88-ի ամռանն էր:
Մեր «մոծոն»` Արամը, որ ֆուտբոլիստ էր կարգին,
ինձ տեսավ մայլի գլխին.
«Հլա կանգնի, ուսանող-ախպեր, նստացույցի՞ց»։
«Հա»,- ասացի։
Ասաց. «Ակտիվիստ-ախպեր, ասում եմ՝
մայլի ջահելներով հավաքվենք, գնանք Մեղրի.
դատարկ գյուղեր կան սահմաններին…
Համ նոր գյուղ կունենանք, համ էլ…
Դե մեր մայլեն՝ մերն է՝ ինչ էլ լինի»…
Մտովի մեր հարթ, ուղիղ մայլեն պոկեցի,
տարա դրեցի Մեղրու սարերին…
Ծռմռվեց, տեղ-տեղ պատռտվեց,
ու մեջտեղում, մի քանի տեղից ժայռեր բուսնեցին,
Արարատն անգամ թեք նստեց հորիզոնին…
«Եսի՞մ,-ասացի,- Արամ, տղերքը կգա՞ն որ»…
Ժպտաց` մտախոհ ու տխուր…
Ասաց. «Բոլորդ նույն բանն ասիք, անխտիր»…

Հիմա մայլի տղերքը սահմաններին են`
Բեռլինի, Մադրիդի, Վլադիվոստոկի,
Ռոստովի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի,
Երևանի ու երկնքի…
Մայլեն էլի մերն է, բայց տեղ-տեղ…
Սահմանապահ թոռները մեկ-մեկ….
Որպես հովեկ….
Ամառները…
Արամը` «մոծոն», արդեն չկա.
ձեռ քաշեց իր ֆուտբոլից ու մտասույզ՝ լուծվեց օղու մեջ,
հետո – կանեփածխի…
Որպես մանկության մի հուշ` վերածվեց մշուշի,
ու թեթև-թեթև նստել է` ավտոմատն ուսին,
իր` էդպես էլ չտեսած Մեղրու սարերին…