Էկրանին երեկ

Հայտնվեց ծանոթ մի դեմք

Ու խռոված հայտնեց, որ ինքը՝

Որպես նորօրյա Մհեր, մտնում է քարանձավ։

Չդիմացա. թքեցի էկրանին…

Հորս զայրույթը կախվեց աչքերից,

Բայց այդպես էլ բառ չդարձավ։

Զարմիկս, որ «նորօրյա» բառը բաց էր թողել,

Զարմացավ. «Հոպար, ինչի՞ Փոքր Մհերը

Քարանձավից դուրս էր եկե՞լ»։

— Չէ,- ասացի,- բայց նորից է ուզում մտնել…

Հականո՞ւմ ես, ջա՛նս, մերոնցից շատերն

Իրենք իրենց կարգում են Տիգրան Մեծ, Սասնա Դավիթ,

Քարը ճաքի՝ Նժդեհ կամ Անդրանիկ…

Երբ տեսնում են ճար չկա՝ Փոքր Մհեր

(թեև Քաջ Նազարն ավելի կսազեր)…

Ու մեր քաջնազար-մհերները,

Չնայած էպոսի բազմախորհուրդ լինելուն,

Հասկանում են այն միակերպ.

Դուրները գալիս է, որ կարող են

Խռոված հանճար կամ պետական գործիչ խաղալ,

Ու բոլորը, բոլորը շտապում են Ագռավաքար։

Աում են՝ այնտեղ հերթեր են գոյացել,

Քարանձավի պատերին էլ գովազդներ կան.

«Մերն քարանձավն էլ ուրիշ է», և այլն…

Ապագա քարանձավականներն ունեն կուսակցություններ,

Եվ գործում է Քարանձավական Ազգային Ժողով,

Ուր աչալուրջ հետևում են, որ նիստերի ընթացքին

Չմիջամտեն հանապազօրյա սնունդ հայթայթող

Տարբեր բույսեր, կենդանիներ ու կրծողներ։

Նրանց պլանների մեջ մտնում է նաև

Քարանձավից Մհերին վտարելը.

Համ տեղ կազատվի (շատ հսկա է Մհերը),

Համ էլ ազգօգուտ, ռազմԱՎԱՐական ծրագիր է…

Այստեղ միակարծիք են Մհերին վռնդելու հարցում,

Եվ տարակարծիք՝ վտարման միջոցների,

Ու վտարելուց հետո՝ քարանձավի

Տարածքները բաժանելու հարցում…

Քաղաքական պաստառներ էլ կան՝ «Առա՛ջ քարանձավ»,

«Բարեկեցիկ քարանձավականներ՝ բարգավաճ քարանձավ»…

Զարմիկս սկսեց քրքջալ,

Իսկ հորս զայրույթը վերջապես ձայնի կերպ առավ.

— Հերիք է ախմախ բաներ դուրս տաս,

Փոխանակ «Սասնա Ծռերը» կարդաս…

— Պապի,- մեջ ընկավ զարմիկս,- արդեն կարդացել ենք-…

Ապա դարձավ ինձ. «Մհերի հետ

Քուռկիկ Ջալալին էլ է մտել քարանձավ, չէ՞»։

-Հա,- ասացի,- լավ է Պեգասին էլ չեն համոզել,

Թե չէ մերի պես աշխարհի բանն էլ բուրդ կլիներ…

Ախր Քուռկիկը մեր Պեգասն է, որ մեր ոգին,

Մեր ստեղծագործ ուժը պիտի աստղերին հասցներ…

Էստեղ էլի էկրանը միջամտեց.

«…. գրականագետի կարծիքով արդի գրականությունը

Չափից ավելի է միտված սեփական «ես»-ին,

Սեփական պորտն ամեն ինչից վեր դասելուն,

Մանր-մունր կրքերին հագուրդ տալուն,

Սուբլիմատիվ է, գարշահոտ ու գռեհիկ։

Սա արդեն տաբու ջարդելու խնդիր չէ,

Այլ գրական-մշակութային ամենաթողության արդյունք։

Ըստ գրականագետի՝ այս երևույթը պայմանավորված է

Ոչ միայն խորհրդային տարիների

գաղափարագրականության իներցիոն դրսևորումներով,

Այլ գրոտեսկի ու սկանդալի հաշվին՝ էժան համբավ

Ու հեղինակություն ձեռք բերելու ցանկությամբ…»…

— Ըհը՛,- քմծիծաղեցի,- իսկ մեր Քուռկիկը

Փակվել է Ագռավաքարում ու դուրս գալու միտք չունի,

Տնաշենը մենակ խրխնջում ու բնական կարիք է հոգում,

Հետն էլ շաբաթը մի անգամ` ուրբաթ օրերին է ջուրը քաշում…

— Հերիք է ապուշ բաներ դուրս տաս,

Երեխուն էպոսից կվանես, ինչե՞ր ես խոսում։

— Է՛ն, ինչ ունե՛նք, պա՛պ, ճշմարտությունը,

Ու էստեղ երեխան ոչ թե էպոսից է հիասթափվում,

Այլ մեր այսօրվա «Տիգրան-Դավիթ»-քաջնազարներից,

Ու դրանով էպոսը գարշահոտությունից մաքրվում է։

 

Հորս կատաղած հայացքը հուշեց,

Որ անմիջապես չքվել է պետք…

— Ռադըդ քաշի մայլա, հավեսդ չկա՛,

Փի՛-լի՛-սո՛-փա՜…

Գնացի։