
Եկան մերկ, հմայիչ ու դյութող,
Հանց սիրեն՝ գերեցին երգով, ու…
Մեր զինվորները՝ վարձկան, ու
կանայք վարձակներ դարձան…
Պահապան շներն այլևս
Քերբեր էին՝ դժոխաշուն…
Լուսաբացին լույսը քիչ էր,
Լույսի փոխարեն կավիճ էր
Լուսամուտների ապակուն,
Գետնի տեղ՝ արնաճահիճ էր,
Գարշահոտ արնալորձը գուղձ-գուղձ
կաթում էր երկնքից լպրծուն…
Հետո գարշահոտ կարմրի մեջ
Սևականաչը պայթեց՝ որպես մոխրե մուժ,
ու խավարը մեկ՝ սև, մեկ՝ կանաչ էր՝ մուգ,
որ խցվում կոկորդդ, խեղդում էր…
Եկվորները՝ հմայիչ ու մերկ,
Արնոտ շուրթերով մեկ առ մեկ
Համբուրում էին վարձկաններին,
ու համբույրն հավիտյան դաջվում էր…
իսկ մենք կուրացած, խլացած,
Լորձ ու լերդի մեջ կորած,
Խարխափում էինք հոգնատանջ…
«Այսօր»-ը դառնում էր «երեկ»,
ու թվում էր՝ «վաղը» չի՛ գալու երբեք…
Եվ լոկ գայլերի ոռնոցն էր
Հանց կոչնակ հնչում ամենուր.
«Արթնացեք, նրանք այստեղ են,
իսկ դուք՝ փորձության երախում.
Նորից երգելու ժամանակն է»…
իսկ լեռների ծերպերին,
Ազատ գայլերի երգի հետ
շառագունում էր կրկին
Արևի պսակը ոսկե։

Հորեղբայրս

Թողնել մեկնաբանություն


Խռովել էի Վանիկ հոպարից.
Ինքը տատիս համոզեց, թե՝
«Ըդիկ վաղուց տի ղփիլի տակից ծուղրուղու կանչեր»։
Սպիտակ էր, վարդագույն կատարով,
տեղ-տեղ կարմիր բծերով։
Ոտքս դնեի հավաբուն՝ հարձակվում էր,
ու ինձ քշելուց հետո՝
Ծուղրուղու էր կանչում հպարտ-հպարտ։
Վանիկ հոպարն ինձ Նազար էր ասում
Աքլորից վախենալու համար։

Այսօր, իմ մանկության աքլորի
ծուղրուղուի, թե արնոտ կատարի հետևից էր,
որ հոպարս գնաց՝ իր հետ տանելով իմ կյանքի
կատակով ու լույսով լի հսկա կտոր,
թողնելով կսկիծ ու այդպես էլ չկայացած մի ուխտ,
որ հետաձգվել էր հրեշտակիս հեռանալու պատճառով։

Բոլոր ճանապարհները տանում են

Թողնել մեկնաբանություն


Զարմիկիս արդեն որերոդ անգամ խոստանում եմ տանել Երևան։ Ընդամենը քառասուն րոպեի ճանապարհ է, բայց ամեն անգամ մի պատճառ եմ գտնում, որ չտանեմ։ Նայեց, հասկացավ, որ էս անգամ էլ չեմ տանելու, ասաց.

— Հոպար, բա ե՞րբ ենք գնալու Թումանյանի թանգարան, Մատենադարան…
Հարևանս միջամտեց.
— Արդեն մեծ տղա ես, հերիք չի՞ երազես, մի քիչ մեծացի։ Երևանում հիմի լավ գործեր պիտի ման գաս, ոչ թե…
Զարմիկս նեղսրտեց, բայց իրենից մեծին չհակաճառեց։
— Էս անգամ հարմար չի,- ասացի,- հետո։

Խոստումը չկատարած մարդու ծանրացած սրտով լուսադեմին դուրս եկա։
Մատենադարա՜ն, Թումանյանի թանգարա՜ն…
Մատենադարանը Երևանում է, բայց Մշո ճառընտիրը, Հեթում Բ արքայի ճաշոցն ու ձեռագիր մատյանների մեծ մասի ստեղծումը Երևանի հետ կապ չեն ունեցել։ Գրիչներն ու ծաղկողներն էլ (գուցե չնչին բացառություններով) Երևանում չեն ապրել։ Փարաջանովն էլ։ Խաչատրյանն էլ։ «Հովհաննես Թուման­յանը ժամանել է Երեւան ընդամենը 5 անգամ` շատ կարճ ժամանակով: Ամենաերկարը՝ 1921 թ. մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը։ Տնային կալանքի տակ է եղել…»…
Զարմիկիս ո՞նց բացատրեմ, որ Պանթեոնում հանգրվանածների մեծամասնությունը Երևանո՛ւմ չի կայացել, Երևա՛նն է կայացրել, որ ժամանակին ինձ էլ մագնիսի պես ձգել է այն Երևանը, որը Մեծ Երազողների՝ Արգիշտի արքայի, Թամանյանի, Սարյանի, Բաբաջանյանի նյութականված երազանքն էր, որ հեռուստատեսությամբ երևացող Կենտրոնն իր լուսավորված շենքերով ու զբոսայ-գիներով` քաղաքի շպարն է, որ իրեն ձգող Երևանը նաև Գառնին է, Գեղարդն է, Տաթևն է, ձեռագիր մատյաններն են, էպոսն է, հայրեններն են… Ո՞նց բացատրեմ, որ Երևանը մեծ Երազողների արդեն միսուարյուն առած երազանքն է, որ ուրիշի երազանքի մեջ սեփականը գտնելը՝ ծուղակ է, որ շատերն են իրենց երազանքի հետևից եկել, բայց ընկել են բետոնե վանդակների ծուղակը, ինչպես մեր «մայլի» Սամվելը, Սերոժը, Ռուբիկը…
Իրենց երազանքի անսանձ ձիերին կապեցին քաղաքի բետոնե բներում և Երևանի առօրյան հիմա լափում է դրանց նաշերը։ Ու մնաց լոկ անսահման կարոտը… Ու էդ կարոտն է մեղավոր, որ բազմահարկերի բակերը պատառիկների բա-ժանված՝ ցանկապատվել են, ինչպես գյուղերում, ինչպես մեր փողոցում, որն անուն չուներ…

Հիմա մեր փողոցն ունի անուն,
Անգամ ազգանուն,
Բայց մեկ է՝ իսկական անունը այլ է…
Ուրիշ համուհոտ, ուրիշ բույր ունի
Օտարահունչ «մայլեն»,
Որ այն ժամանակ անուն չուներ՝
Միայն համար…
Այն էլ՝ նրա համար,
Որ փոստատար Հայկուշին լիներ հարմար…
Ուսին՝ «դերմատինե» պայուսակ,
Վզին՝ պիոներական վզկապ,
Խրոխտ կեցվածքով՝ կուրծքն առաջ,
Միշտ «վռազող», չանթերով…
Հայկուշ տոտան խոսում էր արագ-արագ,
Հեռագիր լիներ թե նամակ՝ ձայնում էր.
«Հարևա՜ն, մաղարի՛չ, մանեթս տո՛ւր»…
Երբեք ոչինչ չէր վերցնում…
Մտնում էր տուն,
Մի բաժակ թեյ կամ օղի էր խմում
Ու քստքստոցով արագ հեռանում։

Ամռան շիկացած երկինք էր
Ու տատիս ծանր երկանքը.
Ուրիշ ձավար չէր ուտում…
Ձավարը ծեծում էինք Գևորենց սանդում,
Փայտե «կվալտով»՝ հսկա թակ…
Խաշած ցորենի բուրմունքը գոլ՝
Կախարդելով տանում էր բակից-բակ.
Մեր «մայլեն» դառնում էր չորացող ձավարի
Կարկատաններով պատված ներքնակ…
Հետո հավաքվում էին՝ ջահել բազուկներ,
Թաքուն ժպիտներ, կատակ,
Պրկված մկաններ ու խեղճ, հուսահատ,
Անընդհատ տնքացող փայտե թակ`
«Փակ, փակ, փակ»…
«Տիկ-տակ, տիկ-տակ, տիկ-տակ»…-
Ժամացույցն ինձնից գողանում է ձայնը,
Որ հանում էին սանդն ու
Փայտե թակը…
Մեր մայլեցի Սամվելի տղա Վանիկը քաղաքում լավ անուն ուներ։ Ասում են՝ Վանիկից վախենում էին. անընդհատ «ռազբորկեքի» մեջ էր, խաղում էր, փողեր էր վերցնում-տալիս… Հետո՝ ավտովթար… Լավ հարբած էին եղել…
Էդ նույն ժամանակ, երբ Վանիկն արդեն «ռազբորկեքի» մեջ էր, ու երազում էր մեծ գործեր անելու մասին, մենք մեր «ռայոններում» նստած երազում էինք աշխարհը նվաճել մեր գյուտերով, մրցանակներ ստանալ, որ ամենուր հնչի Երևան անունը…

Գլուխս մերձքաղաքային երթուղայինի ապակուն հենած նիրհում էի։ Մեքենայի կանգնելը հուշեց, որ հասել ենք։
Քաղաքներն էլ կնոջ նման են։ Շպարազատ, իսկական դեմքը կարող ես տեսնել միայն առավոտյան, երբ քնից դեռ նոր է արթնանում… Էդ մի ժամանակ էր, քաղաք իմ, որ այտերդ վարդագույն էին, ու շողշողում էիր առողջությամբ, էդ մի ժամանակ էր, որ քեզ միայն սեր էին խոստովանում… Հիմա՝ լուսադեմին, դեմքիդ տհաճությամբ եմ նայում, ինչպես ժամանակից շուտ մաշված գավառական այս պոռնիկին, որ տանը չի հասցրել շպարվել ու հիմա, քանի դեռ երթուղայինը կանգնած է, հապճեպ շպարվում է, թեև լավ գիտի, որ շպարը բնական գեղեցկությունը լրացնում է, ոչ թե փոխարինում։
Ներքաղաքային երթուղայինը սպասում էր՝ իր հինգ-տասը րոպեն լրանա, որ շարժվի։ Մտքերը, մեղուների բզզացող պարսի նման, հանգիստ չէին տալիս. «Իշխանական վերնախավը սրբություն չունի, երկիրը հոգեվարք է ապրում. մականունավոր ԱԺ, քրեական բարքեր, արտագաղթն ահագնացող չափերի է հասել…»։
Ետնամասում նստած երկու երիտասարդ սկսեցին բարձր խոսել.
— Ավո ջան, շուտ ե՞ս էկել։
— Էրկու շաբաթ։
— Գործերը լավ չէի՞ն։
— Դեպորտ արին։ Բռնվանք։
— Նորից էթալու ձև ես գտնելո՞ւ։
— Հա, ստե անելու բան չկա, ստե մնամ՝ ի՞նչ անեմ, լապատկի պոչ բռնե՞մ…
— Ճիշտ էլ կանես… Մինիստր ծանոթ ունեինք, ասում էր՝ «գնալու եմ, սա երկիր չի, գնալու եմ մի կարգին երկրում նորմալ ապրեմ»… Բայց գիտե՞ս ի՜նչ հայրենասեր մարդ էր, ի՜նչ պատմություն գիտեր, հիանում էր մեր թագավորների խելքով, գործերով… Է՜, երկիրդ երկիր չի…
Նայեցի խոսողներին. հագուկապից ու թաղի տղերքի մասին հարցուփորձից հասկացա, որ իրենք երևանի այն բնիկներից են, ում պապերը, կամ հայրերը քաղաքի բներում վարձով ապրելն ու քաղաքի ծայրամասերում կառուցվող թաղամասերի շինարարություններում «լապատկի» պոչ բռնելն ամոթ չեն համարել, մենակ թե մի տուն էլ իրենք ստանան ու ստիպված չլինեն «ռայոնում» ծավարած իրենց գյուղը դառնալ, որտեղից նրանցից շատերն ուղղակի փախել էին…
Նյարդերս տեղի տվեցին։ Իջա, որ տհաճ պատմության մեջ չհայտնվեմ։ Անձրևի կաթիլներից փոքրիկ պղպջակներ գոյացան, մոտավորապես՝ զրուցող երիտասարդների երազանքների չափ։ Երթուղայինը բացեց թևերն ու մորթվող խոզի պես խռխռալով թռավ դեպի զրուցող տղերքի երազանքը՝ որևէ կուշտ ու բարեկեցիկ երկիր։ Ավտոկայանը մռայլ է։ Դիմացի հեռավոր բլրին Արգիշտի արքայի հիմնած ամրոցն է՝ Էրեբունին։

Սկզբում Արգիշտին հիմնել է ամրոցը. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների…»։ Դե իսկ հետո հավանաբար իշխանությունն անցել է ավելի «դելավոյ», երևի նաև մականունավոր տղերքի ձեռքը։ Նրանք իրենց իշխանական մեծ ժողովների ժամանակ խորին ակնածանքով ցիտել են արքայի արձանագրությունը, անկեղծորեն հպարտացել և մեծ ու փոքր հրապարակներում հայտարարել են, որ Արգիշտի արքայի հետնորդներն են, այն արքայի, որ կառուցեց Էրեբունին «ի հզորություն … և ի սարսափ …»։
Հետո նրանց միջի ուսյալները գնացել են աշ-խարհին պատմեն իրենց Բիայնայի, իրենց Խալդ աստծո զորության մասին։ Հասել են աշխարհի հեռավոր անկյուններն ու զարմացած ետ եկել. պարզվել է, որ էնտեղ էլ մեծամեծ գործեր են արվել, դեռ ավելի մեծ…
Խորհել ու հասկացել են, որ եթե ուրիշները կարողանում են բազմազգ ու ավելի մեծ կայսրություն կառավարել ու շա՜տ հարուստ լինել, ապա մեզ մոտ էլ դժվար չի լինելու։ Սկսել են էնտեղի առաջադեմ փորձը ներդնել… Հետո, երբ գողոնով հարստանալու, մսխելու և լափելու բան չի մնացել, ասել են՝ «երկիրդ երկիր չի…», և տունուտեղով, ծառաներով ու ճորտերով գաղթել են աշխարհի չորս ծագերը՝ գաղթի երկարուձիգ ճամփեքին մեծարելով Արգիշտի արքային, անկեղծորեն հիանալով նրա ռազմավարական մտածողությամբ, հեռատեսությամբ, խորհելով Խալդ աստծո մեծության մասին…
Երևա՛ն, ես իրոք ուզում եմ հասկանալ, թե ո՞նց եղավ, որ ի տարբերություն Հռոմի, որից, համաձայն քարագիր ծննդականիդ, մեծ ես 29 տարով, բոլոր ճանապարհները ոչ թե բերում են դեպի քեզ, այլ տանում են քեզնից հեռու։ Քո անառակ որդիները ոչ թե ժառանգությունը մսխում ու նոր են վերադառնում, այլ օտարության մեջ ժառանգություն են դիզում։ Հետո վերադառնում են… Լավագույն դեպքում՝ որպես զբոսաշրջիկ։ Բայց գալիս են նաև՝ ինչպես վախկոտ հարբեցողը, որ տանն է միայն առյուծ կտրում, ու գիտի, որ միայն սեփական մայրն է իրեն հանդուրժելու, իր անճար, խեղճ, «ջիգյարին» գերի մայրը։
Գալիս են ուժ հավաքած, օտարացած, իրենց հետ բերելով օտարի «առաջավոր փորձը»… Ու հանկարծ պարզում են, որ տանից այդպես էլ դուրս չեկած «առակավոր» որդիներն էլ իրենցից պակաս «առաջադիմական» չեն… Ու դու, Երևա՛ն, կծկվում, հպատակվում ես քո ծնած ու սնած անառակ որդիներներին, ու անխոս մաքրում նրանց փսխուքն ու կղանքը…

Մտախոհ քայլում էի դեպի Կենտրոն։ Ջահել օրերիս երազանքների մեծ մասն այստեղ էր ծնվել։ Այստեղ քաղաքի փոքրիկ չափերին համահունչ, հին, գողտրիկ շենքեր էին՝ ճարտարապետական հուշարձաններ՝ երկհարկանի, եռահարկ։ Նրանց հնաբույր պատերը մագնիսի պես ձգում էին, խոստանում էին մոռացված գաղտնիքներ ու հին պատմություններ պատմել, որոնք մարդկային հիշողությունն արդեն կորցրել էր… Բնակիչների մեծ մասն՝ այդ շենքերը կառուցած անվանի գերդաստանների հետնորդներ էին, մի տան նման՝ դուռ դռան վրա ապրում էին՝ իրարից բամբասելով, կռվել-բարիշելով, ուրախանալ-տխրելով…
Վերջին անգամ, երբ իշխանության եկան «առաջադիմականներդ», իսկույն գործի դրեցին իրենց սերտած «առաջավոր փորձը», որի միակ իմաստն ու պահանջը փող դիզելն էր։ Իսկ փողը քաղաքի սրտում էր՝ այդ հին հուշարձան-շենքերի զբաղեցրած տարածքը… Հո իզուր չէ՞ր, որ իրենցից քաղաքի պետքերի համար փող ուզող քաղաքապետին ասին՝ «դու փողի վրա նստած ես՝ մեզնից ե՞ս փող ուզում»…
Սկզբում քանդեցին հնաբնակ քաղաքացիների միասնությունը. մեկին (տերովին) խոստացան նույն տեղում համարժեք բնակարան տալ, երեքին՝ համարժեք փոխհատուցում (սրանք կիսով չափ տեր ունեին), մնացածին (ըստ իրենց՝ գիլափային)՝ սկսեցին վազեցնել տարբեր ատյաններ՝ ունեցած միջոցներն անպետք թղթերի վրա ծախսելու…
Քաղաքի դիմադրելու կամքը ճաք տվեց. նախկինում դուռ դռան, սիրտ սրտի ապրող մարդիկ սկսեցին միմյանց չվստահել, իրենց հարցերն առանձին-առանձին լուծել։ Դրանից հետո պիտի ճաք տային հուշարձանշենքերի պատերը…
Մարդիկ փորձեցին դիմադրել, բայց արդեն ուշ էր, ապարդյուն. նրանց վտարում էին պապենական տներից ոստիկաններով, ծեծուջարդով… Ճռնչա-լով, մեկը մյուսի ետևից սկսեցին փուլ գալ հինավուրց պատերը, որոնք թե՛ վիշտ էին տեսել, թե՛ ուրախություն, թե՛ օրհնանք, թե՛ անեծք… Իմաստուն այդ պատերը ժամանակի հետ վիշտն ու անեծքը խոր թաքցրել էին իրենց ծալքերում՝ քարերի արանքում։ Հիմա, երբ էլ չէին թողնում քարը քարին մնա, այլևս անհնար էր կանխել, որ հին անեծքն ու վիշտը, դուրս չհորդեն, չխառնվեն ահռելի քանակով նոր անեծքին, վշտին, ողբ ու կոծին…
Պատերն ընկան, բայց հսկայական այդ սև զանգվածը ուրվականի պես կախվեց-մնաց սովոր տեղում, չհեռացավ։ Իսկ հետո, երբ կանգնում էին Հյուսիսայինի պատերը, այդ սև զանգվածն իր համար նոր օթևան գտավ, բայց այս պատերն արդեն իմաստուն քարերից չէին, մոնոլիտ բետոն էր, պահվելու տեղ չկար…
Վերջերս սկսեցին քննարկել, թե ինչու Հյուսիսային պողոտայում բնակարան չի վաճառվում։ Մի հոդված էլ ես գրեցի՝ շեշտելով էդ սև զանգվածի առկայությունը։ Մեծ պաշտոնյայի օգնական ծանոթս հրավիրեց սուրճ խմելու։ Ընթացքում քմծիծաղեց. «Ապե, էդ ինչե՞ր ես գրում, ի՞նչ հեքիաթներ ես պատմում»… Գնալիս հետահայաց նետեց. «Դու Հյուսիսայինի ուղղելի թերությունները ցույց տուր, գրի որ կայանատեղի չկա, կանաչ տարածքներն են պակաս… Դրա ձևը կգտնենք, բայց էդպես մի՛ գրիր, գիտե՞ս ինչ փողեր են ներդրված»…
Հասել էի Հյուսիսային պողոտա։ Սևամած այդ զանգվածը, սկսեց ճնշել անասելի ուժով, ստիպեց առանց մտածելու շրջվել ու փախչել մեղքի մեծ գիտակցումով. «Ինչո՞ւ, երբ այստեղ կարիքս կար՝ չեկա օգնելու, չեկա, որ գոնե երբեմնի երազներս ապրելու իրավունք ունենան։ Սրանք ե՞րբ եկան, մեր մե՞ջ ծլեցին, թե՞ դրսից եկան… Եվ ինչո՞ւ եկան»…
Բայց նրանք չէին կարող չգալ։ Երևան, դու նայադի նման հեռվից հմայում, կանչում ես, ու հենց բռնեցիր, հենց ատամդ զորեց՝ լափում ես, ինչպես ծարավից տոչորվող խոզամայրն իր ձագերին…
Դու լափում ես նույնիսկ Մեծ Երազողներիդ, նրանց, ում շնորհիվ միսուարյուն ունես, նայադի պես երգել ու կանչել գիտես… Պանթեոնդ վկա… Առաջին անգամ մտածեցի քո այդ հատկության մասին, երբ գնում էինք նշելու Վարպետի հոբելյանը։ Դու նրան արդեն հասցրել էիր լափել…
Դեռ գարնան հոտ չկար, ձմեռ էր։

Ձմեռ։
Փետրվար։
Ձյունացեխ։
Ծաղիկներ։ Ճառեր։ Բազմություն…
Ում համար քարերին գրված անունները
փողոց են, այգի, գրադարան,
ճառ ասելու առիթ են, որ էկրաններին երևան…

Փետրվար։
Երևան։
Ձյունացեխ։
Էս ցեխն ինձնից ի՞նչ է ուզում…-
Գոնե կպչեր շորերիս, միայն շորերիս…
Չէ՛, այսպես չի լինի, հարկավոր է ցրել…
Կգամ գիշերով ու թաքուն…
Չե՜ն դատի:
Ուրախ կլինեն, որ ազատվել են.
հիմա ազատ տարածքներն են հարգի,
որ ցանեն բետոն,
աճեցնեն եվրադուռ, ապակի…
Կասեն՝ «քեզ լինի, ախպեր, տա՛ր։
էլ ինչի՞ գաղտագողի»…

Ցեխ թռավ անվադողից…
Գոնե կպչեր շորերիս, միայն շորերիս…

Չէ՛, հարկավոր է դառնալ,
ետ դառնալ սրտապատառ,
ծնկել ու ոռնալ. «Վարդապե՜տ,
երգ ու տաղերդ ա՛ռ, ու գնանք,
ցրում եմ Պանթեոնն էստեղից…
Արամ Իլյիչին կուղարկեմ Մոսկվա,
Հրանտին՝ Ահնիձոր…»…
Տխուր կժպտա, կասի՝
«Լավ, բա հետո՜, հետո՛…»…
«Ձեր տեղն այստեղ չէ,- կասեմ,-
ձեզ փակել են քարերի սրտում,
մեր սրտերում ապրելու տեղ՝
դարձել եք փողոց, արձան, ԿՈ՛ւՌՔ…
Հրեն, տղերքի շարքերը կուռ
տարածք են փնտրում, ուր կարող են
ցանել բետոն, աճեցնել եվրադուռ…
որ «մուղամով»՝ կամաց-կամաց,
հարակից տարածքներն իրենցով արած՝
ասֆալտեն, ինչպես մեր հոգին են
ասֆալտում մուղամով…
Հերի՜ք է տափեք քարերի մեջ,
դուք ուրիշ չափման մեջ եք,
այստեղ ձեզ տարածք պետք չէ՛…»…

Իսկ այն՝ ուրիշ չափման ուրիշ տարածքում տեղ կա՞, գեթ մի ազատ անկյուն կա՞, ո՞ւր ուղարկեմ… Ինչ անուն տամ այդ չափմանը, սե՞ր, հոգի՞, սրբությո՞ւն… Քայլերս տարան դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
2001-ն էր։ Եկեղեցին նոր էր օծվել… Մեր մյուս եկեղեցիներին նման չէր՝ ներսում ամեն ինչ փայ-լում ու պսպղում էր, ասես լաքափայլ ամսագրի էջերում լինեի։ Մոմ վառելու տեղը չգտա։ Զարմանքով պարզեցի, որ ներսում մոմ վառելն արգելված էր։ Երիտասարդ սպասավորին հարցրի, թե ի՞նչն է պատճառը. ախր Հայաստանում չկար մի եկեղեցի, որ ներսում մոմ վառելն արգելված լիներ։ Ասաց. «Մոմի մուրը նստում է պատերին»։ Ասացի. «Էդ մրի միջոցով չամիչ-տատիկների, անմեղ մանուկների, ընդհանրապես բոլոր մարդկանց աղոթքները կպչում են պատերին, ներգործում մյուսների վրա, անգամ բուժում են…»։ Զարմացած քմծիծաղեց. «Ապե, էդ ինչերի՞ց ես խոսում, ի՞նչ հեքիաթներ ես պատմում»… Գնալիս հետահայաց նետեց. «Մոմ վառելու տեղը ներքևում է՝ պադվալում»։
Չեմ հիշում ինչպես դուրս եկա… Այլևս չեմ մտել, բայց դեռ չեմ մոռացել 2001-ի հոբելյանական թոհուբոհը, երբ երբ այդ եկեղեցին օծում էին… Իմ քաղաք, դու այդ օրերին հատկապես շատ էիր շպարված, ասես վթարից այլանդակված դեմքով դիակ լինեիր, որին հապշտապ «գաջել» էին պատշաճ տեսքի բերելու համար… Ու այլ բան չէր մնաում, քան REQUIEM գրելը…

REQUIEM
Քրիստոնյա Հայաստանի 1700 ամյակի
տոնակատարությունների հիշատակին նվիրված
I
ԵՐԵՎԱՆ, սեպտեմբեր 2001 թ.

Երեկ մի կին լվացք էր արել ու հայտարարել,
Թե դա Քրիստոնյա Հայաստանի «հազար յոթին» էր նվիրված։
Այսօր մի հարբեցող կրպակից օղի էր թռցրել
Ու խմել այն կնոջ կենացը, որ երեկ տակաշոր էր լվացել…
Տաքսու վարորդը հայհոյեց անհասցե
Ու գլուխը շարժիչից պոկելով՝ ասաց,որ ինքը Լուսավորիչն է,
Որ ի՛ր խոր վիրապն՝ անընդհատ փչացող շարժիչն է,
Որ ինքն այնտեղից դուրս կգա հիմա
Ու կբազմի բլրի գագաթին՝ կինոթատրոնի դիմաց…
«Ֆայլաբազարի» տղերքն էլ ասացին,
Որ, եթե տամ մի 10-15 հազար դրամ,
Իրենք երկու՛ խոր վիրապ կփորեն՝
Մեկն իրենց, մեկն էլ «մենձավորների» համար,
Մենակ թե տանը լինի ուտելու հաց
Ու միջոց, որ երեխեքը դպրոց չգնան ոտաբաց…
Իսկ ես շրջում եմ՝ ձեռքս գրպանս դրած,
Ու ժպտում եմ մուրացիկներին,որ կռվում են
Եկեղեցու բակում վաղվա նստելիք տեղի համար.
Վաղը Հայաստանում ծնված մեծացած սփյուռքահայեր պիտի գան,
Նրանք, ովքեր ռեստորաններում
Հարբած նայում են տեսախցիկի կիկլոպյան աչքին,
Ու դեռ վատ սերտած «ախպարերերնով»
իրենք իրենց համոզում են, թե՝
«Հայասդանը գսիրեն, Հայասդանը դրախտ է…»։
Իսկ ես շրջում եմ պարապ, հենց էնպես։
Վաղուց մթնել էր, ու լուսաբացը մոտիկ է արդեն,
Աղջամուղջի մեջ, տաքսու վարորդ լուսավորիչը,
Ազդալույսերի կարմրաչ սաստն արհամարhելով,
Թիթեռնիկներին հասցնում է տուն։
«Գում»-ի մոտ առավոտ կանուխ
Շարված են մի քանի անասնագլուխ.
Նայում են քնատ իրենց տերերին՝ կոպերով իրենց գոց,
Ու մտածում, որ այստեղ՝ հոգնած այս մայթին,
Մարդկային գլուխներ պիտի լինեին, իսկ իրենք՝ ուսերին ոմանց…
Եվ այդժամ ես՝ այս երկրի պոետս,
Գուցե չթափառեի հենց էնպես
Ու ինչ-որ բան անեի՝ «հազար յոթին» նվիրված…
Իսկ այսպե՛ս,
Ես պարզապես քայլում եմ,
Քայլում եմ՝ ձեռքս գրպանս դրած…

II
ԵՐԵՎԱՆ, 2001-ից հետո… կամ առաջ

Չէ՛, որքան հասկացա, չի՛ լինի այսպես՝
Ձեռքս գրպանս դրած…
Ես էլ պիտի ինչ որ բան անեմ…
Ու քանի որ ունեմ մի քանի «պերսոնաժ»,
Որոնց հետ զրուցելն ուղակի հրաշք է,
Կարող եմ ընկնել նիրվանայի մեջ
Ու կմնամ այսպես՝ ձեռքս գրպանս դրած…
Ու քանի որ ամոթ է («հազար յոթին» նվիրված՝
Բոլոր հանճարներն ինչ-որ բան արե՛լ են…)
Ուրեմն անցնենք առաջ. շրջանցենք նիրվանան…
Ասենք տոնեցինք, ձոնեցինք, ձոնը տոնեցինք,
Իսկ առջևում խումհարն է՝ գլխացավ.
Գլուխդ կարծես անդի դագաղ է,
Ու ողբն է զնգում գանգիդ գմբեթում։
Ես այդ ժամանակ պատրաստ եմ՝ անգամ
Գլուխս տանել, դնել «գում»-ի մոտ…
ՉԷ՜, գնանք առաջ. խումհարն էլ անցանք…
Զարթնեցի, ասենք, վաղ առավոտյան,
Սակայն հիշեցի, որ գինարբուքում
Մսխել-պրծել եմ եղած-չեղածս. գրպաններս՝ ծա՜կ…
Գլխիկոր կգնամ «ֆայլաբազար»՝ վարձվելու,
Քանզի աշխատանքը մանանա չէ՛, չի՛ ընկնում վերուստ…
Ու թե «կպա՛վ», մի 10-15 հազարով «խոր վիրապ» կփորեմ՝
Մեկն իմ, մեկն էլ…
Ու քանի որ «կպնելն» էլ մանանա չէ…
Պատի տակ նստած՝ անվերջ կսպասեմ՝
Գլխարկն առջևս ու երգը շուրթիս ծռած…
Չէ՛, անցնենք առաջ, մի քիչ էլ առաջ…
Ասենք, թե իջավ երեկոն կապար,
Ու ես հոգնատանջ քարշ եմ գալիս տուն։
Դեռ շեմքում, կինս՝ թևերը կանթած
Կճչա, որ էլի լվացքը մնաց մինչ հաջորդ
«Հազար յոթ հարյուր ամյակ»…
Ես՝ իբրև մեղավոր տղամարդ, կգոռամ անհասաստ,
Որ իրե՛ն այդպես էլ տեղ չհասավ,
Որ մարդիկ տասնյակ տարով ապրել են փոսում,
Ցամաք հացով, անլվացք…. ու ոչինչ.
Հրե՛ն, բազմել է բլրի գագաթին՝ կինոթատրոնի դիմաց…
Ու քանի որ ասելու ուրիշ բան չի լինի,
Կթռչեմ դուրս՝ կրպակից օղի թռցնելու…
Առավոտ կանուխ հարբած, գազազած,
Հուսահատ կքայլեմ դեպի տուն։
Դրսում՝ տաքսու քնատ վարորդի ճմռթված դեմքից Տրտունջ է կաթում. շտապում է տուն,
Իսկ ռեստորանում շա՜տ է թեժացել քեֆը գիշերվա,
Ու իր թիթեռնիկ-հաճախորդները շա՜տ են ուշանում.
Ներսում սփյուռքից եկած տղերք են՝
Կոնդի Լիպոն է, մարաշի Նեսոն…
Հիմա խմել ու նորից հիշել են,
Որ ինչ-որ բան «գսիրեն…», բայց ի՞նչ չե՛ն հիշում…
Իսկ ես քայլում եմ հուսահատ ճիգով։
Ժամանակների տարափի միջով
Քայլում եմ դեպի «գում», որ մայթից վերցնեմ
Մի նորմալ գլուխ…
Ու նայեմ կոպերով իմ գոց
Հոբելյանական այս թոհուբոհին՝
Տիրոջս քնատ հայացքի միջով…
Ու կհասկանամ, որ դեմքեր, դեպքեր
Շրջանցելն այլևս ոչինչ չի՛ տալու…
Ու գիտեմ նաև, որ պիտի ինչ-որ,
Ինչ-որ բան անե՛մ…
Ուստի գրու՛մ եմ.
«REQUIEM…»…
Ու ձեռքս գրպանս դրած՝
Գնու՛մ եմ…
Էն ժամանակ չգիտեի, թե ուր եմ գնալու, կարևորը գնալն էր, որ ինքզինքս չկորցնեմ։ Իսկ սա՝ հոբելյանի խորհրդանիշ-եկեղեցին, արդեն բազմել էր բլրի վրա՝ կինոթատրոնի դիմաց, անտուն ու անտեր թողնելով բազմաթիվ հուշեր, կոտրելով գունեղ, ճենապակու պես փխրուն միջավայրը. նախկինում այստեղ փոքրիկ հյուղակներ էին։ Մարդիկ մի տան նման՝ դուռ դռան վրա ապրում էին՝ կռվել-բարիշելով, միմյանց հետ ուրախանալ-տխրելով… Էդ փխրուն միջավայրի կոտորակված բեկորները բանտվեցին Նորքի, Ավանի, Էրեբունու, Դավթաշենի բետոնե ու քարե վանդակներում…

Վերջ, էլ փախչելու ուժ չկա։ Սուրճ եմ ուզում, բայց սրճարանը չի ձգում։ Գնում եմ բետոնե ծուղակում բանտարկված մերոնցից մեկնումեկին տեսնեմ, մեր մայլից էլ բարև կտանեմ…
«Կհիշե՞ս, տղերքով գնացինք ծիրանանոց՝ կռիվ-կռիվ խաղալու։ Ցոգոլի լավ վախտն էր, պահակը լարեց…»…
«Շենքի հայաթում կանաչ սետկով զաբոր կար, տեսա՞ր… Իմն ա, մեջը մի հատ գիլասի ծառ ունեմ, մի հատ էլ ծիրանի…»…
— Վրույրն ինստիտուտն ավարտեց, բայց գործ չճարեց։ Դրսում է, մեկ-մեկ փող է ուղարկում։ Լավ է, բայց որ լավ լինի՝ փող կուղարկի՝ մենք էլ գնանք, էստեղ բան չկա»։
— Բա չի կարոտո՞ւմ, չի ուզո՞ւմ գա։
— Շատ է ուզում, բայց գա՝ ի՞նչ անի։ Էնտեղ գործ ունի, մարդավարի աշխատում-ապրում է, էստե՞ղ ինչ անի… Ամեն ինչ հարամվել է… Վրույրի տղեն երազում է ավիակոնստրուկտոր դառնալ, իսկ իր «թայդաշ» հարևանիս տղեն երազում է «ջիփ» ունենալ։ Վրույրի տղեն ամբողջ օրը դաս է կարդում, խմբակների է գնում, կիրակնօրյա դպրոց է գնում, իսկ հարևանիս տղեն… Վայ թե տառերն էլ մինչև վերջ չգիտի…
— Բայց սենց գնալ-չգալով էլ չի լինի… Դե բեր բոլորս էլ գնանք ու չգանք, երկիրը թողնենք հարևանիդ տղայի նմաններին… Թամանյանը, Սարյանը, Իսահակյանը, հայտնի ու անհայտ շատ-շատերը որ ետ չգային՝ էս ամենը չէինք ունենա, երկիր չէինք լինի…
— Թամանյանը, Սարյանը… Թե դուզն ես ուզում իմանալ՝ լավ կլիներ՝ չգային, հարյուր տարի առաջ մեծոտ գեղ է եղել, գեղ էլ պիտի մնար։
— Դու էլ փոքր գեղից եկած կլինեիր մեծ գեղ։
— Ես որ գալիս էի՝ Սովետի ամենասիրուն քաղաքներից մեկն էր, նմանը չուներ։ Հիմի քաղաքում ասա մի բան, որ անկախությունից հետո է ստեղծվել ու իր նմանը չունի։ Հիմի ամեն բան հարամվում է։ Դրսից ընկերներդ որ գալիս են, ո՞ւր ես տանում… Սպասի, քո տեղը ես կասեմ. Մատենադարան — էդ հիմիկվա ստեղծած չի, Օպերա-պրոսպեկտ-Հրապարակ – էդ էլ հիմիկվա չի… Հետո տանում ես քաղաքից դուրս՝ Սևան, Գոշավանք, Հաղպատ, Խոր վիրապ… Իսկ առաջ էդպես չէր։ Առաջ Երևանը քաղաք էր, հիմա՝ բիզնես-միջավայր… Ծախելու բան չի մնացել, արդեն հրապարակի շենքերին են հասել… Գա՝ ի՞նչ անի… Թող մնա մինչև երկիրը դզվի, ինքն էլ ապահովված մարդ դառնա, նոր գալու մասին կմտածենք…
— Հիմի որ փող ուղարկի, հիմնական կգնա՞ս։
— Երևի… Երեխուն կարոտել եմ։ Գոնե էս պղտոր ժամանակները վերջանան։ Ծամոնի պես կպել-պոկ չեն գալիս։ Մենք էլ էդ ծամոնը ծամում, ռեխներիս փուչիկ ենք անում։ Պայթում է՝ էլի ենք փուչիկ անում։ Փուչիկասեր ազգ ենք…
— Փուչիկները պայթելու հատկություն էլ ունեն։ Էս պղտոր ժամանակները պայթող փուչիկ են, ուշ թե շուտ՝ պայթելու են։
— Հա, կպայթեն, ոնց որ իշխանության միտինգի ժամանակ հրապարակում պայթած փուչիկները, բայց վառվողը, տուժողն էլի անմեղ ժողովուրդը կլինի…

Իրիկնացավ։ Միացան հռուստացույցները։ Էկրաններից բետոնե վանդակներ հորդեցին նախագահի ելույթը, վարչապետի այցելության մասին տեսանյութը, հետո նոր աշխատատեղերի ստեղծման մասին ինչ-որ բան ասացին…
Պատշգամբ ելա՝ ծխելու։ Հետո մերոնց հրաժեշտ տվի ու իջա։
Մթնել էր։ Շենքերի անլույս լուսամուտներն ասես դատարկ ակնախոռոչներ լինեն։ Հիշեցի պատերազմի դաժան տարիները…
Պեպանն ու Արամն անհայտ կորան, Մանուկը զոհվեց, Գուրգենը հավաքեց իր երեք տղաներին, տունը ծախեց, փողը տվեց սահմանապահներին ու ընտանիքը փախցրեց Ռուսաստան…
Պատերազմը հեռվու էր թվում, բայց պատե-րազմի սիրտն այստեղ էլ էր բաբախում. սիրահարների փոխարեն փողոցներում գիշերային սերենադներ էին երգում հրազենները, հացը կտրոնով էր, ցեխագույն, հոսանքն օրվա մեջ երկու անգամ էր լինում, մի երկու ժամով։ Ջուրը նույնպես։ Սկսեցին մարդիկ անհայտանալ…
Տները տաքանում էին վառարաններով, որ ամենակուլ էին, վառում էին՝ ինչ ճարվում էր՝ փայտ, մազութ, կոշիկ, հին հագուստ, պլաստիկե շշեր, հին ու նոր կահույք, հատակի մանրատախտակը, Լենինի հատորները… Երկիրը լողում էր ծխի մեջ…

Լողում էր։
Շուրջը` գարշահոտություն, սևափաթիլ մուր,
Որ կոկորդդ խցվում, խեղդում էր։
Նավապետն ասում էր՝ դիմանալ է պետք.
Վթար է եղել այս կողմերում՝
Նավթամթերքի արտահոսք,
գարշահոտություն…
Գոյացել է մազութի հսկա մի շերտ
Ու հիմա այդ շերտն ենք անցնում…
Դիմանալ է պետք…

Իսկ մազութը կյանք էր։
Ու արժեցավ կյանքեր…
Ինչ-որ մեկը պարանը լավ չէր կապել…
Մի ծայրը կապում էր մեջքին,
Մյուսը՝ կաթսայատան
մազութահորի բազրիքին…
Իսկ մազութահորը վաղուց դատարկ էր,
Հարկավոր էր իջնել ու հատակին,
Գտնել փոքրիկ մազութալճակներ,
Կապրոնե մանկական խաղալիք-բահով
Գդալ-գդալ հավաքել դույլի մեջ,
Հետո՝ կապրոնե շշերի։
Շշերը մեջքին կապած բարձրանալ…

Ուր որ է կլուսանա,
Հարկավոր է լուսաբաց տեսնել՝
մաքուր երկինք…
Թե չէ ուր որ է` կարթնանան
Բոլոր փեչերը բարձրահարկի,
Հազալով ծուխ կկապեն…
Հետո ինքն էլի կգնա
Կուրծքը դեմ տալու թշնամու գնդակին,
Իսկ տանը…
Մորը ներսից լափում է սև,
Եղունգի կերպ առնող դևը,
Բջիջ առ բջիջ տարածվում մարմնի մեջ,
Մահվան սարդոստյան գործում անընդմեջ։
Շուտով ծննդատան մոտ կխմեն տղերքով,
Բայց մինչ այդ հարկավոր էր
Սառը փեչի մոտ չթողնել կնոջը։

Լուսանում է։
Երկինքն ու օդն անարատ են։
Դեռ չի արթնացել շենքն ու մոլի ծխողի պես
Չի՛ սկսել հազալով ծուխ արձակել` սևափաթիլ,
Որ խցվում կոկորդդ, խեղդում է։
Քանի դեռ չի միացել իր նման
Հազարավոր շենքերի,
Ու միասին չեն դարձել նավ՝
Ժանգոտ, փտած կողերով,
անշարժիչ ու անղեկ,
Որից, ինչպես դիակից,
Տարածվում է գարշահոտ,
Ու նեխաջրերը՝ որպես մազութաշերտ,
Որպես կոյահոսք,
Որպես թունաթթու և թունահիմք,
Հոսում են նավի ճաքած, ցանցկեն կողերից,
Թափվում են ծով,
Դառնում հսկա մի շերտ նավի շուրջ,
Որ լողում է անսահման կապույտ ջրերի վրա՝
Արձակելով գարշահոտ
ու իր ետևից թողնելով
Երկար, կեղտոտ մի հետք…

Տուն հասա գիշերով, բայց զարմիկս դեռ չէր քնել։
— Հոպար, երկրի մագնիսական դաշտի մասին էն տեսությունը որ մտածել էի՝ գրել եմ, կնայե՞ս։
— Հա,- ասացի,- հիմա։ Վրույր հոպարի Արմանը երազում է ավիակոնստրուկտոր դառնալ, իսկ դո՞ւ։
Աչքերի փայլն ասաց, որ հիմա այդ երազանքից քիչ կա։ Հարևանս չկար, որ ասեի՝ «Էդ ես ու դու պիտի էնքան մեծանանք, որ երազել սովորենք։ Աստված չանի՝ Մեծ երազողների պակասը երկար զգանք»։ Ասացի.
— Հաջորդ անգամ քեզ էլ կտանեմ։ Երազիր, քանի դեռ ջահել ես, երազանքներն ապրում են ջահել օրերի մեջ։

Ճերմակ

Թողնել մեկնաբանություն


* * *

Ճախրում եմ, ինչպես ճերմակ աղավնին՝
Ժամի խնկահոտ երկնքում.
Ամպի ծվեններ, տանիքներ դեղին,
Մանուկներ՝ մամռոտած բակում…

Ի՞նչ եմ որոնում լազուր երկնքում…
Լուսե ցնորքով զարդարված՝
Աղավնակերպ է իմ ճերմակ հոգին.
Ճախրում է երկինք, իջնում ցած…

Ճախրում է, ինչպես Նոյի աղավնին՝
Ձիթենու մի շյուղ կտուցին…
Իջնում, հանց կիջներ Հորդանանի մեջ
Մկրտված Հիսուսի ուսին…

ԵՎ Հիսուսոտված ճախրում է նորից
Ժամի խնկահոտ երկնքում,

Ու մատաղվում է ուխտավոր ծերի
Վերջալուսոտ հայացքում.
Մատների միջով կաթկթող արյուն՝
Մանկան ճակատին արնախաչ…

Աղավնակերպված մի ճերմակ հոգի
Ճախրում է երկինք, իջնում ցած…

Ամպի ծվեններ, տանիքներ դեղին,
Մանուկներ՝ մամռոտած բակում.
Ճախրում եմ, ինչպես ճերմակ աղավնին՝
Ժամի խնկահոտ երկնքում:

Հին, մոռացված գործեր

Թողնել մեկնաբանություն


# # #

Եթեր է դառնում մարմինս
Առավոտյան հինգին,
Նյութանում է հոգիս ու կպչում
Առաստաղից կախված մորմոքին,
Ծխախոտս ծխում է՝
Ինչպես նախամարդու վառած կրակ,
Գուցե ե՞ս էլ, պարոնայք, ձեզ թվում եմ
Քարանձավից ելած նախամարդ…
Քիչ հետո ես էլ կդառնամ
Պարկեշտ ու խոնարհ մորթապաշտ,
Ջրի փոխարեն կքայլեմ
Մայթերի վրա հոգսաշատ:
Կզզվեմ ինձանից, կթքեմ
Իմ պարկեշտ պատկերի ճակատին,
Եվ ի ցույց կդնեմ գորշությունս
Երկնաքեր շենքերի պատերին:
Սիրտս գրավ եմ դնելու,
Որ գնեմ ձեր հոգիները ծախու,
Որ տեսնեք լուսաբաց, նախամարդ…
Մորմոքվող քարանձավ-քաղաքում:

 

# # #

Երեկո:
Աբովյան, Բաղրամյան…
Փողոցներ՝ ծանոթ, հարազատ:
Երեկոն դառնում է խարան,
Օրը հերարձակ էր, անզարդ:
Չարչիներ, մայթեր, պաղպաղակ,
Քրտնահոտ ավտոբուս, մետրո,
Մեքենա, սրճարան, գինի,
Աղջիկներ՝ մոդեռն ու ռետրո…
Թափառող շներ, աղբակույտ,
Ցնդած ու հարբած պոետներ,
Որ դատում են ուղիղ, բայց, ավա՛ղ,
Անկարող են ուղիղ քայլել…
Մայթերին կոխկռտված, փոշեկոխ,
Մուրացկան շուրթերի աղերսանք,
Փութանցիկ ժպտացող մի հայացք.
Հոգեհաց՝ ժառանգ դարձնող…
Փողոցներ՝ ծանոթ, անծանոթ…
Լուսին՝ սառնասիրտ մի ափսե:
Թափառող պոետներ ու շներ,
Կրքածին մառախուղ,
Երեկո…

Մեգապոլիս-depress

Թողնել մեկնաբանություն


Լեզու դիր բերանս, Բարձրյալ,

Տեսածս վկայող լեզու…

Անապագա, անանցյալ

Քրմերն արյուն են ուզում։

 

Քրմերն արյուն են մզում

Մարմիններից լավ բտած,

Որ շնչում են, խոսում են, վազում,

Լիզում շրթունքները հոտած։

 

Անըմբոստ են, չե՛ն ընդվզում

Քորքոտած հոգիները նրանց,

Քրմաստեղծ ցանցերի մեջ կիզվում,

Անէանում են անդարձ։

 

Ապագա դարձող մի անցյալ

Ստրկության դրոշ է պարզում…

Դու այստեղ ավելորդ ես, Բարձրյալ,

Բաբելոնն այս չի փլուզվում…

«Ars-մետա» շարքից

Թողնել մեկնաբանություն


* * *

Ինքնաթիռում

խմում էին ծնողների, ընկերների, երեխաների,

մարտական ջոկատում անցկացրած փառապանծ ու դաժան օրերի,

ծանր մարտերով գրավված կանանց կենացը։

Հետո հիշեցին հայրենիքը,

հայրենիքի համար զոհվածների թողած

որբերին ու ծերերին…

 

Ում հայացքը ցածից խմում էր

ինքնաթիռի հետագիծը,

որն այս անգամ էլ հեռանում էր՝

տանելով իրենց բաժին փշրանքը

որպես «դյութի-ֆրիից էժանով առած» թանկ կոնյակ։

 

* * *

Չարքաշ կյանքի հսկայական մարմինը

Միայն վտիտ մարմնի մեջ է պարփակվում։

«Մանկություն» շարքից

Թողնել մեկնաբանություն


Ծառերը…

Հսկա, երկնաքեր…

Վերում երկինքն էր՝

Նոթերը կիտած-մռթնած…

Սոճիների ծայրերը

Խուտուտ էին տալիս խոժոռված

Երկնքի ոտնաթաթերը։

Գերանաշեն, անմեխ էին

Տայգայում ծվարած տները…

Հաստատ հիշում եմ՝ կին էի.

Սարաֆան էր հագինս՝

Ասեղնագործ ու ճերմակ։

Տղա և աղջիկ՝ թևանցուկ

Շրջում էինք փողոցում,

Երգում, իրար ձայնակցում,

Տնից տուն էինք անցնում…

Հետո բացվեց ինչ-որ դուռ…

Հետո մռայլ սենյակ էր,

Ուր մազախռիվ, արջակերպ

ինչ-որ դեմք էր գոռում…

Հետո շողշողաց կացնի շեղբն ու…

Տաքացավ ճակատս…

Անկամ թուլությանս միջով

Աշխարհը հալվեց, թուլացավ,

Ու իրար լուծվելով՝ հոսեցինք

Ես, կացինը, ծառերը, ձյունը, արևը…

Հետո արթնացա մեր տան մեջ.

Աշխարհը մասամբ պնդացել,

Մասամբ դեռ հոսում էր,

Կլանում էի

Մորս կաթի հետ…

Older Entries

%d bloggers like this: