Տագնապ

Թողնել մեկնաբանություն


Տագնապ՝
Գիշերվա կեսին.
Թռչունները չվեցին
Ու տեղը, ուր նրանք պիտի հասնեն,
Ջնջել են քարտեզից…

Տագնապ՝
Գիշերվա կեսին.
Թռչունները չվեցին,
Որ ետ գան, ասեն՝ «pardon,
Եկանք՝ մեր բները վաճառենք,
Էստեղ ագռավներն ու ցիները շատ են,
մենք գնում ենք»…

Տագնապ՝
Գշերվա կեսին.
Թռչունները օրերիս շարանի հետ եկան,
Որ ասեն` «mersi, քարտեզագիր,
Մենք գնացինք…
Ու անտես մի ձեռք անընդհատ ջնջում է
Տունը….
Ճանապարհը…
Ուղենիշները…
Ու գրում է՝ «տագնապ,
Տագնապ՝ գիշերվա կեսին»…
15. 02. 2000 թվական

Կյանք էր…

Թողնել մեկնաբանություն


Կյանք էր… Ապրում էր
Սիրտը բաց, կուրծքը՝ կրքոտ,
Երկինքը երկրին կապում էր
Սիրո, տարփանքի ջլերով,
Մեղքերի բոցում շիկանում էր,
Զղջման հնոցի մեջ հալչում,
Ձուլվում, դառնում լար ու հնչում էր
Որպես աղոթք մշտարթուն…

Նա մեկ սուրբ էր, մեկ՝ անառակ՝
Կենաց տարերքից խենթացած,
Իր ձայնը երկինք հասնում էր,
Սրբերինն ընկնում էր ցած՝
Էդպես էլ տեղ չհասած…

Իսկ հետո X ժամանակն էր…
Նա եկավ՝ մեղավոր ու անմեղ…
Իր բաժինը գրկած` հեռացավ
Չանելով ծանր ու թեթև,
Կենսախինդ, սեթևէթ,
Կրծքին մի թիթեռ՝
Կայտառ,
Որ փրկեց նրան X ժամին,
Զի թևերին աղոթք էր
Գործված տառ առ տառ՝
«Կյանք էր… Ապրում էր
Սիրտը բաց…»։