Թագաժահրի հայելին․

Թողնել մեկնաբանություն


հանրային, բարոյական և վարքագծային մուտացիաներ

Ժանտախտի դեմ պայքարի միակ միջոցն ազնվությունն է։
Ալ. Կամյու

Ասելիքս դժվարությամբ էր միս ու արյուն առնում։ Ֆեյսբուքյան իմ պատին հայտնվող նյութերից դատելով կարելի է կարծել, որ ես մեկ մոլի դավադրապաշտ եմ, մեկ՝ դավադրամերժ, մեկ էլ մշտապես ամեն ինչը քննադատող բողոքավոր։ Բայց խնդիրն իմ մոտեցումը չէ, այլ այն, թե ինչ էկզիստենցիալ փոփոխություններ է արձանագրում թագավարակի յուրահատուկ հայելին մեր հոգեկերտվածքում։
Սա ես գրում եմ վերլուծելով այս օրերին իշխանական լծակներ ունեցող և չունեցող իմ վախվորած ընկերների (որոնց նախկինում երբեք վախկոտ չէի անվանի), ինչպես նաև իրենց գերզարգացած համարող (և կրթական ցենզն այստեղ բնավ կապ չունի) ռեալ և ֆեյսբուքյան ընկերների վարքագիծը։ Երկրի իշխանական բուրգի վերևում կանգնածների արդեն հիստերիկ դարձող արձագանքներում նորից սկսել է «պատերազմամերձ» տերմինաբանություն հայտնվել՝ փորձելով վախեցնել ժողովրդին (մոռացել են, որ իրենք էին կոչ անում խուճապի չտրվել)։ Այն ժամանակ «Կորոնաֆուտբոլի դաշտում» մի թեթև ձեռ առանք՝ համարելով դա առանձին վերցրած իմքայլականի խուճապ, բայց հիմա այլ բան է նշմարվում։ Ընդ որում, ես հակված եմ կարծել, որ մենք նորից ինչ-որ փորձարկման օբյեկտ ենք դարձել, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակներում, երբ սիրով լի թավշյա քրիստոնեությունը դառնում էր պետական գաղափարախոսութուն՝ հետագայում վերածվելով (մուտացվելով) միջնադարյան ամենադաժան ինկվիզիցիայի գաղափարախոսական հենքի և կռվանի։ Բայց որպեսզի պարզ լինի ասելիքս, ես ոչ թե ընդհանուրից կառանձնացնեմ միայն մեզ վերաբերվող մասնավորը, այլ կգնամ հակառակ ուղղությամբ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։
Թագաժահրը ոչ թե ինքն է անտեսանելի թշնամի, որի դեմ պատերազմ պիտի մղվի, այլ յուրատեսակ հայելի է, որը ստեղծելով սուր վտանգի արտառոց իրավիճակ՝ ի ցույց է դնում մեր հոգեկերտվածքի կայուն և արդեն փուլ եկած սյուները, փոփոխություններն ու աղճատվածությունները։
Առաջին հերթին թագաժահրային այդ հայելու մեջ դիտարկենք աղճատվածությունը, որը եթե հակիրճ ձևակերպենք, ապա կարելի է անվանել բարոյականության կորուստ, որը հանգեցնում է իրերի և երևույթների շուռ տված ընկալման։ Ընդհանրապես բարոյականությունը մարդ տեսակի ամենաէական բաղադրիչն է, հանեք այդ բաղադրիչը բժշկի միջից և նա մարդուն փրկողից կվերածվի մարդասպանի, հանեք այդ բաղադրիչը հայրենիքի պաշտպան զինվորականի միջից և նա կվերածվի պրոֆեսիոնալ մարդասպանի, հանեք այդ բաղադրիչը պետական պաշտոնյայի միջից և ձեր երկիրը կթալանվի, կվաճառվի և կվերանա՝ բազում մարդասպանությունների պատճառ հանդիսանալով… Ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Եվ իզուր չկարծենք, թե այս ամենը մեզ չի վերաբերվում, քանի որ հեղափոխությունից հետո ի հայտ եկած բազում փաստեր ու քրեական գործեր հենց այդ մասին են վկայում, մինչև չեկավ հեղափոխական թիմը, որի արածը ոչ այլ ինչ էր, քան բարոյականության վերականգնման ակտիշխանությա՛ն բարոյականության։
Բայց վախենալով հիմնահատակ քանդել կառավարման արդեն իսկ իրենց սպառած համակարգերը՝ հեղափոխական թիմը փորձեց ինքը հարմարվել եղածին՝ հույս ունենալով հետագայում ձևափոխել, իրենով բարոյականացնելով այն։ Եվ հենց այստեղ տեղի ունեցավ թիմի առաջին՝ գաղափարական աղճատումը, որը միգուցե հնարավոր լիներ ծածկել, թաքցնել, եթե չլիներ թագաժահրի յուրատեսակ հայելին, որը ցույց տվեց թիմի անհամասեռությունը, թիմը ձևավորած անհատների խորքային տարբեր բարոյական հենք ու տեսլական ունենալը, և դրա ապացույցները բազում են ու ցցուն։ Այսինքն, բուրգի ներքևում հավաստիացնելով, որ բուրգի վերևում կներմուծեն իշխանության բարոյականություն, թիմը վարանեց, կանգ առավ և հենց ինքը սկսեց աղճատվել՝ հարմարվելով եղած համակարգերին։ Այդ պահից սկած ընդունված որոշումների տրամաբանութունը դարձավ կիսատ-պռատ ու անհասկանալի ոչ միայն բուրգի ներքևի համար, այլև դեռևս անփոփոխ մնացած և փոփոխությունների սպասող հին համակարգերի համար, որոնք ուղղակի անորոշությունից դրդված սկսեցին դիմադրել թե՛ նորին, թե՛ հնին։ Այս «հրաշափառ մետամորֆոզը» միգուցե հնարավոր լինել ծածկել, փաթեթավորել սիրուն ճառերով ու արդարացումներով, եթե վրա չհասներ թագաժահրի հայելին ու ցույց տար իրավիճակի ողջ աբսուրդն իր ամբողջ խորությամբ։ Եթե հեղափոխական թիմը կանգ առած չլիներ և «մետամորֆոզի» ենթարկած չլիներ իր վարքագիծը, ապա կփորձեր լրիվ այլ հայեցակետից դիտարկել ստեղծված իրավիճակը՝ աչքի առաջ ունենալով և ճիշտ դասեր քաղելով նախորդ էքստրեմալ իրավիճակից՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից։ Իսկ միակ դասը, որ պետք է քաղեին, այն է, որ սուր արտահայտված վտանգի դեպքում ժողովրդի բնազդն անխափան է աշխատում, իսկ նյարդերը գերլարված են լինում, և չտրամաբանված, կամայական, անազնիվ ու բարոյազուրկ ցանկացած որոշում կարող է պայթյունավտանգ լինել, և կարող է կուլ տալ երբեմնի հսկայական վստահության ամբողջ պաշարը, մինչև վերջին փշրանքը… Հիմա, դասեր չքաղելով նախկինների սխալներից, դարձյալ փորձում են վախով ու թավշյա խուճապ տարածելով կառավարել։ Նախկիններն էլ էին 2016 թվականի ապրիլին հույս դրել խուճապի վրա…
Բանն այն է, որ այն ժամանակ, ի զարմանս մեր բոլոր հակառակորդների և ոխերիմ բարեկամների, ժողովուրդը չվախեցավ պատերազմից և ըմբոստացավ այնպիսի թափով, որ ավելի ծանր կորուստներից խուսափեցինք։ Ավելին, դա 2018-ի հեղափոխության համար պարարտ հող հանդիսացավ։ Հիշում եք չէ՞, որ ապրիլյան պատերազմի երրորդ օրն արդեն զինկոմիսարիատները մարդկանց ետ էին ուղարկում, ասելով, որ առայժմ ձեր կարիքը չկա, իսկ հետո տակից ինչե՜ր բուսնեցին… Չար լեզուներն ասում են, որ ապրիլյանի ժամանակ հաշվարկն այնպիսին է եղել, որ թիկունքում խուճապ կլինի և դա կօգնի անարգել իրենց սև գործն ավարտին հասցնել։
Ժողովուրդն իր հավաքական բնազդով գիտի, որ ցանկացած պատերազմ ոչ միայն ֆիզիկական վերացման վտանգ է, այլ նախ և առաջ նպատակ ունի ձեզ ու ձեր տեսակը ստրկացնելու, ձեզ վախեցնելու, վախի միջոցով կառավարելու, կոշիկ լիզել տալու (պատմական էքսկուրսները սկսվում են մանկապարտեզից, սկսած մեր անվանադիր նախնու պատերազմից, և շարունակվում ակադեմիական հիմնարկներում, բոլորդ էլ դրանք անգիր գիտեք)։ Եվ եթե երկիրը պատերազմում է, ապա մեզնից պահանջվում է կռիվ տալ, իսկ որ պատերազմն առանց զոհերի չի լինում և «գյուլլեն էլ քոռ է», գիտեն բոլորը։ Եթե պատերազմող երկիր ենք, ինչպես իշխանությունն է պնդում, ապա իրավունք չունենք դասալիքի վախվորած վարքը խրախուսելով՝ դիրք առ դիրք զիջել։ Իսկ նկատե՞լ եք, թե ինչեր ենք արդեն զիջել… Եթե չեք նկատել, ապա ասեմ՝ ցանկացածին տեղորոշելու, գաղտնալսելու և վերահսկելու հնարավորություն, հանրային միջոցառումների գրեթե իսպառ բացակայություն, ցենզուրա, ռեպրեսիվ լծակների գործադրման սպառնալիք և գործադրում (առայժմ տուգանքների ձևով), հանրային կյանքի բարենորոգման հեղափոխական օրակարգերի թավշյա չեղարկում, ազատ խոսքի և կարծիքների արտահայտման սահմանափակման փորձեր (տեսնում եք չէ՞, որ իրենց ականջին անհաճո կարծիք հայտնելը քրեականցնելու հաթաթա է հնչեցվում)… Չշարունակեմ։ Սա արվում է՝ կապկելով աշխարհի այս ու այն երկրին, մոռանալով որ երկրներ կան, որոնք այդ ճանապարհով չեն գնացել, նաև չեն ուզում հասկանալ, որ շատ մեծ սխալ են գործում՝ որդեգրելով նախորդ իշխանության կացնային տրամաբանությունը՝ «Я начальник, ты дурак»։ Օրինակ, ոչնչից չպաշտպանող դիմակների անտրամաբանական պահանջը (բերված իբր փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում, իսկ շոգին դրանց տված վնասների մասին դեռ նոր ենք լսելու), մինչդեռ կարելի էր դա թողնել մարդկանց հայեցողությանը և արդյունքը շատ ավելի լավը կլիներ։
Պարզից էլ պարզ է, որ պիտի աշխատես հաղթել նվազագույն կորուստներով, բայց մեծագույն ողբերգություն է, երբ «զորքիդ հրամկազմը» չի հիշում Չերչիլի հայտնի խոսքը, թե՝ «Պատերազմի կամ խայտառակության միջև խայտառակությունն ընտրողը ստանում է և՛ խայտառակություն, և՛ պատերազմ»։ Այս նոր թշնամու նենգ ու չերևացող լինելը ժամանակավոր շփոթության է մատնել ժողովրդին, բայց երևակումը սարերի ետևում չէ, աշխարհում միայն մենք չենք որոնողները, բայց թշնամու շոշափելի կամ անշոշափ լինելն էական չէ, մեր նոր և նախկին իշխանության վարքի նմանությունն է էական… Իսկ նմանությունը/տարբերությունը ոչ թե լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելն է, այլ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ, իսկ որոշ դեպքերում նաև ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ բացակայությունն է։ Անձամբ ինձ համար անազնվության ցայտուն դրսևորումներից մեկն այն է, որ սկզբնական շրջանում վախեցնելուց հետո վերացվեցին տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները (պարետ-մահակը ձեռքներից չգցելով), սակայն ազատությունների մասին մոռացան։
Հետաձգված հանրաքվեի վերաբերյալ առցանց մի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավորը մի տեսակ շատ մեծ բավականությամբ հայտարարում էր, որ վարակն ու կյանքի այս ռիթմը առնվազն դեռ մի տարի շարունակվելու է։ Ու նման սուբյեկտին շատ դժվար է լինելու բացատրել (եթե ընդհանրապես հնարավոր է բացատրել), որ հեղափոխությունը, որն իրենք առաջնորդեցին, ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱԿՏ ԷՐ։

Մտմտուք

Թողնել մեկնաբանություն


Երբ տարիները մարդու աչքերում ջնջում են վեհ երազանքները, նա վերածվում է կենսաբանական թափոնի։ Չքարկոծեք, ուղղակի գիտակցեք, որ բարի հուշերի ընդերքում ապրում է խոր թաքնված երազանքը։

Մաթևոսյան ընթերցելիս

Թողնել մեկնաբանություն


Հրանտ_Դավիթ

Մաթևոսյան ընթերցած մարդու համար, երբ խոսվում է գրականության, արվեստի, հանրային կամ անձնական կյանքի մասին, գրեթե անհնար է զրույցի մեջ Մաթևոսյանից մեջբերում չանելը։ Երբեմն ինձ «թափանցիկ» ակնարկում են, թե չափից շատ եմ մեջբերում Մաթևոսյանից, որ շատ եմ ազդված։ Դրանից ես ուրախանում եմ, քանզի գիտեմ, թե ումից արժեր ազդվածություն ունենալ, ուրեմն հոգիս ներծծել է Մաթևոսյանի գիրը, բայց նաև անկեղծորեն տխրում եմ։ Ո՛չ այն պատճառով, որ իմ սեփական «ես-ը», ըստ ակնարկողների՝ չափից շատ է ազդված, այլ՝ որ նրանք գիտեն, որ Մաթևոսյան ունեն, ու գիտակցաբար խուսափում են գիտենալուց, նրա խոսքն աներկբա ընդունելուց։ Երևի իրենք էլ են ուզում «Մաթևոսյան» լինել ու նաև գիտեն, որ մեղք են գործում իրենց հոգու առաջ, և իրենց արդարացնելու համար է, որ ուզում են քո մեջ էլ իրենց նմանին տեսնել…

Եթե սա հավակնոտություն է, ապա ավելի լավ է հավակնել ոչ թե «Մաթևոսյանի», այլ սեփական տեղին, քանզի գրականությունը եթե արտաքուստ նման էլ է ավտոբուսի, որի մեջ նստատեղերը սահմանափակ են, ապա չպետք է մոռանալ, որ հսկիչն անաչառ ու ամենազոր Ժամանակն է, ու լավ գիտի բոլորիս տեղը…

Այս բարդույթի մի այլ տեսակին ես հանդիպեցի Մոսկվայում՝ Գորկու անվան գրական ինստիտուտի պատերից ներս, ուր, օրինակ, Բրոդսկուց խոսելը անճաշակ ու տգետ լինելու նման մի բան էր նշանակում։ Ընդհանրապես Մոսկվայի զուտ գրական շրջանակներում մինչ օրս էլ Իոսիֆ Բրոդսկու մասին աշխատում են չխոսել, քանի որ ռուսական պոեզիան երկար ժամանակ ճզմված էր նրա տակ, ու տակից գրեթե այլ ձայն չէր լսվում։ Անձամբ ես դրան հանդիպեցի այն ժամանակ, երբ վազվզում էի Գրական ինստիտուտի հանրակացարանի յոթերորդ հարկում, ուր ժամանակին ապրել է նաև Մաթևոսյանը, ու «Դրուժբա նարոդով» ամսագրի հայկական համարը ձեռքիս համակուրսեցիներիս հետ խոսում էի իրենց համար անհայտ հայ գրականությունից։ Այդ օրերին էր, որ համակուրսեցիս դիտողություն էր ստցել իր վարպետի կողմից, թե մեր հանրակացարանի մասին ինչ-որ բան գրելուց առաջ հարկավոր էր Մաթևոսյանի «Խումհարը» կարդալ, և որտեղից-որտեղ՝ ես՝ ամսագրի հայկական համարը ձեռքիս, իսկ համարի մեջ՝ Մաթևոսյանի «Սպիտակ թղթի առջև» խոհագրությունը (էսսեն)։ Նրանցից մեկն ինձ մեկուսի ասաց.

— Գիլանց, ոնց որ թե հայ արձակն էլ Մաթևոսյանի տակ է ճապաղված, այնպես, ինչպես Բրոդսկին է ճզմել ռուսական պոեզիան, ուղղակի ինքդ էլ հասկանում ես, որ ինստիտուտում այս մասին խոսենք՝ սպիտակ ագռավ կդառնանք, թե չէ անձամբ ես հատկապես վաղ Բրոդսկի շատ եմ սիրում…

Այդ օրվանից սկսած՝ մենք մտերիմ ընկերներ դարձանք ու բանավեճում խոստովանեցինք, որ նրանք՝ Մաթևոսյանը, Բրոդսկին, Բիտովը… ոչ թե մեր գրականությունների գլխին գցված քար են, որոնց տակ ճապաղվում են մնացյալները, այլ գրական նոր չափանիշ, որակի սանդղակ։ Ու եթե, Աստծո տված տաղանդից բացի, կամք ու եռանդ կա, եթե Մաթևոսյանի ասած նստուկն ունես, ուրեմն չես ճապաղվի, այլ անկեղծորեն կուրախանաս, կհպարտանաս, քեզ հարուստ կզգաս ու փառք կտաս Աստծուն, որ սրանից ութսուն տարի առաջ հեռավոր գյուղում ծնվել է Հրանտ Մաթևոսյան Վարպետը…

Այս մտորումների մեջ էի, երբ կինս, ասես մտքերս կարդալով, հանկարծ հարցրեց.

— Չե՞ս փոշմանել, որ չես գնացել Մաթևոսյանին հանդիպելու։

— Չէ՛,- ասացի,- չե՛մ փոշմանել։

Իննսունականներին «Հայաստանի հանրապետություն» թերթին տված նրա մի հարցազրույցում հանդիպած միտքն այն ժամանակ ինձ կատաղեցրեց, ու հարցազրույցը վարած Անահիտ Ադամյանին ասացի.

— Ո՜նց կարող է Հրանտ Մաթևոսյանն էդպիսի բան ասել, ի՞նչ է նշանակում՝ «մեզ լավ արձակ է պետք, ոչ թե պոեզիա…»։

Մի քանի օր անց Անահիտ Ադամյանն ինձ մեկնեց Մաթևոսյանի հեռախոսահամարն ու ասաց. «Գնա իրեն հարցրու, թե ինչու է էդպիսի բան ասել, գիտի, սպասում է, պատմել եմ…»։ Բայց մեծ գրողի հանդեպ ունեցածս ակնածանքը խանգարեց, չգնացի։ Ու միայն այսօր հասկացա, որ այո՛, չե՛մ փոշմանել, քանզի Լևոն Խեչոյանի ու Սամվել Մկրտչյանի կորստի կսկիծն անվերջ է թվում…

Իսկ Մաթևոսյանի մասին պարապ խելախոսելն անհնար է ո՛չ միայն այն պատճառով, որ նրա մասին գրել ու գրում են ավելի անվանիներն ու մտերիմ ընկերները։ Որպես կանոն, իր տրամաչափի մարդկանց մասին մեծավ մասամբ և միայն նրանց հեռանալուց հետո շատ են գրում այն անվանիները, ովքեր գրողի կենդանության ժամանակ վախեցել են սեփական կարծիքն արտահայտելուց, վախեցել մասնագիտական սխալից, իսկ մտերիմ ընկերների քանակն էլ աճում է երկրաչափական պրոգրեսիայով…  Անհնար է պարապ խելախոսել, քանզի նրա լեզվի օվկիանոսը դուրս կթքի բառափրփուրդ, ու ակամա կհիշես. «Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով, և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՜սխդ…»։

Այո՛, Հրանտ Մաթևոսյան ոչ թե պիտի կարդա՛լ, այլ պիտի ընթերցե՛լ, քանզի

Մաթևոսյան ընթերցելիս թվում է՝

  • թե ինքն արդեն ընթերցել է քեզ և նույնքան խորն է թափանցում քո մեջ, որքան արյանդ հիշողությունը,
  • որ քեզ հետ ու քեզնից առաջ ինքն ապրել է քո կյանքը, գիտի՝ որտեղ ես ճախրելու, որտեղ ես գայթելու, ու քեզ պատմում է քո ապրելիք կյանքի մասին,
  • որ դու սխալ հավաքած «փազըլ» ես. ինքը քանդում է քեզ ու նորից հավաքում, ու դու հանկարծ ինքնաճանաչ ես դառնում, և այդուհետ անկարող ես մարդ չլինել, հայ չլինել,
  • դառնում ես այն, ինչ երբեք չես եղել՝ ծառ, ձի, սյուն, գայլ… Ու զարմանքով հայտնաբերում, որ դու՝ դու ես, ինքն ուղակի ցույց է տվել քո մեջ ապրող ծառին, ձիուն, գայլին…
  • որ նրա խոսքը մերթ նյարդավիրաբույժի լազերային նշտար է, մերթ էլ սայլի ճաղ տաշող տապար… Ու ապշում ես, որ նա միևնույն վարպետությամբ գործածում է թե՛ նշտարը, թե՛ տապարը… Ու հղկում, ողորկում է տեսակդ՝ հասցնելով միկրոճշգրտության…

 

%d bloggers like this: