Մեղա՜, մեղա՜, մեղա՜, իմ պապերի լեզու,
Թե քեզ աղարտել եմ չարալեզու սրտով,
Թե անարգել` անգամ ճարահատյալ ստով,
Մեղա՜, մեղա՜, մեղա՜, արքենածին լեզու։

Մեղա՜ ամեն ժամի ու վայրկյանի համար,
Երբ շուրթիս անհարկի օտար բառ է հնչել,
Երբ գրիչս օտար տառաբույլ է փնջել…
Մեղա՜ ծամածռված ամեն բառիդ համար։

Մանուկներիդ ունկում (օտար հողում ծնված)
Չհասկացված ամեն բառիդ համար մեղա՜,
Թե քեզնով երգելիս ես անկարող եղա
Նոցա այնպես թովել, որ կախարդվեն ցմահ,

Որ սեր դառնաս ջահել երակներում պրկված,
Որ քեզանով բառեն դիցերի պես հպարտ…
Թող քո կախարդական հնչյուններից պոկված
Ամեն մի ելևէջ դառնա ԴԱՐՁԻ ճամփա։

19.09. 2005, Մոսկվա

Մեղա, մեղա, մեղա, դյութազնազարմ Նախնի,
Թե նետիդ սլացքի սուլոցն եմ մոռացել,
Թե դարձել եմ ստրուկ, վախվորած կռացել,
Կամ էլ համակվել եմ սարսռոցով վախի։

Մեղա, թե նախանձից կամ ստից կուրացած
Նանրամիտ եմ դարձել, տկար ու փոքրոգի,
Փշրանքների… Թեկուզ ճոխ սեղանի համար
Աճուրդի եմ հանել հանապազoրդ՝ Ոգիդ։

Մեղա, հազար մեղա, թե դարձած ողբերգակ
Սուգ ու շիվանի մեջ ընդվզումն եմ լլկել,
Հոգուս կավը թրծող ռազմերգերի տեղակ
Պանդխտության մղող մուղամներ եմ երգել։

Մեղա, մեղա, մեղա, անվանադիր նախնի,
Թող անունիդ հուրը երակներս թրծի,
Դավ ու կասկածները հոգիս էլ չկրծեն,
Արյունածին ոգիդ փայլի փառքով նախկին։

21.02.2008, Երևան

Մեղա՜, մեղա՜, մեղա՜, Աստծո անեղծ մասնիկ,
Թե քեզ անտեսել եմ երակներիս ներսում,
Թե քեզ թողած՝ նորից Օտարին աղերսում,
Պաղատում եմ, որ ինձ շուտ օգնության հասնի։

Մեղա՜, թե սպառում եմ ես քո հուրն անտեղի,
Թե ճառում եմ բարձրիկ բեմերից քո մասին,
Ու իմ ամեն մի խոսք դառնում է թույն, լեղի…
Քանզի մարմրում եմ անժառանգ ու անսեր,

Քանզի մանկան ճիչով այգդ նորեր պիտի,
Պիտի հարատևեիր նոր երակի ներսում…
Բայց խոսում է գինին ու ճառերն են հոսում…
Մեղա՜, մեղա՜, մեղա՜, Աստծո փոքրիկ հատիկ։

Ականջներս գոցի՛ր, գոցի՛ր սիրտս անսեր,
Խավարեցրու լույսըս՝ քո կամոք չէ եթե,
Որ անժառանգ, սառը՝ հանց երկնաքար մի սև,
Քեզնով չափեմ պիտի Տիեզերք ու Եթեր…

02.03.2009 Երևան