Ի ՀԻՇԱՏԱԿ 

Թողնել մեկնաբանություն


(վաղամեռիկ ընկերոջս՝ Վարդան Պարզյանի հիշատակին)

Ու քեզնից հետո քամին լաց եղավ,
Երկինքը թափեց ձյունե արցունքներ,
Արևը փնտրեց քեզ, երբ չգտավ,
Ճառագած լույսը մեկեն դատարկվեց:

Լուսինը երբեք այդքան չէր լացել,
Աստղդ չէր փնտրել քեզ այդքան երկար,
Հողը ինքն իրեն այդքան չէր ատել.
Մեղավոր սրտով քեզ իր գիրկն առավ:

Քեզնից հետո էլ սրճում ենք մեկտեղ,
Ու թվում է, թե տակավին մեզ հետ
Կգաս զրույցի ու կատակելու,
Կգաս ծխահոտ սրճարանը մեր:

Եվ հիմա տխուր հուշերը միայն
Թևածում են լուռ մեր սեղանի շուրջ,
Մեր զրույցի մեջ կարոտ կա ճերմակ,
Նաև վճարված, չխմված մի սուրճ…

(1992 թ. եթե ճիշտ եմ հիշում)

Ռեքվիեմ (Աննա Ախմատովա)

Թողնել մեկնաբանություն


Ձոն

Այս վշտի առջև խոնարհվում են լեռները,

Եվ կանգ է առնում գետը մեծամեծ,

Բայց ամուր են բանտային փականները,

Դրանցից անդին՝ «տաժանախցեր»

Ու մահացու տրտմություն է։

Ոմանց համար թարմ քամին է ոռնում,

Ոմանց համար՝ մայրամուտ է զով.

Չգիտենք, մեզ համար մշտապես նույն՝

Բանալու՝ նյարդ սղոցող ճզզոց

Ու զինվորների ծանր քայլք է։

Արթնանում էինք մինչ արևածագ,

Անցնում քաղաքով ամայցած,

Ուր հանդիպում էին անշունչ դիակներ,

Նևան՝ մգլապատ, ու արևն էր ցածր,

Իսկ հեռվում լողում էր հույսի նավակը։

Դատավճիռ… Արցունքում ես մեկեն,

Բոլորից անջատ ես արդեն… Գիտե՞ս,

Ասես կյանքդ սրտիցդ պոկեն,

Ասես հրում են կոպիտ, որ գետնեն,

Բայց քայլում է… Ճոճվում է… Մենակ է…

Սատանայական այն երկու տարվա

Ըներուհիներս որտե՞ղ են, հարկավ,

Ի՞նչ են տեսնում լուսնի օղակում,

Սիբիրյան բքի մեջ ինչ են գուշակում…

Ես հրաժեշտի վերջին ողջույն եմ նրանց ուղարկում։

Մարտ, 1940