Լեո Բուտնարու

Թողնել մեկնաբանություն


Ո՛չ արմունկներով

Հրեշտակիկ, դեռ ջահել ես,

մի՛ աշխատիր արմունկներով,

այլ թևերով, թևերով…

O TEMPORA!

Օ՜, բարքեր, օ՜, ժամանակներ։

Նույնիսկ անձեռ մարդիկ

արդեն չունեն

մաքուր ձեռքեր…

Advertisements

Թողնել մեկնաբանություն


Էկրանին երեկ

Հայտնվեց ծանոթ մի դեմք

Ու խռոված հայտնեց, որ ինքը՝

Որպես նորօրյա Մհեր, մտնում է քարանձավ։

Չդիմացա. թքեցի էկրանին…

Հորս զայրույթը կախվեց աչքերից,

Բայց այդպես էլ բառ չդարձավ։

Զարմիկս, որ «նորօրյա» բառը բաց էր թողել,

Զարմացավ. «Հոպար, ինչի՞ Փոքր Մհերը

Քարանձավից դուրս էր եկե՞լ»։

— Չէ,- ասացի,- բայց նորից է ուզում մտնել…

Հականո՞ւմ ես, ջա՛նս, մերոնցից շատերն

Իրենք իրենց կարգում են Տիգրան Մեծ, Սասնա Դավիթ,

Քարը ճաքի՝ Նժդեհ կամ Անդրանիկ…

Երբ տեսնում են ճար չկա՝ Փոքր Մհեր

(թեև Քաջ Նազարն ավելի կսազեր)…

Ու մեր քաջնազար-մհերները,

Չնայած էպոսի բազմախորհուրդ լինելուն,

Հասկանում են այն միակերպ.

Դուրները գալիս է, որ կարող են

Խռոված հանճար կամ պետական գործիչ խաղալ,

Ու բոլորը, բոլորը շտապում են Ագռավաքար։

Աում են՝ այնտեղ հերթեր են գոյացել,

Քարանձավի պատերին էլ գովազդներ կան.

«Մերն քարանձավն էլ ուրիշ է», և այլն…

Ապագա քարանձավականներն ունեն կուսակցություններ,

Եվ գործում է Քարանձավական Ազգային Ժողով,

Ուր աչալուրջ հետևում են, որ նիստերի ընթացքին

Չմիջամտեն հանապազօրյա սնունդ հայթայթող

Տարբեր բույսեր, կենդանիներ ու կրծողներ։

Նրանց պլանների մեջ մտնում է նաև

Քարանձավից Մհերին վտարելը.

Համ տեղ կազատվի (շատ հսկա է Մհերը),

Համ էլ ազգօգուտ, ռազմԱՎԱՐական ծրագիր է…

Այստեղ միակարծիք են Մհերին վռնդելու հարցում,

Եվ տարակարծիք՝ վտարման միջոցների,

Ու վտարելուց հետո՝ քարանձավի

Տարածքները բաժանելու հարցում…

Քաղաքական պաստառներ էլ կան՝ «Առա՛ջ քարանձավ»,

«Բարեկեցիկ քարանձավականներ՝ բարգավաճ քարանձավ»…

Զարմիկս սկսեց քրքջալ,

Իսկ հորս զայրույթը վերջապես ձայնի կերպ առավ.

— Հերիք է ախմախ բաներ դուրս տաս,

Փոխանակ «Սասնա Ծռերը» կարդաս…

— Պապի,- մեջ ընկավ զարմիկս,- արդեն կարդացել ենք-…

Ապա դարձավ ինձ. «Մհերի հետ

Քուռկիկ Ջալալին էլ է մտել քարանձավ, չէ՞»։

-Հա,- ասացի,- լավ է Պեգասին էլ չեն համոզել,

Թե չէ մերի պես աշխարհի բանն էլ բուրդ կլիներ…

Ախր Քուռկիկը մեր Պեգասն է, որ մեր ոգին,

Մեր ստեղծագործ ուժը պիտի աստղերին հասցներ…

Էստեղ էլի էկրանը միջամտեց.

«…. գրականագետի կարծիքով արդի գրականությունը

Չափից ավելի է միտված սեփական «ես»-ին,

Սեփական պորտն ամեն ինչից վեր դասելուն,

Մանր-մունր կրքերին հագուրդ տալուն,

Սուբլիմատիվ է, գարշահոտ ու գռեհիկ։

Սա արդեն տաբու ջարդելու խնդիր չէ,

Այլ գրական-մշակութային ամենաթողության արդյունք։

Ըստ գրականագետի՝ այս երևույթը պայմանավորված է

Ոչ միայն խորհրդային տարիների

գաղափարագրականության իներցիոն դրսևորումներով,

Այլ գրոտեսկի ու սկանդալի հաշվին՝ էժան համբավ

Ու հեղինակություն ձեռք բերելու ցանկությամբ…»…

— Ըհը՛,- քմծիծաղեցի,- իսկ մեր Քուռկիկը

Փակվել է Ագռավաքարում ու դուրս գալու միտք չունի,

Տնաշենը մենակ խրխնջում ու բնական կարիք է հոգում,

Հետն էլ շաբաթը մի անգամ` ուրբաթ օրերին է ջուրը քաշում…

— Հերիք է ապուշ բաներ դուրս տաս,

Երեխուն էպոսից կվանես, ինչե՞ր ես խոսում։

— Է՛ն, ինչ ունե՛նք, պա՛պ, ճշմարտությունը,

Ու էստեղ երեխան ոչ թե էպոսից է հիասթափվում,

Այլ մեր այսօրվա «Տիգրան-Դավիթ»-քաջնազարներից,

Ու դրանով էպոսը գարշահոտությունից մաքրվում է։

 

Հորս կատաղած հայացքը հուշեց,

Որ անմիջապես չքվել է պետք…

— Ռադըդ քաշի մայլա, հավեսդ չկա՛,

Փի՛-լի՛-սո՛-փա՜…

Գնացի։

Երևան, փետրվար…

Թողնել մեկնաբանություն


Փետրվար։
Երևան։
Ձյունացեխ։
Ծաղիկներ։
Ճառեր։
Բազմություն…

ՆԱԽրարարներ, ՓՈՂնախարարներ…
Ու ճառեր, ծաղիկներ, բազմություն,
Ում համար քարերին գրված անունները
փողոց են, այգի, գրադարան,
ճառ ասելու առիթ են,
որ էկրաններին երևան…

Փետրվար։
Երևան։
Ձյունացեխ։

Էս ցեխն ինձնից ի՞նչ է ուզում…-
Գոնե կպչեր շորերիս,
միայն շորերիս…

Չէ՛, այսպես չի լինի, հարկավոր է ցրել…
Տանելու եմ։
Կգամ գիշերով ու թաքուն…
Չե՛ն դատի….
Ուրախ կլինեն,
որ ազատվել են.
հիմա ազատ տարածքներն են «հարգի»,
որ ցանեն բետոն, աճեցնեն եվրադուռ, ապակի…
Կասեն՝ «քեզ լինի, ախպեր, տա՛ր։
Ի՜նչ դատարան, ի՜նչ դատ,
էլ ինչի՞ գաղտագողի՜…»…

Ցեխ թռավ անվադողից…
Գոնե կպչեր շորերիս,
միայն շորերիս…

Չէ՛, հարկավոր է դառնալ,
ետ գնալ սրտապատառ,
ծնկել ու ոռնալ. «Վարդապե՛տ,
երգ ու տաղերդ ա՛ռ, ու գնանք,
ցրում եմ Պանթեոնն էստեղից…
Արամ Իլյիչին կուղարկեմ Մոսկվա,
Հրանտին՝ Ահնիձոր…»…
Տխուր կժպտա, կասի՝
«Լավ, բա հետո՛, հետո՜…»…
«Ձեր տեղն այստեղ չէ,- կասեմ,-
ձեզ փակել են քարերի սրտում,
մեր սրտերում ապրելու տեղ՝
դարձել եք փողոց, արձան, ԿՈ՛ւՌՔ…
Հրեն, տղերքի շարքերը կուռ
տարածք են փնտրում,
ուր կարող են ցանել բետոն,
աճեցնել եվրադուռ…
որ «մուղամով»՝ կամաց-կամաց,
հարակից տարածքներն իրենցով արած՝
ասֆալտեն, ինչպես
մեր հոգին են ասֆալտում մուղամով…
Հերի՛ք է տափեք քարերի մեջ,
դուք ուրիշ չափման մեջ եք,
այստեղ ձեզ տարածք պետք չէ՛…»…

Ցեխ թռավ ռեստորանից… — պոռնկաքրքիջ էր։
Գոնե կպչեր շորերիս, միայն շորերիս…
Փետրվար։
Ձյունացեխ։
Երեկո։
Հյուրանոց, խաղատուն, ռեստորան,
«Էլիտար» շենքեր, «ավտոներ»,
Լուսախաղ,
Որ մեկ պատառ է, մեկ՝ էկրան…
Ցնցոտի հագած մի ծերուկ
Ռեստորանի մոտ, մենակ…
«Սնունդ է մուրում»… — անցավ մտքովս։
«Սխալվում ես,- ծերուկն ինձ դարձավ,-
Մոտ արի ցույց տամ»…
Ռեստորանի լույսերը մեկեն շողացին պայծառ…

… Ցուրտ է ու քամի։ Գետի խշշոց է։
Խոնավ գիշեր է, աստղեր դեռ չկան։
Երևանը չէ՛, սակայն ամեն բան
Ծանոթ է այնքան…
Պանդոկ է շքեղ.
Սրահի վերին՝ պատվավոր տեղում
Ոսկեզոծ գահ է։
Գահի վերևում թագ է կախ տված։
Ծիրանին էլ կա. միջանցիկ քամին
Տարուբերում է փեշերը դրա։
Սիրտս դող ընկավ…
Սրահը մեկեն լցվեց մարդկանցով.
«Հրե՛ն, բերո՛ւմ են, բերո՛ւմ են դրան…»։
Միջանցիկ քամին
Ծիրանու փեշը մեղմիկ տատանեց,
Թագը ծլնգաց։
Մեկը դարձավ դեպի դահլիճը.
— Դատավոր, ա՞ստ ես։
— Դատավճիռը արդեն պատրաստ է։
— Ներս բերեք դրան։
Սև ակնոցներով երկու հաստավիզ
Ներս բերին վտիտ, ցնցոտիավոր
Ինչ-որ ծերուկի՝ ձեռնակապերով։
Դատավորը թե՝ «Դպի՛ր, հապա մի
Կարդա ելույթդ մեղադրական»։
Դպիրը ձգվեց.
«Մեր արև-Արքա,
Աստծո կամոք, նրա օրհնությամբ,
Մեր տեր Հիուսի ծննդյան օրից
Երբ որ անցել էր
Ինը հարյուր և ութսունութ տարի,
Երբ աշխարհակալ տերություններից
Փչող քամիներն արդեն դարձել էին
Բարենպաստող, տևական ու զով,
Մեր մայր քաղաքը՝ մեր շենշող Անին
Ամրացավ, սկսեց ժամ առ ժամ ծաղկել։
Մեր քաջակորով զորականները
Հաղթեցին բոլոր ոսոխներին նենգ,
Շինարարները Երասխի վրա կամուրջ կապեցին,
Կառուցեցին հզոր պարիսպներ,
Սարքեցին շքեղ պանդոկ, բաղնիքներ,
Սալարակեցին փողոց ու բակեր…
Եվ այս ամենը, մեր արև-Արքա,
Քո անմիջական ղեկավարությամբ…»…
Քամին մեղմորեն թագը ծնգացրեց։
Հուզված դպիրը թուքը կուլ տվեց.
«Իսկ երբ մեր տիրոջ հոբելյանական
Հազար տարին էր աշխարհը տոնում,
Մեր շենշող Անի մայրաքաղաքում
Կանգնեց հոյակերտ Մայր Տաճարը մեր.
Այդպիսիները վեր են խոյանում
Հազար տարին մեկ…»…
— Մի քիչ կարճ կապի, խաշլամեն սառավ,-
Դահլիճը գոռաց։
Դատավորը՝ թե.
— Դպիրն ասում է, որ սույն ծերուկը
Հուզում է մարդկանց, հանում է ոտքի,
Ասում է՝ պիղծ են դպիրի թված մեծ-մեծ գործերը…
Ինքը թող ասի… Ասա՛ մեզ, ծերո՛ւկ,
Ժողովրդի մեջ ինչե՞ր ես խոսում։
— Միայն այն մասին,
Որ երկու կույրեր, մեկը մյուսին
Առաջնորդելով ճամփա են ելել,
Ճամփան էլ, ավա՜ղ, խորունկ մի փոսի՝
Անդունդի եզրին…
— Ո՞վ են կույրերը, ասա՛ մեզ, ծերո՛ւկ։
— Մեկը՝ փառք ու գանձամոլուցքից
Իրենց կորցրած իշխան-աղաներ առնետախումբը,
Էն մեկը՝ ռամիկ քո ժողովուրդը,
Որ աչք է փակում այս ամենի դեմ։
— Ձա՛յնդ, ապերա՛խտ,- դահլիճը ոռնաց…
— Շարունակելու կարիք էլ չկա,
Մեղքն արդեն իսկ առկա է, արքա՛։
Ծիրանու փեշը ուժգին փողփողաց,
Չվանից կախված թագը զիլ զնգաց…
— Իսկ ո՞ւր է արքան,- ծերունին ժպտաց,-
էնտեղ մարդ չկա…
— Ձա՛յնդ, ապերա՛խտ,- դահլիճը ոռնաց…
— Դատավճիռը հրապարակում եմ.
«Աստծո կամոք, նրա օրհնությամբ,
Մեր տեր Հիուսի ծննդյան օրից
Երբ որ անցել էր իննը հարյուր և ութսունութ տարի»…
— Մի քիչ կարճ կապի, խաշլամեն սառավ…
— Ամեն ինչ պարզ է,- դատավորն ասաց,
Ու դարձավ ծերին, — մեռնելուց առաջ ի՞նչ կուզես։
— Խմել, մի կումով խմել ողջ մեղսագինին,
Լափել ձեր աչաց ոսկե մոլուցքը,
Որ կարողանաք փոքր ինչ տեսնել…
— Ձա՛յնդ, ապերա՛խտ,- դահլիճը ոռնաց…
— Դո՛ւրս տարեք, կապե՛ք նժույգի պոչից…

Սմբակի տակից ցեխ թռավ,
Կպավ դեմքիս, շորերիս…
— Բան չկա, բալե՛ս, հոգուտ չկպչի… —
Ծերուկն էր, ասաց ու ու դանդաղ հոսեց,
Մթան մեջ լուծվեց լույսերին, դարձավ

Ռեստորան,
Գիշեր,
Քաղաք,
Որ մեկ Անի էր, մեկ՝ Երևան,
Մեկ՝ արձագանք անրջական.
«Բան չկա, բալե՛ս, շորերը կարելի է լվանալ»…-
Ու անցնում էր ապակուց ապակի,
Էկրանից էկրան…

Անդրեյ Կորովին

Թողնել մեկնաբանություն


Ղրիմյան տափաստանը

ոչնչի հետ չես շփոթի
ղրիմյան տափաստանի հոտն այդ
շիկացած հողի շունչը տտիպ
բերնիդ մեջ է
նստում է թոքերիդ
ճամփեզրի ծիրաններին վայրի
որ աճում են եզրաշերտին
ղրիմյան երկաթգծի
այդ բույրի պատճառով
ամեն տարի
ես նստում եմ հարավային ուղղության
շոգախեղդ անող գնացքը
լողանում եմ քրտինքով
խմում հարևանների հետ ուղեխցիս

իսկ հետո տափաստանը շուռ է գալիս
աղուտների մեջ Սիվաշի
արևի ու մարդկանց չորացրած ծովը
բաժանված է քառակուսիների
հողի մեջ խփված սեպերով
ջուրը գոլորշանում
մնում է աղե կեղևը
տափաստանը հեռանում է դեպի ծով
զրնգում է օշինդրե զուռնայով
կոչնակում սկյության հեծելակի ուլուլյույով
լալիս է ռուս հարճերի ձայներով

այնքան ձայներ է ներծծել
այսօրվա լռությունը
որ նրա չխոսելն
ավելի ահավոր է քան մահվան ճիչերը
հազարավոր մարդկանց
տարբեր ազգության հավատի
ներաճած այս տափաստանին
իրենց մարմին ու արյամբ

հետո տափաստանի փետրախոտե ընթացքը
դեմ է առնում սարերին
ու թավագլոր իջնում ցած
դեպի ծովը կանաչ
դեպի նավերը խորտակված
դեպի նրանք
ովքեր մի անգամ
ուզում էին այստեղ ծարավ հագեցնել
նավամբարների ջուրը թարմացնել
իրենց հետ վայրի գեղուհի վերցնել

բայց ընդմիշտ մնացին այստեղ

ՃԱԽՐԻ՛Ր, ԻՄ ԳԱԶԱՆ…

1 մեկնաբանություն


Ճախրի՛ր, իմ գազա՛ն,
Մորթով այլազան,
Ճամարտակելով պերճախոսությամբ նախապապերիդ:
Դու չունես թևեր պապերիդ նման,
Ուրեմն սողա՝ անդունդի եզրից նետվելո՛ւ համար:
Անդունդից թռչող մի քարի նման
Ճախրի՛ր, իմ գազա՛ն,
Որ գեթ ոսոխիդ գլխին ընկնելու պատիվն ունենաս…
Եվ հուրդ անգամ գիսաստղի նման
Բոցավառվում է, որ ուրիշները
Երազանքների իրականացո՛ւմն իրենց գուշակեն…
Բազեի նման ճախրի՜ր, իմ գազա՛ն,
Ճնճղուկ որսացող ուրուի՛ նման,
Որին խաբել են մի ճնճղուկ-խայծով՝
Կապարը կողդ մեխելու համար:
Ճախրի՛ր, իմ գազա՛ն,
Ճնճղուկդ չանթա՛ծ,
Կողերդ ծանր կապարից ջարդվա՛ծ,
Սիրով ու մահով հավետ կախարդվա՛ծ,
Անդունդ գլորվող մի քարի նման
Անդունդներն ի վեր
Ճախրի՜ր, իմ գազա՛ն…

«Մանկություն» պայմանական շարքից

Թողնել մեկնաբանություն


88-ի ամռանն էր:
Մեր «մոծոն»` Արամը, որ ֆուտբոլիստ էր կարգին,
ինձ տեսավ մայլի գլխին.
«Հլա կանգնի, ուսանող-ախպեր, նստացույցի՞ց»։
«Հա»,- ասացի։
Ասաց. «Ակտիվիստ-ախպեր, ասում եմ՝
մայլի ջահելներով հավաքվենք, գնանք Մեղրի.
դատարկ գյուղեր կան սահմաններին…
Համ նոր գյուղ կունենանք, համ էլ…
Դե մեր մայլեն՝ մերն է՝ ինչ էլ լինի»…
Մտովի մեր հարթ, ուղիղ մայլեն պոկեցի,
տարա դրեցի Մեղրու սարերին…
Ծռմռվեց, տեղ-տեղ պատռտվեց,
ու մեջտեղում, մի քանի տեղից ժայռեր բուսնեցին,
Արարատն անգամ թեք նստեց հորիզոնին…
«Եսի՞մ,-ասացի,- Արամ, տղերքը կգա՞ն որ»…
Ժպտաց` մտախոհ ու տխուր…
Ասաց. «Բոլորդ նույն բանն ասիք, անխտիր»…

Հիմա մայլի տղերքը սահմաններին են`
Բեռլինի, Մադրիդի, Վլադիվոստոկի,
Ռոստովի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի,
Երևանի ու երկնքի…
Մայլեն էլի մերն է, բայց տեղ-տեղ…
Սահմանապահ թոռները մեկ-մեկ….
Որպես հովեկ….
Ամառները…
Արամը` «մոծոն», արդեն չկա.
ձեռ քաշեց իր ֆուտբոլից ու մտասույզ՝ լուծվեց օղու մեջ,
հետո – կանեփածխի…
Որպես մանկության մի հուշ` վերածվեց մշուշի,
ու թեթև-թեթև նստել է` ավտոմատն ուսին,
իր` էդպես էլ չտեսած Մեղրու սարերին…

«Մանկություն» շարքից

Թողնել մեկնաբանություն


Ծառերը…

Հսկա, երկնաքեր…

Վերում երկինքն էր՝

Նոթերը կիտած-մռթնած…

Սոճիների ծայրերը

Խուտուտ էին տալիս խոժոռված

Երկնքի ոտնաթաթերը։

Գերանաշեն, անմեխ էին

Տայգայում ծվարած տները…

Հաստատ հիշում եմ՝ կին էի.

Սարաֆան էր հագինս՝

Ասեղնագործ ու ճերմակ։

Տղա ¨ աղջիկ՝ թ¨անցուկ

Շրջում էինք փողոցում,

Երգում, իրար ձայնակցում,

Տնից տուն էինք անցնում…

Հետո բացվեց ինչ-որ դուռ…

Հետո մռայլ սենյակ էր,

Ուր մազախռիվ, արջակերպ

ինչ-որ դեմք էր գոռում…

Հետո շողշողաց կացնի շեղբն ու…

Տաքացավ ճակատս…

Անկամ թուլությանս միջով

Աշխարհը հալվեց, թուլացավ,

Ու իրար լուծվելով՝ հոսեցինք

Ես, կացինը, ծառերը, ձյունը, ար¨ը…

Հետո արթնացա մեր տան մեջ.

Աշխարհը մասամբ պնդացել,

Մասամբ դեռ հոսում էր,

Կլանում էի

Մորս կաթի հետ…

Older Entries Newer Entries

%d bloggers like this: