ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ

Թողնել մեկնաբանություն


Գրողի և ժամանակի մասին, հիրավի, նոր բան ասելու համար պիտի կարողանալ այդ «նոր» ժամանակներն զգալ ամբողջ լայնքով ու խորությամբ: Նոր ժամանակների, նոր իրականության ու գրողի միջև կապի մասին ուրիշների ասածն այլ կերպ վերաշարադրելն ընդամենը սեփական սնափառության անկուշտ որդին կերակրել է նշանակում: Այդ էժան խայծը կուլ չտալու համար նախ պետք է հիշել (նվազագույնը՝ կարդացած լինել) վերջին հանճարիդ՝ Մաթևոսյանի խոհերը, ծանոթ լինել այդ կապակցությամբ արտահայտած տեսակետներին, ու եթե դրանից հետո էլ անպատասխան հարցեր կմնան, ապա փորձել գտնել դրանք՝ աչքի առաջ ունենալով նույն Մաթևոսյանի մշտարդի խոսքը, թե՝ գրողը հարցեր տալով չի մտնում գրականություն, այլ պատասխաններով:
Թվում է, թե ժամանակները փոխվել են և նոր ժամանակները ժամանակակիցների խոսքն են ուզում, բայց չի կարելի ամբողջական պատկերացում կազմել սեղանի մասին՝ գտնվելով սեղանի մակերեսին: Առավել վատ է, երբ դատողություններ ես անում այդ սեղանի ոտքի մասին… Սա ա՜յն դեպքում, երբ դու սեղանի մակերեսի համեմատ իսկի նեյտրոնի կամ պրոտոնի չափ էլ չկաս…
Ժամանակի մասին, որի համասեռության ու խտության մասին հաճախ անգամ աղոտ պատկերացում էլ չունենք, պիտի խոսեն նրանք, ովքեր արդեն դուրս են ժամանակից, յուրովի բացարձակ են, ովքեր իրենք արդեն իսկ ժամանակ են, ժամանակ են դառնում… Ոչ թե ժամանակին կից են՝ ժամանակակից…
Մանկուց ինձ սարսափեցրել է մի երազ, ուր գահավեժ սլացքի սուլոց էր ու անթափանց կապարե խավար… Տարիների հետ այն ձևափոխվել է, բայց երկու բան անփոփոխ են մնացել՝ գահավեժ սլացքն ու դրա ահը… Հիմա Ժամանակն ինձ պատկերանում է որպես Պատմության ժայռե հունով վար ու վեր սլացող եթերագետ, որն անհամասեռ է, տեղ-տեղ՝ ժայռից էլ պինդ, կարող է քանդել անգամ սեփական հունը՝ բացելով Տարտարոսի երախը, որը սև խոռոչի պես ազգեր ու ամբողջ քաղաքակրթություններ է կլլել: Բայց հիմնականում տաքուկ ու փափուկ այդ եթերանյութի մեջ մարդիկ ծնվում են, մեծանում, կռիվ-կռիվ են խաղում, սովորում, ամուսնանում, թոռուծոռ ունենում ու վերջում տարրալուծվում են այդ ամենակուլ եթերանյութին… Բավական է գլուխդ հանես ժամանակ կոչվող այդ եթերանյութից ու կտեսնես, որ նրա հունն ի վեր սլացքն էլ, գահավեժ անկումն էլ հավասարապես գլխակեր են: Չխեղդվելու հույսդ նրանք են, ովքեր ոչ միայն հանում են իրենց գլուխը, այլև դառնում են Պատմության ժայռե կրծքում խրած սեպ, որ մենք կարողանանք կառչել իրենցից՝ Նարեկացուց, Կոմիտասից, Սարյանից, Չարենցից, Թումանյանից, Մինասից, Մաթևոսյանից… Կարողանանք կառչել ու չկորչել: Իսկ այդ սեպը նրանք սարքում են իրենց միջի ամենաթանկ, ամենափափուկ ու ամենակոշտ նյութից՝ Սիրուց… Նրանք միշտ էլ կան, միշտ էլ մեզ ուղեկից են, ինչպես հիմա մեզ հետ են Մանսուրյանը, Լևոն Խեչոյանը, Արա Ղևոնդյանը… Նրանցից յուրաքանչյուրն իրեն Տրվածի չափով է սարքում իր սեպը, այլ հարց է, թե մենք ուզո՞ւմ ենք արդյոք կառչել, փրկվել…
Իսկ Սիրել գիտե՞ն արդյոք «ստերիլ» սրբությամբ ապրողները, նրանք, ովքեր ինքզինքը զատում են ծանոթից, հարևանից, բարեկամից, եղբորից ու սիրում այդ «ստրկամիտ, ռաբիզ, վախկոտ, դավաճան, ծախու» ցեղակիցների իրենց համար նախընտրելի մասին միայն՝ ավելի խոր ջրբաժաններ քաշելով… Խելք խրատող այդ անհատները գուցե և անկեղծ են ավելի ազատ ու առաջադեմ ժողովուրդ ունենալու իրենց ցանկության մեջ, բայց եթե քո յուրաքանչյուր չսիրելին դո՜ւ չես, ապա սիրել-չսիրելուց խոսելն առնվազն տեղին չէ:
Ավելի լավ է, օրինակ, խաղող աճեցնել, տանել հեռավոր գյուղում քո բարեկամի աճեցրած կարտոֆիլի հետ փոխել՝ ապրելով ու ապրեցնելով միմյանց, հուսալով, որ մի օր էլ մեր մեջ կծնվի նա, ով կհանդգնի Սիրել կամ գոնե ժայռի կրծքում խրած սեպերից կառչելու ցանկություն կունենա:


«Գրական թերթ» 2013 թ.

Տարին, ինչպես որ կար…

Թողնել մեկնաբանություն


Այս տա­րին սկսվեց ու ա­վարտ­վում է հետզ­հե­տե ամ­րա­ցող հա­մոզ­մուն­քով, որ հան­րա­յին ա՛յս գի­տակ­ցութ­յամբ ու ա՛յս բա­րո­յա­կա­նութ­յամբ մենք իս­կա­կան պե­տութ­յուն ու­նե­նա­լու ար­ժա­նի չե՛նք։ Չէ՛, սրա-նրա կցորդ, սրա-նրա՝ հա­նուն շա­հի հանձն­վող «ֆոր­պոստ», սրա-նրա շվա­քում «յո­լա գնա­ցող տա­րածք» լի­նել կա­րող ենք, բայց քա­նի դեռ վա­խե­նում ենք հա­յե­լու մեջ ինք­ներս մեզ նա­յել, քա­նի դեռ ճշմա­րիտ Խոս­քը խլաց­նող աղ­մու­կի ա­կան­ջա­հա­ճո ստի փա­փուկ բամ­բա­կը գե­րա­դա­սում ենք իս­կա­կան Խոս­քի՝ վեր­քե­րը հա­տող նշտա­րից, պե­տութ­յուն ու­նե­նա­լու ար­ժա­նի չենք։
Մեր վախ­կո­տութ­յունն ու սու­տը, ծու­լութ­յունն ու թու­լա­կա­մութ­յու­նը եր­ևակ­վեց այս պար­տութ­յունն ան­տեր թող­նե­լու ժա­մա­նակ, օ­տար ոտ­քե­րի տակ գցե­լիս։
Պար­տութ­յու­նը ոսկ­յա դրա­մի նման եր­կու ե­րես ու­նի, դրա մյուս ե­րե­սին հաղ­թա­նակն է, բայց դա տես­նե­լու հա­մար աչ­քերդ բաց ու մա­քուր Խոս­քի հան­դեպ ա­կանջդ սուր պի­տի լի­նի, իսկ քա­նի դեռ վա­խե­նում ենք օ­տար ոտ­քե­րի տա­կից վերց­նել ու տեր կանգ­նել մեր պար­տութ­յա­նը, քա­նի դեռ այս պար­տութ­յունն ա­վե­լի շատ տեր չու­նի, քան նա­խորդ հաղ­թա­նա­կը, պե­տութ­յուն ու­նե­նա­լու ար­ժա­նի չենք։
Վախն ու սու­տը նույ­նար­մատ երկ­վոր­յակ եղ­բայր­ներ են, նաև՝ մեկ­մե­կու ծնող են, ու ե­թե վախ­կոտ չլի­նեինք, ինք­ներս մեզ չէինք ստի և կ­խոս­տո­վա­նեինք, որ այս տա­րի մեր լու­սա­բաց­նե­րը մե­ռած են ծնվել, քան­զի մեռ­նե­լուց վա­խե­նա­լով՝ վա­խե­ցել ենք նաև գժվել, կա­տա­ղել, սի­րել, որ հի­շո­ղութ­յուն չու­նե­ցող այն կո­վին ենք նման­վում, ո­րը «…հան­գիստ ա­րա­ծում է, իսկ հոր­թին ե­րեկ են մոր­թել», որ գյա­դա­նե­րի ժա­մա­նակ­ներն այդ­պես էլ չեն գնա­լու, քա­նի դեռ հար­գի է լավ վճար­ված խոս­քը, իսկ ճշմա­րիտ Խոսքն ան­տեր է, պար­տութ­յան նման, քա­նի դեռ եր­կիրն ինքն ի­րե­նից փախ­չում է՝ ի­րե­նից վա­նե­լով Խոս­քի Վար­պետ իր զա­վակ­նե­րին դուրս է մղում, ա­զատ­վում է՝ ա­սես վա­խե­նա­լով, չգնա­հա­տե­լով…
Ճշ­մա­րիտ Խոս­քի մեր բա­ժին բե­ռը կա­րող էինք թեթ­ևաց­րած լի­նել, ե­թե յու­րաց­նե­լու քա­ջութ­յուն ու­նե­նա­յինք, ե­թե մեզ հա­մար լու­սա­վոր ա­պա­գա դուրս գա­լու ու­ղե­գորգ դարձ­նեինք, իսկ երբ խլա­նում ու կու­րա­նում ենք, այն դառ­նում է բեռ, ո­րը մեր թի­կուն­քում ժա­պա­վե­նի պես պի­տի ո­լոր­վի, վեր բարձ­րա­նա, բարձ­վի մեր ու­սե­րին…
Ես տեր եմ իմ պար­տութ­յա­նը, պատ­րաստ եմ պա­տաս­խան տալ չնչին իսկ ստի հա­մար, ու մա­քուր մի բան ստեղ­ծե­լու իմ քայլն ա­րել եմ՝ փոր­ձե­լով ստեղ­ծել մա­քուր Խոսք հնչեց­նե­լու նոր հար­թակ՝ «Ար­մա­Գիր»-ը, որն առն­վազն ինձ հա­մար բա­ժա­նա­րար գիծ է նախ­կին «­Մենք»-ի և գա­լիք «­Մենք»-ի միջև։
Մե­նակ չէի կա­րո­ղա­նա­լու, ու փառք Աստ­ծո, մե­նակ չմնա­ցի, իմ մտե­րիմ ըն­կեր­նե­րի ուսն ինձ նե­ցուկ ե­ղավ, քա­ղա­քիս ե­րի­տա­սարդ ու պատ­վախն­դիր ղե­կա­վա­րի ու­սը մեզ նե­ցուկ ե­ղավ, և «Ար­մա­Գիր»-ը ծնվեց, և տնկված ա­ռա­ջին սո­սին խնամ­վում է…

Թագաժահրի հայելին․

Թողնել մեկնաբանություն


հանրային, բարոյական և վարքագծային մուտացիաներ

Ժանտախտի դեմ պայքարի միակ միջոցն ազնվությունն է։
Ալ. Կամյու

Ասելիքս դժվարությամբ էր միս ու արյուն առնում։ Ֆեյսբուքյան իմ պատին հայտնվող նյութերից դատելով կարելի է կարծել, որ ես մեկ մոլի դավադրապաշտ եմ, մեկ՝ դավադրամերժ, մեկ էլ մշտապես ամեն ինչը քննադատող բողոքավոր։ Բայց խնդիրն իմ մոտեցումը չէ, այլ այն, թե ինչ էկզիստենցիալ փոփոխություններ է արձանագրում թագավարակի յուրահատուկ հայելին մեր հոգեկերտվածքում։
Սա ես գրում եմ վերլուծելով այս օրերին իշխանական լծակներ ունեցող և չունեցող իմ վախվորած ընկերների (որոնց նախկինում երբեք վախկոտ չէի անվանի), ինչպես նաև իրենց գերզարգացած համարող (և կրթական ցենզն այստեղ բնավ կապ չունի) ռեալ և ֆեյսբուքյան ընկերների վարքագիծը։ Երկրի իշխանական բուրգի վերևում կանգնածների արդեն հիստերիկ դարձող արձագանքներում նորից սկսել է «պատերազմամերձ» տերմինաբանություն հայտնվել՝ փորձելով վախեցնել ժողովրդին (մոռացել են, որ իրենք էին կոչ անում խուճապի չտրվել)։ Այն ժամանակ «Կորոնաֆուտբոլի դաշտում» մի թեթև ձեռ առանք՝ համարելով դա առանձին վերցրած իմքայլականի խուճապ, բայց հիմա այլ բան է նշմարվում։ Ընդ որում, ես հակված եմ կարծել, որ մենք նորից ինչ-որ փորձարկման օբյեկտ ենք դարձել, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակներում, երբ սիրով լի թավշյա քրիստոնեությունը դառնում էր պետական գաղափարախոսութուն՝ հետագայում վերածվելով (մուտացվելով) միջնադարյան ամենադաժան ինկվիզիցիայի գաղափարախոսական հենքի և կռվանի։ Բայց որպեսզի պարզ լինի ասելիքս, ես ոչ թե ընդհանուրից կառանձնացնեմ միայն մեզ վերաբերվող մասնավորը, այլ կգնամ հակառակ ուղղությամբ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։
Թագաժահրը ոչ թե ինքն է անտեսանելի թշնամի, որի դեմ պատերազմ պիտի մղվի, այլ յուրատեսակ հայելի է, որը ստեղծելով սուր վտանգի արտառոց իրավիճակ՝ ի ցույց է դնում մեր հոգեկերտվածքի կայուն և արդեն փուլ եկած սյուները, փոփոխություններն ու աղճատվածությունները։
Առաջին հերթին թագաժահրային այդ հայելու մեջ դիտարկենք աղճատվածությունը, որը եթե հակիրճ ձևակերպենք, ապա կարելի է անվանել բարոյականության կորուստ, որը հանգեցնում է իրերի և երևույթների շուռ տված ընկալման։ Ընդհանրապես բարոյականությունը մարդ տեսակի ամենաէական բաղադրիչն է, հանեք այդ բաղադրիչը բժշկի միջից և նա մարդուն փրկողից կվերածվի մարդասպանի, հանեք այդ բաղադրիչը հայրենիքի պաշտպան զինվորականի միջից և նա կվերածվի պրոֆեսիոնալ մարդասպանի, հանեք այդ բաղադրիչը պետական պաշտոնյայի միջից և ձեր երկիրը կթալանվի, կվաճառվի և կվերանա՝ բազում մարդասպանությունների պատճառ հանդիսանալով… Ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Եվ իզուր չկարծենք, թե այս ամենը մեզ չի վերաբերվում, քանի որ հեղափոխությունից հետո ի հայտ եկած բազում փաստեր ու քրեական գործեր հենց այդ մասին են վկայում, մինչև չեկավ հեղափոխական թիմը, որի արածը ոչ այլ ինչ էր, քան բարոյականության վերականգնման ակտիշխանությա՛ն բարոյականության։
Բայց վախենալով հիմնահատակ քանդել կառավարման արդեն իսկ իրենց սպառած համակարգերը՝ հեղափոխական թիմը փորձեց ինքը հարմարվել եղածին՝ հույս ունենալով հետագայում ձևափոխել, իրենով բարոյականացնելով այն։ Եվ հենց այստեղ տեղի ունեցավ թիմի առաջին՝ գաղափարական աղճատումը, որը միգուցե հնարավոր լիներ ծածկել, թաքցնել, եթե չլիներ թագաժահրի յուրատեսակ հայելին, որը ցույց տվեց թիմի անհամասեռությունը, թիմը ձևավորած անհատների խորքային տարբեր բարոյական հենք ու տեսլական ունենալը, և դրա ապացույցները բազում են ու ցցուն։ Այսինքն, բուրգի ներքևում հավաստիացնելով, որ բուրգի վերևում կներմուծեն իշխանության բարոյականություն, թիմը վարանեց, կանգ առավ և հենց ինքը սկսեց աղճատվել՝ հարմարվելով եղած համակարգերին։ Այդ պահից սկած ընդունված որոշումների տրամաբանութունը դարձավ կիսատ-պռատ ու անհասկանալի ոչ միայն բուրգի ներքևի համար, այլև դեռևս անփոփոխ մնացած և փոփոխությունների սպասող հին համակարգերի համար, որոնք ուղղակի անորոշությունից դրդված սկսեցին դիմադրել թե՛ նորին, թե՛ հնին։ Այս «հրաշափառ մետամորֆոզը» միգուցե հնարավոր լինել ծածկել, փաթեթավորել սիրուն ճառերով ու արդարացումներով, եթե վրա չհասներ թագաժահրի հայելին ու ցույց տար իրավիճակի ողջ աբսուրդն իր ամբողջ խորությամբ։ Եթե հեղափոխական թիմը կանգ առած չլիներ և «մետամորֆոզի» ենթարկած չլիներ իր վարքագիծը, ապա կփորձեր լրիվ այլ հայեցակետից դիտարկել ստեղծված իրավիճակը՝ աչքի առաջ ունենալով և ճիշտ դասեր քաղելով նախորդ էքստրեմալ իրավիճակից՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից։ Իսկ միակ դասը, որ պետք է քաղեին, այն է, որ սուր արտահայտված վտանգի դեպքում ժողովրդի բնազդն անխափան է աշխատում, իսկ նյարդերը գերլարված են լինում, և չտրամաբանված, կամայական, անազնիվ ու բարոյազուրկ ցանկացած որոշում կարող է պայթյունավտանգ լինել, և կարող է կուլ տալ երբեմնի հսկայական վստահության ամբողջ պաշարը, մինչև վերջին փշրանքը… Հիմա, դասեր չքաղելով նախկինների սխալներից, դարձյալ փորձում են վախով ու թավշյա խուճապ տարածելով կառավարել։ Նախկիններն էլ էին 2016 թվականի ապրիլին հույս դրել խուճապի վրա…
Բանն այն է, որ այն ժամանակ, ի զարմանս մեր բոլոր հակառակորդների և ոխերիմ բարեկամների, ժողովուրդը չվախեցավ պատերազմից և ըմբոստացավ այնպիսի թափով, որ ավելի ծանր կորուստներից խուսափեցինք։ Ավելին, դա 2018-ի հեղափոխության համար պարարտ հող հանդիսացավ։ Հիշում եք չէ՞, որ ապրիլյան պատերազմի երրորդ օրն արդեն զինկոմիսարիատները մարդկանց ետ էին ուղարկում, ասելով, որ առայժմ ձեր կարիքը չկա, իսկ հետո տակից ինչե՜ր բուսնեցին… Չար լեզուներն ասում են, որ ապրիլյանի ժամանակ հաշվարկն այնպիսին է եղել, որ թիկունքում խուճապ կլինի և դա կօգնի անարգել իրենց սև գործն ավարտին հասցնել։
Ժողովուրդն իր հավաքական բնազդով գիտի, որ ցանկացած պատերազմ ոչ միայն ֆիզիկական վերացման վտանգ է, այլ նախ և առաջ նպատակ ունի ձեզ ու ձեր տեսակը ստրկացնելու, ձեզ վախեցնելու, վախի միջոցով կառավարելու, կոշիկ լիզել տալու (պատմական էքսկուրսները սկսվում են մանկապարտեզից, սկսած մեր անվանադիր նախնու պատերազմից, և շարունակվում ակադեմիական հիմնարկներում, բոլորդ էլ դրանք անգիր գիտեք)։ Եվ եթե երկիրը պատերազմում է, ապա մեզնից պահանջվում է կռիվ տալ, իսկ որ պատերազմն առանց զոհերի չի լինում և «գյուլլեն էլ քոռ է», գիտեն բոլորը։ Եթե պատերազմող երկիր ենք, ինչպես իշխանությունն է պնդում, ապա իրավունք չունենք դասալիքի վախվորած վարքը խրախուսելով՝ դիրք առ դիրք զիջել։ Իսկ նկատե՞լ եք, թե ինչեր ենք արդեն զիջել… Եթե չեք նկատել, ապա ասեմ՝ ցանկացածին տեղորոշելու, գաղտնալսելու և վերահսկելու հնարավորություն, հանրային միջոցառումների գրեթե իսպառ բացակայություն, ցենզուրա, ռեպրեսիվ լծակների գործադրման սպառնալիք և գործադրում (առայժմ տուգանքների ձևով), հանրային կյանքի բարենորոգման հեղափոխական օրակարգերի թավշյա չեղարկում, ազատ խոսքի և կարծիքների արտահայտման սահմանափակման փորձեր (տեսնում եք չէ՞, որ իրենց ականջին անհաճո կարծիք հայտնելը քրեականցնելու հաթաթա է հնչեցվում)… Չշարունակեմ։ Սա արվում է՝ կապկելով աշխարհի այս ու այն երկրին, մոռանալով որ երկրներ կան, որոնք այդ ճանապարհով չեն գնացել, նաև չեն ուզում հասկանալ, որ շատ մեծ սխալ են գործում՝ որդեգրելով նախորդ իշխանության կացնային տրամաբանությունը՝ «Я начальник, ты дурак»։ Օրինակ, ոչնչից չպաշտպանող դիմակների անտրամաբանական պահանջը (բերված իբր փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում, իսկ շոգին դրանց տված վնասների մասին դեռ նոր ենք լսելու), մինչդեռ կարելի էր դա թողնել մարդկանց հայեցողությանը և արդյունքը շատ ավելի լավը կլիներ։
Պարզից էլ պարզ է, որ պիտի աշխատես հաղթել նվազագույն կորուստներով, բայց մեծագույն ողբերգություն է, երբ «զորքիդ հրամկազմը» չի հիշում Չերչիլի հայտնի խոսքը, թե՝ «Պատերազմի կամ խայտառակության միջև խայտառակությունն ընտրողը ստանում է և՛ խայտառակություն, և՛ պատերազմ»։ Այս նոր թշնամու նենգ ու չերևացող լինելը ժամանակավոր շփոթության է մատնել ժողովրդին, բայց երևակումը սարերի ետևում չէ, աշխարհում միայն մենք չենք որոնողները, բայց թշնամու շոշափելի կամ անշոշափ լինելն էական չէ, մեր նոր և նախկին իշխանության վարքի նմանությունն է էական… Իսկ նմանությունը/տարբերությունը ոչ թե լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելն է, այլ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ, իսկ որոշ դեպքերում նաև ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ բացակայությունն է։ Անձամբ ինձ համար անազնվության ցայտուն դրսևորումներից մեկն այն է, որ սկզբնական շրջանում վախեցնելուց հետո վերացվեցին տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները (պարետ-մահակը ձեռքներից չգցելով), սակայն ազատությունների մասին մոռացան։
Հետաձգված հանրաքվեի վերաբերյալ առցանց մի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավորը մի տեսակ շատ մեծ բավականությամբ հայտարարում էր, որ վարակն ու կյանքի այս ռիթմը առնվազն դեռ մի տարի շարունակվելու է։ Ու նման սուբյեկտին շատ դժվար է լինելու բացատրել (եթե ընդհանրապես հնարավոր է բացատրել), որ հեղափոխությունը, որն իրենք առաջնորդեցին, ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱԿՏ ԷՐ։

Հանուն գրի և գրականության ապրելը զուտ ընտրություն չէ, դա մարդկային տեսակ է

Թողնել մեկնաբանություն


«Արվեստի», հյուրասրահում գրող, թարգմանիչ Գևորգ Գիլանցն է:   

— Դուք վերջերս եք վերադարձել Մոսկվայից… 

– Այո, ռուս գրականության թարգմանիչների 5-րդ միջազգային կոնգրեսն էր, որին Հայաստանից հինգ մարդ էր մասնակցում։ Հրաշալի միջոցառում էր, թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային առումով։ 56 երկրից ավելի քան 400 հյուր էր ներկա։ Կոնգրեսն, ի դեպ, գրեթե միշտ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին զուգահեռ է լինում։

– Լրատվամիջոցները  /հատկապես ռուսագիր/  շեշտված  առանձնացրել  էին,  «Տառեր քարերին» ժողովածուն,  նշելով, որ  այն կազմվել, թարգմանվել և  հրատարակվել է Դավիթ Մաթևոսյանի, Գևորգ Գիլանցի, Ելենա Շուվալովա-Պետոսյանի նախաձեռնությամբ: Ինչու՞ հատկապես այդ գիրքն է նման ուշադրության արժանանալով,  նաև աղմկահարույց նկատվել:

— Դե, դա մի քանի պատճառ ունի։ Անկեղծ ասած, ես այդ նախաձեռնությանը միացել եմ բավական ուշ, սակայն գաղափարը դեռ շատ հում էր, կոնցեպցիա չուներ։ Կոնցեպցիան սկսեց կմախք, միս ու արյուն ստանալ, երբ Դավիթն էլ միացավ ու չորսով սկսեցինք վիճել (պահ եղավ, որ քիչ մնաց իրարից նեղանանք)։ Աղմկահարույց է դիտվում, քանի որ հատկապես ռուսական կողմի հեղինակները շատ անգամ ընտրված կոնցեպտից դուրս են դիտարկում իրենց մասնակցությունը… Մոսկվացի հանրահայտ պոետների կողքին (երջանկահիշատակ Կիրիլ Կովալջի, Գալինա Կլիմովա, Սերգեյ Նադեև, Մաքսիմ Ամելին…), կան նաև գրական շրջանակների համար անհայտ, եթե չասենք անընդունելի հեղինակներ։ Բայց ժողովածուն պիտի ընդգրկեր հետխորհրդային ռուսագիր տարածքի հեղինակներին, ոչ թե և ոչ միայն լավագույններին… Մի խոսքով, գիրքն այնքանով է աղմկահարույց, որ այն ոչսովորական է, ոմանք իրենց ցուցադրաբար հեռու են պահում (թաքուն տեղերում էլ՝ բանբասում, անվանարկում), ոմանք՝ սրտին մոտ։ Բայց անտարբեր մնացողներ գրեթե չկան…

— Այս տարի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում գործող հայկական տաղավարում 300 գիրք էր ներկայացված:  Սա ընտրությամբ արված   ցուցադրությու՞ն էր, թե  տարվել էր,  այն ամենն, ինչ վերջին շրջանում հրատարակվել էր մեզանում: 

— Չեմ կարծում, որ մեզանում 300 անուն գիրք է հրատարակվել։ Հաստատ շատ ավելին կլինի, բայց ես այդ մանրամասներին չեմ տիրապետում: Մանրամասները պիտի Հրաչյա Սարիբեկյանից ու մյուս պատկան մարմիններից հարցնել։ Ես, այսպես ասած, օգնողի դերում էի։ Շատ կարևոր էր, որ մեր տաղավարը դատարկ տարածություն չունենար։ Դրա համար տարատեսակ շնորհանդեսներ ու միջոցառումներ էին կազմակերպվում։ Դե, ես էլ ընկերներիս հրավիրելու ավելի լավ առիթ չէի տեսնում, քան համատեղ ընթերցումները։ Ի դեպ, այս առումով «Տառեր քարերին»-ը դեռևս անմրցակից է, թե՛ ընդգրկման, թե թարգմանական որակի առումով։ Իսկ այնտեղ ներկայացված արձակի անթոլոգիայի մասին ոչինչ ասել չեմ կարող, ես այն ինչպես հարկն է, դեռ չեմ նայել…

— Իսկ  անկայուն ու անկանխատեսելի իրադարաձություններով հարուստ մեր իրականության մեջ  հանուն գրի և գրականության ապրելը, թարգմանական արվեստի հրաշալի ավանդույթների շարունակությունը պահելու՞, սեփական կոչմանը հավատարիմ մնալու համա՞ր է , թե՝ ուրիշ մի բան…

— Լավ հարց է։ Իրոք այդպես է, բայց հանուն գրի և գրականության ապրելը զուտ ընտրություն չէ, դա մարդկային տեսակ է։ Խնդիրն այն է, որ ոչ միայն դու ես ընտրում, այլև քեզ պիտի ընտրեն, իսկ ընտրողը ինքը՝ գիր ու գրականությունն է… Հայտնի խոսք է՝ «Կանչվածները շատ են, բայց քչերն են ընտրված»։ Գրականության մեջ էլ «շուստրիներ» կան, որ ամբողջովին չեն նվիրվում գիր ու գրականությանը, հատկապես՝ թարգմանական արվեստին՝ դիտարկելով այն զուտ փող աշխատելու միջոց (խորհրդային ժամանակներում շատ գրողներ էին դրանով փող վաստակում, կամ ինչպես ընդունված էր ասել «գռդոն» էին անում): Ցավոք, այդ գործելաոճը շարունակվում է։ Չնայած պիտի ասեմ, որ  դա միշտ չէ,  և  միայն թարգմանչի մեղքով չէ,  որ  այն տեղի է  ունենում։ Թարգմանության համար շատ հաճախ (կամ գրեթե միշտ) վճարում են մշակութային հիմնադրամներն ու այն հաստատությունները, որոնք տարածում են իրենց մշակույթը, և հենց նրանց սահմանած ժամկետներում էլ գիրքը պիտի լույս տեսնի։ Ուրեմն, թարգմանիչը ստիպված է լինում հրատարակիչին հանձնել դեռ «հում» թարգմանությունը։ Նման իրավիճակը  կործանարար է հատկապես պոեզիայի համար։ Սակայն առավել վատ է ստացվում, երբ որևէ միջակություն ձեռք է զարնում թարգմանելու որևէ հանճարեղ բանաստեղծի (երևի ինչ-որ տեղից լսած լինելով, որ «հանճարին միայն հանճարը կարող է թարգմանել» պնդումը) գործերը։ Երբ համեմատում ես բնօրինակն ու թարգմանությունը ուզում ես գլուխդ բռնել ու փախչել։ Չգիտես ինչու այդ մարդկանց թվում է, թե բնօրինակի լեզուն միայն իրենք գիտեն, կամ այդ հեղինակին բնագրով միայն իրենք են կարդացել… Մենք նման օրինակներ ունենք…  Մարդկայնորեն նրանց դեմ ոչինչ չունենալով՝ ստիպված եմ եղել մի քանի անգամ խիստ ու հրապարակավ արձագանքել։

— Փաստորեն, թարգմանական հարուստ ավանդույթներ ունենալն անգամ  նման խնդիրներից չի ազատում…

— Ճիշտ հակառակը, այդ ավանդույթների շահարկումը հիմք է հանդիսանում, որ ոմանք վարակվեն սնապարծությամբ, և այդ սնապարծության քողի տակ ջանադրաբար ինքնահաստատվում են… Չէ՛, փորձո՛ւմ են ինքնահաստատվել՝ ինքնախաբեությամբ… Ինչպես հայտնի ռուս բանաստեղծ ու մեծ թարգմանիչ Ալ. Ռևիչն էր ասում. «Չի կարելի թարգմանչական արվեստը վերածել  թարգմանական արհեստի»։ Ես «հայավարի» կավելացնեի՝ «թարմանչիստության»։ Դեռ չեմ տեսել մի հայ թարգմանչի, որ ասի, թե այսինչ հեղինակին թարգմանելիս վրիպել եմ, պիտի նորից արվի… Ես կարող եմ հանգիստ ասել, որ ես էլ եմ վրիպել … Կապ չունի, որ հրատարակիչը շտապեցնում էր, որ… Վրիպել եմ՝ ուրեմն վրիպել եմ։ Այնպես որ, լավ կլիներ մեր թարգմանական ավանդույթները հավաքենք ու պահենք մեր պատմության գզրոցներում, ու զրոյից սկսեինք նորը ձևավորել՝ արդի մարտահրավերների համապատկերում։ Այստեղ չեմ կարող չհիշել Հրանտ Մաթևոսյանի մի խոսքը, որ բոլորովին այլ տեղում և այլ իմաստով է ասվել, բայց հանճարի խոսքը բազմաշերտ է, ու կիրառելի նաև այս դեպքում. «… կարծում էր կա և հաղթանակած ազգերի բանակում կա մեկընդմիշտ։ Իսկ մեկընդմիշտ հաղթանակներ չեն լինում — ամեն մի սերունդ պարտավոր է զարդարվել իր հաղթանակով»։

«Մարգարեների» տեսակն ու տեսակավորված «մարգարեությունները»…

Թողնել մեկնաբանություն


Մհեր Արշակյանի «Հուսիկ Արա. «Մարգարեն»» վերտառությամբ նյութը առիթ տվեց մի քիչ այլ, ավելի ընդգրկուն խոհի։

Ասում են խոսքը կարող է փամփուշտի պես ծակել-անցնել, անգամ սպանել, բայց մոռանում են ասել, որ փամփուշտին սպանիչ արագություն և ուժ է հաղորդում հրացանը, այսինքն՝ ասողը։ Էս դեպքում ինչ նորագույն փամփուշտ էլ լինի՝ հրացանի փողից մի կերպ է դուրս գալու, եթե ընդհանրապես հասցնի դուրս գալ, քանի որ ասողին և՛ ես եմ ճանաչում, և՛ Արշակյան Մհերը, և՛ Մարինան, է՛ էլի շատերը, ովքեր «цех»-ի պատվախնդրությունից կամ գեղագիտա-գաղափարական ինչ-ինչ մոտեցումներից ելնելով պաշտպանում են, բայց…

Սկզբունքորեն ինձ չի հետաքրքրում ո՛չ այդ գրվածքի վերլուծությունը, ո՛չ «մարգարեկան հանճարեղությունը», ո՛չ էլ «զիբիլ» լինելը։ Ինձ հետաքրքրում է թե ով է դա ասում, ասողի տեսակը։ Արդյո՞ք համաքայլ են նրա գործն ու խոսքը։

Ընդհանրապես տարածված մոլորություն կա, թե ազնվությունն այս աշխարհում բանի պետք չէ, տեղ չունի։ Իրականում որ տեսակն ինքն իր մեջ, ինքն իր հետ ավելի ազնիվ է, նա էլ իշխում է։ Այլ հարց է, թե ի՞նչ արժեհամակարգ  է այն կրում։ Մենք անընդհատ կռիվ ենք տալիս այսօրվա իշխողների արժեհամակարգի՝ զոռբայության, գռեհկության, ագահության, գողական ու ստամոքսային բարքերի հետ, բայց ոչինչ չի փոխվում։ Ինչո՞ւ… Որովհետև այսօրվա իշխողների տեսակն ավելի ազնիվ է ինքն իր մեջ։ Նրանք իրենց մեջ հայտնված «ֆուֆլոյին»՝ (դատարկախոսին) հենց իրենք են «փչացնում», իրեն հասանելիք տեղն են ցույց տալիս, իրենց միջավայրում բնության հիմնական օրենքը՝ բնական ընտրությունն ու բնականոն զտումը, աշխատում է. ուժեղն ի՛ր տեղում է, թույլը՝ ի՛ր։ Իսկ դա որոշարկվում է անձի՝ խոսքի ու գործի համադրմամբ։ Դրա համար էլ իրենց միջավայրում խոսքն արժեք ունի, ոչ թե ուղղակի փեշակ է։ Արդյո՞ք մենք՝ այլ արժեհամակարգ դավանողներս, մեր հանդեպ ազնիվ ենք, մեր միջի դատարկախոսին իր տեղն ենք ցույց տալիս… Ո՛չ։

Եթե ազնիվ լինենք միմյանց նկատմամբ, ապա պիտի փաստենք, որ մեր մասին Հուսիկ Արայով կարծիք կազմողը  արդարացիորեն պիտի նախընտրի մյուս տեսակին, որի գոնե խոսքն ու գործն իրարից չեն տարբերվում,  քանի որ Հուսիկ Արան պատերի տակ, հայացքներից հեռու նվնվում, բամբասում ու բողոքում է այսօրվա վիճակից, իսկ հրապարակավ բարձրաձայն գովերգում երկիրն այդ վիճակին հասցնողների ղեկավարին ու ամեն ինչում մեղադրում «տաս հազարով ծախվող» ժողովրդին։ Ժողովուրդն էլ հո լավ գիտի ասացվածքը՝ «Ասա ընկերդ ով է…»։

Դեմ չեմ, միգուցե Հուսիկ Արան մասամբ ճիշտ է նկարագրում այսօրը, բայց մոռանում է նշել, որ ինքն էլ է այդ օրին հասնելուն նպաստել։ Դա շատ նման է մի վիճակի, երբ «իրեք մանեթանոց» լացող պառավը օգնության կարիք ունեցող վիրավորի կողքին է հայտնվում և օգնելու տեղակ սպասում է վիրավորի մեռնելուն, որ իր «վարպետությունը» ցույց տա… Բայց իրականում այդ գրվածքը Հուսիկ Արայի հոգեկերտվածքն է, ու եթե նա ձեր նախընտրած տեսակն է, ապա նրա խոսքի հիման վրա ստեղծված երկիրն այլընտրանք չի ունենալու, նրա պես անհույս, աներազ ու կղանքից կղանք սողացող է լինելու։ Թե էդպիսի երկիր եք ուզում ժառանգել ձեր երեխաներին՝ շարունակեք պաշտպանել։

Քավ լիցի, չեմ ուզում ասել, որ բոլոր գրողներն ու մտավորականները պիտի ընդդիմադիր լինեն, կամ կրեն այն արժեհամակարգը, որ մենք ենք դավանում, բոլորի կարծիքն էլ հարգանքի է արժանի և գոյության իրավունք ունի։ Խնդիրն այլ տեղ է…

Այսքան աղմուկ ու վեճից հետո  չզարմանաք, որ նա «թունդ մտահոգի ու ընդդիմադիրի»  կեցվածք ընդունի, այլևս ուրիշ ելք չունի, բայց դա էլ է ժամանակավոր լինելու։ Տարիներ անց կբողոքեք, որ այսինչ մտավորականը ծախվեց,  ճամբար փոխեց… Բայց հանկարծ չմոռանանք, որ դուք եք նրան ծնել՝ հաճախ երեսպաշտության հասնող այս պաշտպանությամբ, «յուրայինին» ամեն գնով «ճիշտ» հանելու մտածողությամբ, որն ըստ էության ոչ այլ ինչ է, քան ապացույց, որ մենք նույնպես ոհմակային արժեհամակարգի կրող ենք, այն արժեհամակարգի, որն օրնիբուն ու անընդհատ «քլնգում ենք»։ Ինչի՞ համար եք «քլնգում», միայն նրա համար, որ իրենք իրենց տեսակի մեջ ավելի ուժե՞ղ են։ Դա բավարար չէ՛, չէ՞ որ մեր կիսատ-պռատությունը ոչ ոքի պետք չէ, եթե այլ արժեհամակարգ չենք բերում, որը խարսխված է ազնվության վրա։ Այս պահվածքով մենք անկախ մեզանից խոստովանում ենք, որ երկիրն արևելյան թերմացք դարձնողներից էապես չենք տարբերվում, նույն էությունն ունենք. «մեկ ա, մենք ճիշտ ենք», «մեր դեմ խաղ չկա», «մերոնցից ա, ուրեմն ճիշտ ա»… Չնայած, չէ՛, տարբերվում ենք, մենք ավելի վատն ենք, քանի որ թույլ ենք, քանի որ ջրում ու պարարտացնում ենք այն հողը, որն ապագայում մուտացիայի ենթակված «սարայագետներ» է ծնելու։

Ու հենց այդ տեսակն էլ ստիպում է որ երկիրը սողա «կղանքից կղանք»… Իսկ միգուցե այդպիսի կենսակերպը իր տեսակի երազա՞նքն է, քանի որ այլ գոյություն չի էլ պատկերացնում, քանի որ կղանքն անընդհատ ջրի երեսին է։ Ու ես շատ լավ եմ հիշում, թե մեր դասկաններից ով էր ասում, որ «Էս երկիրն ազնվության պակաս ունի»։

ARS մետա — անդրարվեստ

Թողնել մեկնաբանություն


ARS մետա — անդրարվեստ.

Безымянный

Մի պատառիկ Մարինա Կուլակովայի քննական արձագանքից… 2004 թ.

1 մեկնաբանություն


Бездомность и чувство дома

Гиперболизм, преувеличения, некая избыточность свойственна восточной поэзии. Но, как правило,  восточная лирика отягощена избыточными украшениями, красивостями, цветами, фруктами и сладостями. Она создает ощущение богатства, изобилия, если не реального, то упорно измышляемого и традиционно повторяемого.

В случае Гиланца ощущение совсем другое. Даже гиперболы в его стихах аскетичны, жестки, в лучшем случае – неуютны. А вообще – реальная бездомность – животная и человеческая, и тоска по дому, по теплу –  атмосфера его стихов.

А вы знаете,

Что нужно такому, как я,

На чужом берегу:

Полный желудок, теплая постель,

Самка и водка.

Здесь его неприкаянное «я» — в России, в сибирской деревне, и ветер хохочет над ним, и уходя, «оставляет плевок в душе, или на лбу». И даже раннему Маяковскому не было так безнадежно грустно, он измышлял «ноктюрн на флейте водосточных труб», но грубость и кощунства, допускаемые им, говорили о совершенно сломанной, снесенной системе ценностей.

В стихах Гиланца, где самые частые гости – бродячие псы и бомжи, где в зеркалах усмехаются кривые осколки водочных бутылок, где чаще всего – ночь, — совсем другое дело. Там музыка, Комитас, нежность и упрямая вера.

Когда он пишет саркастические  стихи с подзаголовком «президентский монолог» — он, так же как и в случае с «Реквиемом», пишет памфлет. Это редкость в нынешней поэзии. Самыми что ни на есть сатирическими, карикатурными мазками рисует он самоуверенного капитана, говорящего много бодрых слов об океане, буре и рифах, а на самом деле барахтающегося в ржавом корыте в грязной луже, и готового выйти оттуда в любой момент – на повышение, на берег. «Уже адмиралом», даже если несчастный корабль потонет.

Армянский поэт Гиланц не воспевает Армению. У него другая природа дара. Он Арменией болеет, страдает, живет ею каждую минуту.   Он стремится показать и показывает её армянам, особенно тем, кто не знает армянского языка и говорит: вот наше богатство, вот наша нищета.

Тропы Гиланца

С цивилизацией, с миром искусственным, построенным людьми, у поэта в принципе сложные, конфликтные отношения. Такие, примерно, как с «роялем-бегемотом-гробом», которому требуется, к тому же, «воскрешение».

Его раздражают и злят символы городской цивилизации. И это не случайно.

Гиланц – псевдоним, и означает он «из рода волков». Тропы Гиланца – это не только поэтические приемы данного, конкретного поэта, его метафоры, но и тропы волка, блуждающего по горам мироздания. И по ночному городу.

Зрение и мироощущение волка. Откровенную враждебность чувствует он ко многим проявлениям «чисто человеческого».

Откровенная злость. Откровенная сексуальность, самцовость, сильная природная тяга – вместе с сильными запретительными, самоограничивающими, религиозными мотивами, с возвышенно-архаическим, целомудренным лексическим строем — качества редкие в поэзии.   Русские аналоги? – вряд ли они есть. Самые жизнеспособные, витальные лирики двадцатого века – Борис Пастернак и Павел Васильев.  И ни тот, ни другой не родственны Гиланцу, они явно не волчьей крови.

Поэт интересен непохожестью. Особенно в современном контексте, когда за начитанностью, умноговорением, бесконечными книжными ассоциациями потеряны и чувства, и инстинкты, потеряна в конечном итоге и сама культура как система запретов, дающая тем самым возможность мощного выхода духовной энергии – в поэзии.

Космогония:

«Год 1993 П.Р.Х»

Мужское начало – (парад, марш, «Отче наш») – музыка, ритм, вектор, вознесенный к небу. Женское – земля, библейская гора.

Начало стихотворения — отрицание возраста, отрицание только что утвержденной собственной стихии – сна. Декларация полной иррациональности: «сон свой не помню». Но:

… Помню лишь, что был парад,

И маршем звучал «Отче наш».

И в вожделении, в похоти, в запахе пота

Стонала библейская гора…

Парад – торжество упорядоченное, музыка упорядоченная, форсированная — «маршем звучал «Отче наш». И далее — образ из разряда космогонических.

Как новое ощущается: откровенное сексуально-эротическое наполнение этого взаимодействия, снятие ограничений на ассоциации – «в распущенности пребывало даже рожденное из предматерии солнце…», отказ от памяти и возраста, слияние с продолжающейся космогонией, с вечным сотворением мира. Интуитивно точно в данном случае — отсутствие субьекта («я»), бестелесность.

Память: «Лечу как…»

Душа  помнит голубиную телесность, проносит ее через тысячелетия своей человеческой истории, сквозь нее видит Сына Человеческого. Помнит себя и жертвой, и младенцем. Это память воцерковленной сущности, над церковью происходит полет – там, куда храм устремляет энергию памяти и молитвы.

Душа над маленькой церковью летит, чувствуя запах ладана, в облике голубя. Полет продолжается переходом в другое время – совмещением времен – летит, «как летел Ноев голубь». Причащается – конкретика символа и ритуала – опустившись на плечо Иисуса, берет малую частицу во время прикосновения, снова летит в небо над церковью, и, когда на голубя смотрит старец, он – в его глазах — превращается в объект жертвоприношения. Зрительно обозначается «крест из крови на лбу у младенца».

Хотелось бы пожелать… собственно, пожелать хотелось бы – продолжения пути.

Поиск общечеловечьего языка труден. И Гиланц, пожалуй, даже не хочет его искать. Но два языка уже пересеклись на этих неповторимых и неизведанных тропах.  На пересечении – искра. И раньше называли ее, и сейчас еще не забыли, что так она называется – искра Божья.

Архаично, — как волк, огонь, голод, небо. Архаично, как сама поэзия.

Այսքան ազատ Ա. Մեր լեզվի ամեն մասնիկում ազատության ոգի կա

Թողնել մեկնաբանություն


–Մենք ընդհանրապես շատ հզոր, ներունակ ու ճկուն լեզու ունեք՝ բազմաթիվ լեզվաշերտերով ու բարբառներով, բայց գրական մոդան թելադրում է գրել տուտուզիկ-մուտուզիկների մասին, թանձր ծխով տարված գերխելամիտ մտահանգումներով… Իսկ հողն այսօր ջրողը, կամ ջուր չունեցող գյուղացին բերնին երգ չունի, եղածն էլ մշակող չկա… Մոդա, սիրելիս, մոդա… «Սատանայի փաստաբանը» ֆիլմում մի հրաշալի կտոր կա, որտեղ փաստաբանն ասում է՝ «Մեկ է, փառասիրությունն իմ սիրելի մեղքն է»։ Մեզ մոտ այդ բառերը նա կարող էր գործածել ամեն քայլափոխի 

Աշխարհի ու մշակույթների մասին

Թողնել մեկնաբանություն


Ըստ իս՝ փակ մշակույթները բնականորեն առաջացած այն մշակույթներն են, որոնք սերտորեն շաղկապված են տեղանքի, լեզվական առանձնահատկությունների, կրոնի և էթնոկենսաձևի հետ: Որպեսզի ասելիքս քիչ թե շատ պատկերավոր լինի, բերեմ հենց դիլիջանյան բնության հուշած օրինակը. խոտը (փակ մշակույթ), որ քիչ առաջ տրորում էի, դարերով աճել է այստեղ, ունի ծլարձակման, ծաղկման ու աճի որոշակի պարբերականություն, սնվում է սեփական արմատներով մայր հողից: Բույսերից շատերը (ամենաարժեքավորները) այլ տեղանքում ուղղակի չեն աճում, չեն հարմարակվում (ադապտացվում), իսկ նրանք, որ մի կերպ կպչում են, այնքան են էափոխվում, որ կորցնում կամ փոփոխում են իրենց նախկին առանձնահատկությունները: Հայերն ու հայ մշակույթը՝ ձեզ օրինակ, զուգորդումներ՝ որքան ուզեք…

Սեղանի գիրք

Թողնել մեկնաբանություն


Սեղանի գիրք հասկացությունից վերջերս մի քիչ խուսափում եմ, քանզի թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ենք և օրերով համակարգչի էկրանն է աչքիս դեմ, բայց հեղինակներ կան, որոնց գրքերը գրասեղանիս վրա են։ Բացում եմ հատկապես այն ժամանակ, երբ աչքս տեքստով շեյելու, բարձր գրականությամբ հոգուս ու մտքիս քիմքն անուշելու կարիք եմ ունենում… Սեղանիս մշտապես առկա են Նարեկացին, Չարենցի ընտրանին, Մաթևոսյանի երկհատոր «Հատընտիրը», Մարկեսի և Խեչոյանի գրքերը։ Շատ հեղինակներ կան որոնց գրքերն էլ են սեղանիս, չթվարկեմ, բայց այդ շատերը փոխվում են, սրանք մշտական են։

Թե՛ Նարեկը, թե՛ Չարենցն ինձ համար լեզվական իրողություն են, լեզվի իսկական հրավառություն… Խեչոյանի վաղաժամ հեռանալը կսկիծով է պատել իր հետ կապված ամեն ինչ, ներառյալ գիրը, ու թե իր կենդանության ժամանակ կարդացած չլինեի՝ հիմա չէի կարողանալու… Այս դեպքում ուրախանում եմ, որ ժամանակին Հրանտ Մաթևոսյան Վարպետին անձամբ չեմ ճանաչել…

Կարելի է հեգնել, թե՝ ի՜նչ ընթերցանություն, երբ արդեն տևական ժամանակ է՝ երկիրը կանգնած է անդունդի եզրին ու ինչ-որ անհնարին հնարքով խուսափում է գահավիժելուց։ Համակարգչի էկրանից աշխարհը խուժում է ներս՝ շինծու, վավաշոտ, խղճահարույց, տագնապալի, անհոգ, աղետագույժ… Տևական ժամանակ է, ինչ անհարկի այս աղմուկը խլացնում է երկրի կրծքավանդակից պոկվող ճիչը՝ իսկական գրողի ճշմարիտ խոսքը։ Համատարած գրագիտության, թվային տեխնոլոգիաների, մեդիաների այս դարում իսկական գրականությունն արդեն տարանջատվել է գրավոր խոսքից, բայց դրա գիտակցումը դեռ չկա… Այսօրվա գրողների գործերում սուր հարցադրումներ անող ստեղծագործությունների պակաս չկա։ Կարդում ես ճարտար, կարդացած մտքի գերբարդ պատկերներով մեծածավալ շարադրանքն ու հասկանում, որ Հարկավոր էր Մաթևոսյանի «Հատընտիրը» բացել, «Ես ես եմ»-ը բացել… քանզի՝ «…գրականություն մտնում են ոչ թե հարցերով, այլ պատասխաններով…», քանզի՝ «…Մենք ընթանում ենք ուրիշի կուրսով, մեզ ուրիշ ճանապարհով են տանում: Եվ ոչ միայն մեզ՝ գրողներիս, այլև ամբողջ հասարակությանը. իմ երեխաների սեղանի գիրքը ես չեմ՝ հեռուստատեսությունն է, զանգվածային մշակույթը: Ժողովուրդը օտարվել է իր մշակույթից»…

Երբեմն ինձ թվում է, թե Հրանտ Մաթևոսյան Վարպետն ապրել և ապրում է մեր բոլոր ժամանակների մեջ՝ անցյալ և ապագա, մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Նա գրել է այն, ինչ մենք մտածում էինք, բայց չէինք կարողանում ձևակերպել, նրա ամեն տողն իմ սրտի թրթիռից է պոկված, իմ զգացմունքներից, թաքուն պահված հույզերից, վախերից, հույսերից… Հարցազրույցներում, խոհագրություններում, հոդվածներում Մաթևոսյանն արդեն տվել է այսօրվա  ստեղծագործությունների առաջ քաշած «նոր հարցերի» ստույգ պատասխանները, ասել է թե՝ հիմա գրականության պակաս կա՝ սիրո պակաս, թասիբի պակաս, երկրի պակաս, երկրի մարդու պակաս…

Գրականությունն ավելի խղճուկ վիճակում է, քան հայրենիքը լքող հուսահատված քաղաքացին, քանզի երկրի ձայնը չի լսում, հոտը չի առնում, գույնը չի տեսնում…

Նորից բացում ես Մաթևոսյանի հատորը կամ կայքը (գրեթե ողջ գրավոր ժառանգությունը կա՝ http://www.hrantmatevossian.org) ու կարդում՝ «Գականությունը միայն մեկ հասցե ունի, ավելի ճիշտ՝ պետք է միայն մեկ հասցե ունենա՝ Երևան, Պուշկինի փողոց 3, Հրանտ Իգնատի Մաթևոսյանին, և մի փոքրիկ երկտող՝ «Կարդա, սիրելի Մաթևոսյան, այստեղ դու վրացի ես, այստեղ դու քար ես, այստեղ իշխանուհի ես…»։ Կամ՝ «…Այս հայրենիքը բոլորինս է, և բոլորս ենք նրա պաշտպանը, և բոլորս գիտենք, որ նրա անկումը անկումն է բոլորիս՝ հարուստներիս և աղքատներիս, ձրիակերներիս և մշակններիս… և նրա կյանքը մեր հավերժությունն է»։

Հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է

1 մեկնաբանություն


Հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է | ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ.

Չնայած նորահայտ բազմաթիվ հոսանքների՝ Ռուսաստանն ուներ և պահեց իր հզոր գրական դպրոցը, ավանդույթները։ Հիմա այնտեղ զարթոնք է։ Այստեղ էլի գալիս ենք իրական ու թվացյալ անկախանալուն. հինը դեն նետեցինք, ասացինք՝ «սովետական է» ու հրաժարվեցինք… Դե մեր նորաստեղծ գրական «դպրոցն» ինձ ցույց տուր… Գուցե համաձայն չես, բայց դաշտում երևացողը արմատազուրկ, մեկուսացած մերձգրական ճահիճ է՝ հավակնոտ, եսակենտրոն, սուբլիմատիվ… Ի՜նչ սպասես գրական այն «դաշտից», որտեղ մի կողմից լպիրշություն է, մյուս կողմից՝ գորշություն… Որտեղ գրական դաշտի մի թևում ջահելներին ասում են, թե՝ «հանգ ու չափով «դասական» բանաստեղծության հաջորդ՝ ավելի բարձր փուլը՝ վերլիբրն է՝ ազատ բանաստեղծությունը (հարկ լինի կապացուցեմ, որ այդպես չէ, և չի՛ կարող լինել), իսկ մյուս խմբակում ոգեշնչում են գրել՝ ոնց ուզում ես, մենակ մեջը «տաբու ջարդող» հայհոյանք, զազրանք կամ պղծություն լինի… Առաջիններն իրենց համարում են «կենդանի դասական», իսկ երկրորդները՝ «պերեդավոյ», ու իրենց համարում են վաղվա դասկաններ։ Հո իզուր չէ՞, որ մեր «պերեդավոյները» հալածյալ Չարենցի կերպարը (ոչ թե Չարենցի գրականությունը) երկար ժամանակ չէին թողնում իջնի պատվանդանից, իսկ հետո փորձեցին գցել պատվանդանից ու տեղն իրենք բարձրանալ…
Խմբակներից մեկում գրողի դերը գերագնահատում են, մյուսում՝ թերագնահատում։ Այնպիսի լրջությամբ են ինչ-որ «տեսություններ» բստրում, ասես իրենցից առաջ ոչ փիլիսոփաներ են ապրել, ոչ տեսաբաններ, ոչ գրողներ, ոչ … Բնականոն, հավասարակշռված մոտեցումն արտաքսված է։

— Իսկ որն է այդ մոտեցումն ըստ քեզ։

— Կիսում եմ հայտնի այն տեսակետը, թե գրողը (հատկապես՝ բանաստեղծը) լեզվի գործիքն է՝ կամերտոնը։ Որպես կամերտոն՝ նա չի կարող չարձագանքել հնչող կենդանի լեզվին։ Արձագանքելով՝ նա հընթացս մշակում փոխում է լսածը… Իսկ եթե հրապարակավ տարփողվող այդ «լեզվագործիքի» հոգին պարզունակ, ծանծաղ ու գռեհիկ է, եթե նա տեսակազուրկ ու անսկզբունք է, ճաշակը՝ ցածր, ինքը՝ թերուս, ապա հասկանալի չէ՞ թե ինչպե՛ս նա կազդի լեզվի վրա… Հազարվեցհարյուրամյա ոսկեղնիկ գրավոր լեզվից հետո ունենալ ինչ-որ ռաբիզաբազառային կիսատպռատությո՞ւն….
Բայց սա վատթարը չէ։ Այս «դպրոցների» հիմադիրները հասցրել են «բուծել» երիտասարդ էպիգոնների մի բանակ, որտեղ ավագների վատ պատճեների քանակությունից սիրտդ խառնում է, ասես երկու-երեք դիմակի դիմակահանդես ես եկել, ուր դեմք ունեցողների մուտքն արգելված է։ Իսկ դեմք ունեցող անհատներ, փառք Աստծո, դեռևս ունենք, առավելապես՝ արձակում։
Բայց իրականում այդ երիտասարդները զոհ են։ Շատ կցանկանայի, որ նրանցից գոնե մի երկուսը ուշքի գան, սեփական դեմքը գտնելու ելնեն։ Իսկ նրանց «վարպետ»-դահիճները չեն էլ գիտակցում իրենց արարքի ողջ պղծությունը…